...

Ռետրո. Ով ինչպես է փոխվել պատերազմից հետո

Ռետրո. Ով ինչպես է փոխվել պատերազմից հետո

Ապրիլյան պատերազմի թեմաներով մեր ռետրո-անդրադարձների շարքում ներկայացնում ենք այս շատ կարևոր հրապարակումը։ Ճիշտ է, հրապարակումը 6-ամյա վաղեմություն ունի, բայց այսօր ևս հարցնենք՝ ի՞նչ փոխվեց ապրիլյան ողբերգությունից հետո նախկին իշխանությունների մոտ և ի՞նչ փոխվեց «քայլողների» իշխանության գալուց հետո։ Պարզապես ապրիլյան ողբերգությունը վերաճեց մեծագույն աղետի։

Բութ և շատակեր

Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում ու Ղարաբաղում շատ բան է փոխվել, ու թվում էր, թե այդ փոփոխությունները պիտի ազդեն նաև ներքաղաքական իրավիճակի վրա։ Իսկ ներքաղաքական իրավիճակը, պարզ ասած, իշխանություններ-ընդդիմություն հարաբերություններն են և քաղաքական ուժերի պայքարը` իշխանական լծակներին տիրանալու համար։ Հիմա փորձենք հասկանալ` շա՞տ բան է փոխվել արդյոք այդ հարցում։

Տասնհինգ տարի շարունակ Հայաստանում իշխանությունների և ընդդիմության միջև շատ լուրջ պայքար էր ընթանում։ Երբեմն «թեժ մարտեր» էին տեղի ունենում (ասենք` 2003-04-ին, 2007-08-ին և այլն), երբեմն հարաբերական անդորր էր լինում, բայց պայքարը միշտ կար։ Ընդդիմության հիմնական փաստարկները գրեթե նույնն էին` իշխանությունները կոռումպացված են, թալանում են երկիրը, կեղծում են ընտրությունները, իսկ փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրում դա անթույլատրելի է և վաղ թե ուշ հանգեցնելու է ծանր հետևանքների։ Իշխանությունների քարոզչության առանցքն էլ մոտավորապես սա էր` իրենք գուցեև ինչ-ինչ թերություններ ունեն, բայց աշխատում են դրանք շտկելու ուղղությամբ, ընտրություններ չեն կեղծում, մեծ հաշվով` ամեն ինչ ճիշտ են անում, հզորացնում են Հայաստանն ու Ղարաբաղը, իսկ ընդդիմությունը կամ դրսի «մութ ուժերի» պատվերն է կատարում, կամ էլ պարզապես ուզում է հասնել իշխանության, որ ի՛նքը թալանի երկիրը (երկու թեզերն էլ քարոզվում էին մեծ ինտենսիվությամբ և ոչ առանց որոշակի հաջողության)։ Եվ ահա տեղի ունեցավ քառօրյա պատերազմը, ու բոլորի համար ակնհայտ դարձավ, որ ընդդիմությունն այնուամենայնիվ ճիշտ էր` չէր կարելի այդպես ղեկավարել փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկիրը, որովհետև դա ուղղակիորեն ազդելու է (ազդում է) Հայաստանի ու Ղարաբաղի պաշտպանունակության վրա։

Եվ ի՞նչ։ Հայաստանում ինչ-որ բա՞ն է փոխվել։ Իշխանություններն ինչ-որ դասե՞ր են քաղել, հասկացե՞լ են, որ իրենք սխալ էին։ Ճիշտ հակառակը` պատերազմի առաջին օրերի շփոթվածությունից հետո Սերժ Սարգսյանը համարյա բաց տեքստով հայտարարեց, որ երկրում ոչինչ չի փոխվել, ամեն ինչ առաջվա պես է, ու ինքը մտադիր չէ փոխել իր «գործունեության» մեթոդները։ Բռունցքը սեղանին խփեց ու պահանջեց, որ խորհրդարանը արժանի հակահարված տա իրեն քննադատողներին, ների իր օլիգարխ հովանավորյալի պարտքերը, հայտարարեց, որ չի պատրաստվում նեղել նաև մյուս օլիգարխներին (որովհետև նրանց մոտ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է), հրահանգեց ավելի ինտենսիվորեն հարկեր հավաքել, կարգադրեց «չորով» անցկացնել ընտրական նոր օրենսգիրքը ու ոչ մի էական զիջման չգնալ և այլն։ Ուղերձները շատ հստակ էին. «շարունակելու եմ կեղծել ընտրությունները և իշխանությունը չեմ հանձնելու», «օլիգարխներին ձեռք չեմ տալու, իսկ հարկային բեռը շարունակելու է ծանրանալ փոքր ու միջին բիզնեսի ուսերին», «ՀՀԿ-ականններին թույլ չեմ տալու, որ ոգևորվեն հայրենասիրական ալիքով և ինքնագլուխ քայլեր անեն, թող գլուխները կախ վեր ընկնեն և ինչ ասում եմ` սուսուփուս անեն»։ Ավելին` իշխանություններն անգամ փորձեցին քարոզչական նպատակներով օգտագործել հազարավոր կամավորների մասնակցությունը քառօրյա պատերազմին։ Իբր` «բա ասում էիք ժողովուրդը ձեզանից այնքան է զզվում, որ պատերազմի դեպքում դիրքեր չի գնա, տեսա՞ք, որ սխալվում էիք» (կարծես թե նրանք գնացել էին պաշտպանելու ոչ թե հայրենիքը, այլ ՀՀԿ կենտրոնական գրասենյակը)։

Մի խոսքով` իշխանությունները չեն փոխվել։ Որովհետև եթե փոխված լինեին, կարևոր չէր լինի` գեներալ Մանվելը գնացե՞լ է առաջին գիծ, թե ոչ, կարևորն այն կլիներ` նրա բիզնեսները սկսե՞լ են հարկեր վճարել, թե՞ իրենց առաջվա պես են պահում։ Իսկ եթե իշխանությունները չեն փոխվել, նշանակում է` չեն փոխվել (կամ չպետք է փոխվեն) նաև ընդդիմության խնդիրները։ Եթե այսօր շատ ավելի ակնհայտ է, թե ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ պատերազմական վիճակում գտնվող երկրի փնթի կառավարումը, նշանակում է` շատ ավելի ակնհայտ պիտի լինի նաև իշխանափոխության անհրաժեշտությունը (հենց նույն այդ պատերազմական վիճակից դուրս գալու համար)։ Եթե ամեն տարի Հայաստանից արտագաղթում է 40 հազար մարդ, նշանակում է` արտագաղթում է առնվազն 5 հազար պոտենցիալ զինվոր, եթե ամեն տարի Հայաստանից դուրս է բերվում մոտ 1,5 միլիարդ դոլար (միջազգային կառույցների տվյալներով), նշանակում է` պաշտպանության բյուջեն ամեն տարի կորցնում է մոտ 150 միլիոն դոլար (կամ` հարյուր հատ ժամանակակից տանկ)։

Այնպես որ` պետության և բանակի կորուստները միայն առաջնագծում չեն արտահայտվում։ Ու քառօրյա պատերազմը սա գիտակցելու լավ հնարավորություն էր։

Մարկ Նշանյան 

«Չորրորդ իշխանություն», 11 մայիսի 2016թ.

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   10154 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ