Թեև Սերժ Սարգսյանի հեռացումը վարչապետի պաշտոնից թելադրվեց և պարտադրվեց երկրի ներսից, սակայն իշխանության վերադառնալու իր ճանապարհը մերժված վարչապետը փորձում է սկսել դրսից` ստիպված լինելով ինքնաթիռ նստել, հարյուրավոր կիլոմետրեր թռչել և մասնավորապես Խորվաթիա հասնել: Սերժ Սարգսյանը, որն իր կառավարման տարիներին ներքին լեգիտիմության ահռելի դեֆիցիտ ուներ և այն կոմպենսացնում էր արտաքին լեգիտիմություն ձեռք բերելու դիմաց ՀՀ ինքնիշխանությունը քայլ առ քայլ զիջելով, ակնհայտ է, որ Զագրեբ էր հասել այժմ էլ «դրսի» կողմից որպես լեգիտիմ ընդդիմություն ճանաչվելու նպատակով:
ԵԺԿ համագումարի ընթացքում Ս. Սարգսյանի ելույթը հիշեցրեց հանրահայտ «Դը Վոյս» երաժշտական մրցույթի «կույր լսումների» փուլը, երբ մրցույթի մասնակցի մի քանի րոպեանոց ելույթը պետք է այնքան մաքուր, համոզիչ ու գրավիչ լինի, որ ստիպի իրեն լսող պրոդյուսեր-վոկալիստներին սեղմել կարմիր կոճակն ու դեմքով շրջվել դեպի երգողը` այսպիսով տալով վերջինիս իր թիմ ընդունելու այդքա~ն բաղձալի համաձայնությունը: Սերժ Սարգսյանի ելույթը, սակայն, ոչ միայն աչքի չընկավ կատարման ինքնատիպ մաներայով և արտիստիզմով, այլև լի էր այնպիսի ֆալշ նոտաներով, ինչպիսիք ՀՀ-ում իրականացվող քաղաքական հետապնդումներն են, երկրում սահմանադրականության հիմքերի խարխլումը, ինչպես նաև հեղափոխությունը այն, որ հեղափոխության հարցում իրենք ևս ունեն իրենց մեղքի բաժինը, քանի որ առաջնային և կենսական են համարել անվտանգության ու խաղաղության հարցերը «և այդ պատճառով էլ որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը»: Սերժ Սարգսյանը, քանի որ չի կոնկրետացնում, թե որոնք են ստորադասված հարցերը` միտումնավոր լռելով հատկապես համակարգային կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների մասին, ուզում ենք հիշեցնել կարկառուն ՀՀԿ-ական, նախկին ռեժիմի «արդարադատության հայր» Դավիթ Հարությունյանի խոստովանական ցուցմունքը: Նա հեղափոխությունից օրեր անց միջազգային ԶԼՄ-ների հետ ասուլիսում հայտարարել էր, որ իշխանության գլխավոր սխալը, որն իրենք ընդունում են, դա մեկ քաղաքական ուժի` ՀՀԿ-ի կողմից «իշխանության մենաշնորհումն ու ուժեղացված ընդդիմության դերի թերագնահատումն է» եղել: Այսինքն, սա ոչ այլ ինչ է, քան խոստովանելը, որ հեղափոխությունը տեղի է ունեցել իշխանության ուզուրպացիայի հետևանքով: Այնպես որ, եթե միջազգային «պրոդյուսերներից» որևէ մեկը չշրջվի ու իր գիրկը չկանչի Սերժ Սարգսյանին, ապա պետք չէ զարմանալ` ուզուրպատորների համար դեմոկրատական աշխարհի «ծոցում» պարզապես տեղ չկա:
Սերժ Սարգսյանի ելույթում հնչած միակ ու ամենաբարձր նոտան ԼՂ խնդրի արծարծումն էր և նշելը, որ արցախյան հակամարտության բանակցային փուլն իր մոտ մտահոգություններ է առաջացնում։ Նախկին նախագահը հատուկ շեշտեց իր` Արցախի ինքնապաշտպանության գործընթացին մասնակցած լինելու հանգամանքը և խաղաղության գինն իմանալը, տողատակում ընդգծելով, որ ՀՀ գործող վարչապետը չունի կենսագրական այդպիսի առանձնահատկություն, հետևապես` նվազ պատկերացում ունի խաղաղության գնի մասին: Ցանկացած, անգամ վատ բանակցությունը, ըստ Սերժ Սարգսյանի, գերադասելի է պատերազմից: Նրա այս մտքի հետ չհամաձայնել չենք կարող, սակայն, ինչպես ցույց տվեցին նրա պաշտոնավարման տարիներին տեղի ունեցած բանակցությունները, դրանք թեև ընթացել են ճիշտ իր նկարագրածով` վատ, սակայն նույնիսկ այդ վատ բանակցությունները չապահովագրեցին մեզ պատերազմից, ինչի հետևանքով ունեցանք ցավալի մարդկային և տարածքային կորուստներ:
Պատահական չէ, որ իր ելույթը Սարգսյանը եզրափակեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին հիշատակումով և եվրոպական հանրության հիշողության թարմացմամբ` այդ հարաբերությունների հիմքը դրվել է իր ղեկավարության օրոք` 2017-ին, որից ամիսներ անց ինքը ստիպված եղավ հրաժարական տալ: Սարգսյանն այսպիսով ուզում էր միջազգային հանրության համար բացել իր կյանքում եզակի անկեղծ մտքի փակագծերը: «Ճիշտ է` ասել եմ, որ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», բայց եթե ինձ դուխ տաք, պադերժկա անեք, կարող եմ խոսքերս հետ վերցնել ու ներկայանալ վերաքննության` նոր էջից, մի մատ խորքից գրել-ստորագրել այն, ինչ կթելադրեք, և ինչպես ասվում է հայտնի ֆիլմում` հլը մի բան էլ ավել»: ՀՀ-ում ընթացող զարգացումներն ու միջազգային կառույցների կողմից ՀՀ տարբեր ոլորտների վերաբերյալ գնահատականները, սակայն, հուշում են, որ միջազգային հանրությունն իր թիմ է ընդունել և աշխատում է մեկ այլ «Դու տաղանդ» ես մրցույթի հաղթող Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ: Այդ մրցույթում, նկատենք, «կույր լսումների» փուլ չկա, և մրցույթին մասնակցողի անձը, շարժուձևը ի սկզբանե տեսանելի են ժյուրիի անդամներին ու մեծ ազդեցություն են թողնում հանդիսատեսի վրա:
Հ.Գ. Նշենք, որ ԵԺԿ-ի համագումարից հետո Սերժ Սարգսյանը երիտՀՀԿ-ականներից երկուսի հետ սուրացել է դեպի Գերմանիա և մասնակցել մեկ այլ գործընկեր կուսակցության` Քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարին: Թե այդ միջոցառման ժամանակ ումից ու ինչքան են բողոքել ու բամբասել ՀՀԿ-ականները` ասել չենք կարող, սակայն մի շարք հանդիպումներ են ունեցել ՔԴՄ, ինչպես նաև եվրոպական այլ կուսակցությունների քաղաքական վերնախավի հետ: «ՀՀԿ-ն կարևորում է միջազգային արդյունավետ համագործակցությունը թե համաեվրոպական քաղաքական ընտանիքների և հովանոցային կազմակերպությունների շրջանակներում, թե երկկողմ միջկուսակցական ձևաչափով»,- ասված է ՀՀԿ-ի կայքի տեղեկանքում: Ռելիզ գրողը կարող էր կարճ կապել` «ընտանիք, հովանոց, հաղթելու ենք»:
Հ.Գ. 2. Ի դեպ, դեռ պետք է պարզել` արդյոք Սերժ Սարգսյանը վերադարձել է Եվրոպայից, թե, օգտվելով այն հանգամանքից, որ ինքը «Մարտի 1»-ի գործով առայժմ վկայի կարգավիճակ ունի, մահանա է բռնել ու մեկնել է Կորեա` ցողունային բջիջների փոխպատվաստման հերթական կուրսերին:
Հեղինե Մանուկյան