Հուլիս ամիսը շատ անբարենպաստ էր ռևանշիստների համար: Փշրվեցին երկու ամենակարևոր միֆերը, որոնք երկու տարի խնամքով ոռոգվում էին:
Սկզբում Իլհամ Ալիևը հայտարարեց, որ, ըստ էության, որևէ բանակցություն չկա, և կա ընդամենը դրա իմիտացիա: Այսինքն՝ ջարդուփշուր եղավ ռևանշիստների պնդումը, թե Հայաստանի գործող իշխանությունները բանակցում են ազատագրված տարածքները զիջելու շուրջ:
Իսկ արդեն երեկ փշրվեց մեկ այլ միֆ: Միֆ, թե բանակի բարոյահոգեբանական վիճակը թուլացել է, խնդիրներ կան գեներալիտետի ու միջին սպայական կազմի, վերջինիս ու շարքային զինվորների միջև: Ազատագրված երկու դիրքերը, կորուստների բացակայությունը ցուցադրեցին, որ բանակի բոլոր ստորաբաժանումները գործում են սինխրոն, յուրաքանչյուրը գիտի իր գործը և պատրաստ է կատարել իրենից բարձր գտնվող հրամանատարության հրամանները: Այսինքն՝ կոտրվեց ռևանշիստների ամենամեծ միֆը, թե բանակում ամեն ինչ վատ է, իսկ լավ սնունդը միայն ծխածածկույթ է:
Սա անդառնալի հարվածներ հասցրեց ռևանշիստների դիրքերին: Նրանք հույսեր էին փայփայում, որ ադրբեջանական հարձակման դեպքում հայկական կողմը կորուստներ կունենա, և կորոնավիրուսի սոուսով համեմված՝ դա կներկայացվի որպես իշխանությունների վերջնական ձախողում և հեռացման պահանջի ձևակերպում: Հիմա նրանք շոկի մեջ են, և դրանով են պայմանավորված երեկվա նրանց ագրեսիվ հռետորաբանությունն ու զավեշտալի ակցիաները: Հատկապես ծիծաղելի էին նրանցից մեկի՝ բեռնատարի վրա բարձրանալու և ելույթ ունենալու փորձերը: Ամբողջովին հիշեցնում էր Լենինը՝ զրահապատ գնացքի վրա, պատմական իրադարձության անհաջող ռեմեյքի փորձ:
Բայց պետք է հասկանալ, որ եթե ադրբեջանցիները կորցրել են երկու դիրք, ապա ռևանշիստները կորցրել են երկու կարևորագույն քարոզչական հնարք, որոնց բացակայությունը էլ ավելի է սասանելու նրանց քարոզչական արսենալը:
Նրանք նոր միֆեր ստեղծելու և աճեցնելու ժամանակ այլևս չունեն: Եթե ժամանակ ունենային, ապա անցած երկու օրերին իրենց կներկայացնեին լրիվ ուրիշ լույսի ներքո: Կհայտարարեին, որ անկախ քաղաքական տարաձայնություններից, իրենք պետության կողքին են և պատերազմի ժամանակ դադարեցնում են բոլոր տեսակի պայքարները: Բայց չունեն այդ ժամանակը, քանի որ արդեն աշնանը սկսելու է գործել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը և «կպնելու են» իրենց ամենամեծ սրբությանը՝ все что нажито непосильным трудом:
Այնպես որ՝ առաջիկայում մենք ականատեսն ենք լինելու էլ ավելի կատաղի պայքարի: Առաջիկայում նրանք այլևս խտրականություն չեն դնելու պայքարի միջոցների միջև: Ռուբիկոնը նրանք անցան երեկ, երբ պատերազմի ժամանակ չխորշեցին ևս մեկ ճակատ բացել Խոր-Վիրապում և մեկն էլ՝ ֆեյսբուքում:
Արիս Վաղարշակյան