...

Ռետրո. Հաղթանակից դասեր չքաղելն ավելի վտանգավոր է

Ռետրո. Հաղթանակից դասեր չքաղելն ավելի վտանգավոր է

«Եթե մի անգամ հաղթել ես, բայց չես հասկացել, թե ինչպես և ինչի շնորհիվ ես հաղթել, հնարավոր է` հաջորդ անգամ չկարողանաս հաղթել։ Որովհետև սեփական հաղթանակը վերլուծել ու հասկանալ չկարողացողը կարող է նաև հաջորդ անգամ չհաղթել»։ Մեջբերումը «Չորրորդ իշխանություն» թերթի 2016թ. մայիսի հրապարակման սկիզբն ու վերջն է։ Եվ պատմությունը ցույց տվեց, որ ոչ մի թավիշ այդպես էլ Հայաստանում ոչինչ չփոխեց և հենց այդ պատճառով էլ բերեցին 44-օրյա աղետը։

Ասֆալտի գեներալներն ու ֆեյսբուքյան հայրենասերները

Այս օրերին ով չի ալարում` խոսում է սխալներից ու բացթողումներից դասեր քաղելու մասին։ Դա բավականին անշառ թեմա է` սխալներն արդեն տեղի են ունեցել, ու հետին թվով կարելի է ինչքան ասես իմաստուն մտքեր հայտնել։ Իսկ ահա հաջողություններից ու հաղթանակներից դասեր քաղելու մասին որևէ մեկը չի խոսում, մինչդեռ դա նույնպես չափազանց կարևոր է` եթե մի անգամ հաղթել ես, բայց չես հասկացել, թե ինչպես և ինչի շնորհիվ ես հաղթել, հնարավոր է` հաջորդ անգամ չկարողանաս հաղթել։

Տեսեք` այս օրերին տեղից վեր կացողը մտածում-մտածում է, թե ինչպես սոցկայքերում ավելի հայրենասեր երևա, և ավելի խելացի բան չգտնելով` հայտարարում է, թե ապրիլյան պատերազմի հիմնական մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն է, որովհետև 1994-ի մայիսին հենց նա դավաճանաբար հրամայեց կասեցնել հայկական զորքերի առաջխաղացումը, չհրամայեր` մի քանի օրում Թարթառն ու Եվլախն էլ կազատագրեինք։ Ֆեյսբուքյան հայրենասերները` դեռ ոչինչ, բայց ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակիցներից շատերն էլ են նույն բանն ասում։ Ու որևէ մեկը չի առարկում, որ հանկարծ չմտածեն, թե ինքն ուրիշներից պակաս հայրենասեր է։

Խնդիրն, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի անձը չէ, խնդիրը սեփական հաղթանակի մասին խեղաթյուրված պատկերացումներն են։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ հայկական ուժերը Հայաստանի բարձրագույն իշխանություններից թաքուն յոթ շրջան են ազատագրում, բայց հենց որ հրամայում է կանգնել` կանգնում են։ Դե թող գնային ու թաքուն ևս մի յոթ շրջան ազատագրեին։ Թե՞ քսանամյա քարոզչությունը մարդկանց վերջնականապես համոզել է, որ հաղթանակները կենտրոնացված ղեկավարման հետ կապ չունեն, մենք պատերազմում հաղթել ենք միայն այն պատճառով, որ հայ զինվորները քաջ էին, ադրբեջանցիները` վախկոտ։ Զինվորների անձնական որակներն, իհարկե, շատ մեծ նշանակություն ունեն, բայց այդ դեպքում ինչպե՞ս է եղել, որ կորցրել ենք Մարտակերտի շրջանի 90 տոկոսը (խոսքը 1992-ի մասին է)։ Թե՞ ադրբեջանցիները միայն կենտ օրերին էին վախկոտ, զույգ օրերին քաջ էին։ Կամ ենթադրենք` 94-ի մայիսին հրադադարի հրամանը չէր տրվել։ Ասենք` հայկական ուժերն ազատագրել էին նաև Բարդան ու Եվլախը։ Ի՞նչ էր տեղի ունենալու։ Էլի ադրբեջանցիները 20 տարի շարունակ զինվելու էին, ու մի օր լսելու էինք, որ թշնամին աննախադեպ լայնածավալ գրոհ է ձեռնարկել, ասենք, Պարտավի և Եվլականի ուղղությամբ։
Պատերազմներում հաղթելու համար չի կարելի առաջնորդվել «տո լավ, ի՞նչ հրաման, ի՞նչ արտաքին գործոններ, սաղ սուտ ա, ինչքան կարանք` պիտի գրավենք» սկզբունքով։ Պիտի վերցնես այնքան տարածք, որքանն ի վիճակի ես պաշտպանել սեփական ուժերով, և որքանը կհանդուրժի միջազգային հանրությունը` ձեռնպահ մնալով կոշտ միջամտությունից։ Այսինքն` պատերազմը պիտի ունենա հստակ ռազմավարություն, պիտի ուղեկցվի դիվանագիտական ճշգրիտ քայլերով, պիտի ամեն պահի հաշվի առնվեն արտաքին գործոնները և այլն։ Ու այնպես էլ չէ, որ առաջին պատերազմում ամեն ինչ ճիշտ է արվել։ Բայց հենց որ սխալվել ենք` շատ ծանր կորուստներ ենք ունեցել։ Եվ ի վերջո ճիշտ բալանսը գտել ենք` վերցրել ենք այնքան, որ կարողանանք պահել, և այնպես, որ այդ ընթացքում միջազգային հանրությունն Ադրբեջանի՛ն ճանաչի որպես ագրեսոր։

Այս ամենը նաև նրա համար ենք ասում, որ պատերազմի մասին խեղաթյուրված պատկերացումներն այսօր է՛լ են վնասում մեզ։ Տեսեք` այսօր է՛լ են բոլորը նույն բանն ասում. պետք է առաջ գնալ, և վերջ։ Ամեն մեկը դրանով իր բացառիկ հայրենասիրությունն է գովազդում, բայց արդյունքում` հասարակական գիտակցության մեջ արմատավորվում է այն միտքը, որ հայկական բանակը կազմված է հերոս զինվորներից ու դավաճան հրամանատարներից (այնքան վախկոտ են, որ հարձակման հրաման չեն տալիս)։ Լավ, հասկացանք` իշխանությունները լափել են բանակի փողերը, բանակի հաշվին միլիարդատերեր են դարձել ու բանակը թողել պահածոների տուփերի հույսին, բայց դա նշանակում է նաև, որ իրենք ավելի լավ գիտեն, չէ՞, թե առաջնագծում ինչն ինչոց է։ Իրենք են, չէ՞, ձախողել արտաքին քաղաքականությունը, հետևաբար` ավելի լավ գիտեն, թե արտաքին քաղաքական ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ «Բաքուն գրավելը»։ Բա թիկունքում այդպիսի «գերագույն-գլխավոր հրամանատարություն» ունենալով` ո՞նց եք պնդում, որ բանակն անպայման անցնի հակագրոհի ու ևս մի քանի շրջան ազատագրի։

Այ դրա համար ենք ասում` պետք է դասեր քաղել նախորդ հաղթանակից, և ոչ թե դա համարել «դավաճանություն»։ Որովհետև սեփական հաղթանակը վերլուծել ու հասկանալ չկարողացողը կարող է նաև հաջորդ անգամ չհաղթել։

Մարկ Նշանյան 

«Չորրորդ իշխանություն», 7 մայիսի 2016 թ.

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   9210 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ