...

«Ռեսուրսակիրների» աղմուկն այլ նպատակ է հետապնդում

«Ռեսուրսակիրների» աղմուկն այլ նպատակ է հետապնդում

Երեք օր առաջ Ռոբերտ Քոչարյանի երկու աջակիցները գիշերով հետապնդեցին դատավոր Դանիբեկյանին, վերջինիս հանդեպ ցուցաբերեցին ակնհայտ անհարգալից վերաբերմունք և այժմ կալանավորված են: Եվ մինչ հասարակության մեծամասնությունը ողջունում է թավիշից հրաժարումը, ոմանք փորձում են այդ երկու երիտասարդներից ստանալ քաղբանտարկյալներ: Իհարկե, ի սկզբանե դատապարտված են փորձերը խուլիգաններից ստանալ քաղբանտարկյալներ: Անգամ, եթե դրա համար ներդրվեն ոչ միայն Արփինե Հովհաննիսյանի, այլ նաև նախկին ռեժիմի ամբողջ ռեսուրսները, թե երկրի ներսում՝ ենթակա մեդիաների միջոցով, թե երկրից դուրս՝ օգտագործելով որոշ եվրոպացի գործիչների հետ ստվերային հարաբերությունները: Եվ խոչընդոտը ոչ միայն դատարանների հանդեպ անհարգալից վերաբերմունքն է, այլ նաև մեղադրյալներից մեկի մութ անցյալը: Դժվար է թմրանյութերի ապօրինի տեղափոխման մեղադրանքով դատապարտված, այնուհետև պատժի մի մասը կրելուց հետո ազատ արձակված անձից կերտել իրավունքների պաշտպանի կերպար: Եվ դա հասկանում են նաև նախկին ռեժիմի ներկայացուցիչները:

Իրականում այս բազմակոմբինացիոն պրովոկացիայի նպատակն այլ է:

Առաջիկայում պետք է լուծվի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության խնդիրը: ԱԺ-ն հավանություն է տալու նրա պաշտոնանկության վերաբերյալ միջնորդության նախագծին և ուղարկելու է ՍԴ՝ վերջնական որոշում կայացնելու: ՍԴ-ում առնվազն 6 դատավորի դրական քվեարկություն է պետք, որպեսզի Թովմասյանը դառնա գործազուրկ: Այս պահին չկան անհրաժեշտ քանակի ձայներ:

Եվ իքս պահին թերևս անհրաժեշտ լինի հասարակության մոբիլիզացիա, որպեսզի ՍԴ անդամները հասկանան՝ կորպորատիվ շահերի սպասարկումը այլևս անհեռանկար է: Ամենայն հավանականությամբ, ՍԴ-ի քվեարկության օրը հազարավոր հայաստանցիներ կհավաքվեն ՍԴ բակում՝ պահանջելով Թովմասյանի պաշտոնանկությունը: Բացառված չէ, որ այդ հավաքի ժամանակ կոչեր հնչեն նաև ՍԴ առաջին դատավորների հասցեին: Եվ այդ ժամանակ կհայտնվեն «ռեսուրսակիրները» և իշխանությունից կպահանջեն ցուցարարների հանդեպ նույն կոշտ արձագանքն, ինչ եղավ Քոչարյանի աջակիցների հանդեպ:

Իհարկե, իշխանությունը չի կարող նույն կոշտ արձագանքին արժանացնել ցուցարարներին և առիթ կտա թմբկահարելու, որ կիրառվում է սելեկտիվ մոտեցում սեփական և հակառակորդ ուժերի կողմից դատարանների նկատմամբ ճնշումներ բանեցնելու դեպքերում:

Իշխանությունը պետք է կամք դրսևորի և հստակ մեսիջներ հղի: Այն, ինչ կարելի է հասարակության մեծամասնությանը, բխում է նրա հավաքական շահերից, սպասարկում է ռևանշիստական ուժերի վերջնական ջախջախմանը, չի կարելի առանձին մեղադրյալների փոքրաթիվ աջակիցներին: 

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5499 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ