...

Ռազմաբազան կրծքով պաշտպանելու կարիք չկա

Ռազմաբազան կրծքով պաշտպանելու կարիք չկա

Երեկվանից շքերթ է, հակահեղափոխական ուժերի հավատարմության շքերթն է առ օտար պետությանը: Թերևս պետք չէ զարմանալ և զայրանալ, քանի որ այդպիսին է բոլոր հակահեղափոխական ուժերի բնությունը, նրանք չեն ունենում աջակցություն երկրի ներսում և ստիպված են լինում այն փնտրել արտասահմաններում: Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունից հետո ռոյալիստները աջակցություն էին փնտրում Անգլիայում, Ռուսաստանում և Ավստրիայում: Ռուսական հեղափոխությունից հետո սպիտակները աջակցություն փնտրեցին Անգլիայում և Ֆրանսիայում:

Իհարկե, այդ ամենը ներկայացվում է իբրև խորը մտահոգություն հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ճակատագրով: Բայց դա անկեղծ մտահոգություն չէ, այլ փորձ անվստահության մթնոլորտ ստեղծել Ռուսաստանի և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունների միջև:

Մի փոքր դետալ, որն ապացուցում է՝ ռևանշիստները անկեղծ չեն իրենց մտահոգություններում: Անցած տարի աշնանը Երևանում կայացավ ԵԱՏՄ լիդերների հանդիպումը: Հաճոյախոսություններում խիստ ժլատ Վլադիմիր Պուտինը երկու անգամ շնորհակալություն հայտնեց Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի արդյունավետ նախագահության և կարևոր ձեռքբերումների համար: Նա հատուկ շեշտեց, որ Հայաստանի ղեկավարությունը շատ մեծ լումա ունի առ այն, որ Իրանի և Սինգապուրի հետ կնքվեցին ազատ առևտրի համաձայնագրեր:

Ռևանշիստները, որոնք մտահոգ են հայ-ռուսական հարաբերություններով, չնկատելու տվեցին այդ հանգամանքը, կարծես այդպիսի բան տեղի չի ունեցել, փոխարենը կենտրոնացան վրացի լրագրողի և միկրոավտոբուսում արված լուսանկարների վրա:

Ներկա փուլում հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում ամենակարևոր առաքելությունը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան գործառույթն է: Մոսկվա ուղակվող զեկույցներում դիվանագետները պետք է հստակ բացատրեն Ռուսաստանի ղեկավարությանը, որ այս պահին հակառուսական տրամադրությունների իրական գեներացնողն այն ուժերն են, որոնք իբր կրծքով պաշտպանում են հայ-ռուսական հարաբերությունները: Պետք է հստակ բացատրեն, որ այդ ուժերն այնքան վարկաբեկված են, որ ում էլ պաշտպանեն, մեխանիկորեն նրանց էլ են դնում հարվածի տակ: Բացատրեն, որ բացի մի քանի մարգինալ գործիչներից, Հայաստանում ոչ-ոք չի պահանջում 102-րդ ռազմաբազայի դուրս բերում: Իսկ սրտաճմլիկ նամակները առ այն, որ կրծքով կպաշտպանենք ռազմաբազան, ընդամենը պարարտ հող է ստեղծում այլ ուժերի կողմից այդ հարցը շահարկելու համար:

Մերժված ուժերի միակ հույսը շահարկելն է հանրության մի հատվածի վախերը և ֆոբիաները: Իշխանությունը պետք է նրանց զրկի նաև այդ ռեսուրսից, առիթ չտա, որ նրանք փորձեն այդ դաշտում վերակենդանանալ:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1518 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ