...

Ռևանշիստները պատրաստվում են վճռական գրոհի

Ռևանշիստները պատրաստվում են վճռական գրոհի

Արդեն կասկած չի հարուցում՝ քաղաքական պայքարը Հայաստանում ամռանը լինելու է թեժ: Եվ կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը որևէ զսպող դերակատարում չեն ունենալու վիճակը մեղմելու առումով: Ըստ ռևանշիստների հաշվարկների՝ առաջիկա ամիսները չափազանց բարենպաստ իրավիճակ են ստեղծում վճռական գրոհը սկսելու համար:

Ռևանշիստները, որ երկու տարի առաջ կոչվում էին իշխանություն, երբեք չեն ունեցել լայն զանգվածների աջակցությունը և հասկանում են, որ դժվար էլ ապագայում ունենան, քանի որ հետագիծը թույլ չի տալիս ունենալ կամ ակնկալել մարդկանց համակրանքը: Եվ ուրեմն ինչն է նրանց թույլ տալիս վճռական գրոհ սկսելու դեպքում հաջողության հասնելու հույս ունենալ:

Ինչպես արդեն բազմիցս նշվել է՝ իշխանությունների և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի դեմ մղվում է հիբրիդային պատերազմ: Գրոհում են հնարավոր բոլոր ուղղություններով՝ ընտրություն չկատարելով մեթոդների միջև: Պայքարը մղվում է այնպիսի ուժգնությամբ և տեղ-տեղ դաժանությամբ, որ կարծես հայտնվել են մինչ այս պահը անհայտ զավթիչներ, որոնք չեն հարգում պատերազմի հայտնի ոչ մի օրենք: Պետք է գիտակցել, որ պայմանական հարձակվողը հաշվի չի առնելու պատերազմ վարելու ոչ մի միջազգային կոնվենցիա, ոչ մի չգրված օրենք և իր նպատակներին հասնելու համար անցնելու է բոլոր բարոյական օրենքների վրայով՝ այդ ընթացքում առանձնապես հաշվի չառնելով Հայաստանի և Արցախի պետական շահերը:

Եվ այսպես, ինչո՞վ են այս օրերին զբաղված ռևանշիստները:

1. Բարձրաստիճան պաշտոնյաներին սադրելով, որպեսզի հասարակությունը հավասարության նշան դնի նախկին և ներկա իշխանությունների միջև: Հայտնի փաստ է, եթե կա վեճ և վիրավորանք, ուրեմն երկու կողմն էլ ունեն որոշակի մեղավորություն: Շատ քչերն են խորամուխ լինելու դետալի մեջ, որպեսզի հասկանան՝ երբ ու ինչպես սկսվեց սադրանքը: Սադրելը ունի նաև մեկ այլ նշանակություն: Վախեցնել իշխանական թիմի շատ ներկայացուցիչների, որ աշխատեն հեռու մնալ այդ ամենից՝ փորձելով իրենց անունները չկապել այդօրինակ սկանդալների հետ: Դա ի վերջո նաև թիմում խնդիրներ կստեղծի: Մի մասը մյուս հատվածին կմեղադրի ամորֆ լինելու մեջ՝ բոլոր հետևանքներով հանդերձ:

2. Տեղեկատվական աննախադեպ գրոհ՝ հիմքում դնելով կոռուպցիայի մեջ լինելու մեղադրանքը: Այլևս երկրորդային է պաշտոնյաներին մեղադրել ինչ-որ ստորակետ սխալ դնելու կամ նմանատիպ այլ մեղքերի մեջ: Այժմ թրենդային է կոռուպցիայի մեջ մեղադրելը: Այս միջոցի համար օգտագործվում է տարատեսակ գործիքակազմ: Մանիպուլյացիա, ինչպես Միքայել Մինասյանը արեց ադամանդների դեպքում, բամբասանք, ինչը տեսնում ենք ծխախոտի թեման Փաշինյանի ընտանիքի հետ կապելու փորձերի դեպքում և նախկինների համակարգում մնալու գործոնը, երբ նրանց միջոցով կարվի ապօրինություն, իսկ քաղաքական պատասխանատվությունը կդրվի գործողների վրա: Հանուն արդարության նշենք, որ վերջին գործիքակազմի պատասխանատվությունը իսկապես գործող իշխանության վրա է, քանզի 2 տարի չի կարողանում պետական համակարգը մաքրել կոռուպցիոներներից:

3. Փողի, շանտաժի և խոստումների միջոցով պառակտել քաղաքական մեծամասնությունը: Այստեղ նույնպես հանուն արդարության պետք է նշել՝ մեղքը կրկին իշխանությանն է: Պետք չէր 88 հոգի տանել խորհրդարան, մարդիկ, որոնց մեծամասնությունը չուներ քաղաքական պայքարի փորձ, անուն և կենսագրություն:
Այս ամենը գագաթնակետին կհասնի այն պահին, երբ ռևանշիստները հասկանան, որ վճռական քայլի, այն է՝ իշխող խմբակցության տրոհման և Փաշինյանին պաշտոնանկ անելու ազդարարման դեպքում հնարավորինս քիչ մարդ դուրս կգա փողոց՝ աջակցելու անձամբ Փաշինյանին:

Մինչ այս պահը չի սկսել գրոհը, քանի որ իրենք էլ են հասկանում՝ Փաշինյանը դեռ վայելում է ժողովրդի մեծամասնության համակրանքը՝ չնայած բազմաթիվ վրիպումներին, սխալներին և բացթողումներին: Նրանց առաջնահերթ խնդիրը այդ վարկանիշը հնարավորինս մաշեցնելն է և ապատիկ տրամադրությունների ստեղծելն է:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2339 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ