Ինքը նորից զորահրամանատար է: Ու հիմա Հանրապետության հրապարակում կանգնած, հետևում է զինվորական շքերթին: Ահռելի զենք է հայթայթել և հիմա Հրապարակով անցնելով, դրանք միանգամից Արցախ են տանելու:
Եվ ահա սկսվում է շքերթը: Բարձախոսով հնչում է Սուսաննա Շահինյանի ձայնը. «Հրապարակ են մտնում «Օրբիտեր» մահազդու և հեռակառավարվող անօդաչու սարքերը: Շնորհակալություն հայտնենք մեր սիրելի Ռոբերտ Քոչարյանին, որ այս զինատեսակը ձեռք բերելու համար զոհաբերեց իր «Կոնգրես» հյուրանոցը: Ուռա՜, ընկերներ»:
«Ուռա՜»,- գոչում է Վիկտոր Սողոմոնյանը:
«Այժմ մենք տեսնում ենք «Պանցիր» հակաօդային համալիրները, որոնք այստեղից մեկնում են Արցախ՝ օդային անվտանգությունը ապահովելու: Շնորհակալություն հայտնենք մեր հերոս Ռոբերտ Քոչարյանին, որն այս զինատեսակի համար չխնայեց իր «Նաիրի» բժշկական կենտրոնն ու «Նաիրի Ինշուրանսը»: Ուռա՜»,- ասում է հաղորդավարը:
«Ուռա՜»,- բացականչում է Վիկտոր Սողոմոնյանը:
«Ուշադրություն, իսկ հիմա Հրապարակ է մտնում Տ-90 գերժամանակակից տանկերի դիվիզիոնը: Դրանք բեկում կմտցնեն Արցախյան պատերազմում: Մեր անսահման երախտագիտությունը հայտնենք հայ մեծանուն բարերար Միքայել Մինասյանին, որն իր հյուրանոցներն ու ՀԷԿ-երից երկուսը նվիրաբերեց հայրենիքին և այդ գումարով ձեռք բերեց տանկերը: Ուռա՜»:
«Ձեն չհանես»,- ասում է ինքը Վիկտորին:
«Իսկ հիմա, դե, բռնվեք, թուրք ոսոխներ, երկնքում հայտնվում է հինգերորդ սերնդի Սու-35 կործանիչների խումբը, որը կրակ ու ավեր է տեղալու հակառակորդի գլխին: Հայ ժողովուրդը հուր-հավիտյանս չի մոռանա մեր հրամանատար Ռոբերտ Քոչարյանին, որը «Սիստեմայի» իր փայաբաժինը հատկացրեց բանակին, անվեհեր գեներալներ Հովիկ Աբրահամյանին, Վլադիմիր Գասպարյանին, Կարեն Կարապետյանին, Գագիկ Բեգլարյանին, Երվանդ Զախարյանին, որոնք բաժանվեցին իրենց դղյակներից՝ հանուն վերջնական հաղթանակի: Կեցցե՜ն մեր հերոսները: Կեցցե՜ այն Հայաստանը, որը երեկ պիտի գար, բայց հիմա է գալիս: Փառք ու պատիվ մեր նվիրյալներին»:
Այդ պահին իրեն է մոտենում լույսի մարդը և ասում. «Պրն Քոչարյան, այսօր հոսանքի վճարման վերջին օրն է, եթե չվճարեք, իրիկունը անջատելու ենք»:
Արթնանում է մթության մեջ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 31, 2020