ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտնի հարցազրույցը բավական մեծ աղմուկ բարձրացրեց, և արձագանքներն առ այսօր չեն մարում: Համառոտ հիշեցնենք, որ այդ օրը Ռ. Հայրապետյանի տանը խուզարկություն կատարվեց, նա խոստացավ երեկոյան խոսել, հետո հարցազրույց տվեց, հարցազրույցում ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանի և գործարար Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ աղմկահարույց հայտարարություններ արեց. խոսեց հայկական ֆուտբոլի մշուշոտ ապագայի մասին, եթե Ա. Մելիքբեկյանը ընտրվի ՀՖՖ նախագահ և այլն, ինչ-որ կենցաղային, շատ մանր պատմություններ հիշեցրեց, թե որքան վատն են իր հակառակորդները: Մոտ մի ժամ խոսել է:
Խաչատուր Սուքիասյանի մասով ինչ է ասել, ոնց է ասել, սա՝ առանձին թեմա է: Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ իր բացահայտումներն էլ են առանձին խոսելիք: Չենք անդրադառնում նաև մի շարք արձագանքների, որոնց հեղինակները պատմում են, որ ժամանակին Ռ. Հայրապետյանն իրենց օգնել է. մեկի բուժման ծախսերն է հոգացել, մյուսի՝ կրթության, մյուսին աշխատանքով է ապահովել: Արել է, դա փաստ է, ապրի ինքը, գնահատելի է, մարդիկ հիմա դրա համար իրենց երախտագիտությունն են հայտնում նրան, նորմալ է:
Մենք կանդրադառնանք միայն ֆուտբոլի թեմային: Թե որոնք են Ռուբեն Հայրապետյանի կողմից Արմեն Մելիքբեկյանի վրա «նայեզդի» իրական պատճառները: Նախ, այն մասին, թե ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում: Գիտեք, դեկտեմբերի 23-ին տեղի են ունենալու ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրությունները: Այդ պաշտոնի համար առաջադրվել է երեք թեկնածու. ՀՖՖ ներկայիս փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, Խորեն Հովհաննիսյանը և Թովմաս Գրիգորյանը: Խորեն Հովհաննիսյանին ներկայացնելու կարիք չկա, Արմեն Մելիքբեկյանը երկար տարիներ եղել է մարզական մեկնաբան, լրագրող, Նիկոլ Փաշինյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի, համարվում է ՀՖՖ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդը: Թովմաս Գրիգորյանը 15 տարի է, ինչ ՀՖՖ գործկոմում է, վերջին 6-7 տարին ՀՖՖ ֆինանսական կոմիտեի նախագահն է, հիմնադրել է «Լոռի» ֆուտբոլային ակումբը, համարվում է Ռուբեն Հայրապետյանի մտերիմն ու հավատարիմ աջակիցը:
Երբ այս ամենն իրար կողքի ենք դնում, միանգամից մի հետաքրքիր պատկեր է ստացվում. Ռուբեն Հայրապետյանը պարզապես չի ցանկանում ՀՖՖ-ն ուրիշներին թողնել: Թվում է, թե ինքը վաղուց ֆուտբոլում չէ, ու իր համար պետք է մեկ լինի, թե ով կլինի ՀՖՖ նախագահը, բայց ոչ, ընդհակառակը, շատ ակտիվ է այս հարցում: Ինչո՞ւ:
Հայտնի է, որ Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործ կա, որն այժմ գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի և 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ծանր հետևանք առաջացրած պաշտոնեական անփութության, առանձնապես խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք։
Այսինքն, 16 տարի Ռ. Հայրապետյանը եղել է ՀՖՖ նախագահ: Տասնյակ միլիոնավոր դոլարներ են այդ տարիներին անցել ՀՖՖ-ով: ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ամեն տարի ահռելի գումարներ են հատկացրել ՀՖՖ-ին՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար: Պատկերացնո՞ւմ եք, ինչեր կարող են բացահայտվել, ինչ յուրացումներ և չարաշահումներ:
«Հրազդան» մարզադաշտի տնօրեն, գործարար, նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն արդեն մի դրվագ պատմել է, թե ինչպես է ՈւԵՖԱ-ն մոտ 2 միլիոն դոլար հատկացրել «Հրազդան» մարզադաշտին՝ Հայաստան-Իտալիա խաղին ընդառաջ այն բարեկարգելու, վերանորոգելու համար, բայց այդ գումարը այդպես էլ չի փոխանցվել. այն մնացել է ՀՖՖ-ում ու Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զարգացման հայկական բանկում»: Սրանով առանձին քրեական գործ է հարուցված:
Ռուբեն Հայրապետյանը 1,5 տարի առաջ է հեռացել ՀՖՖ-ից, բայց կարծես թե առանձնապես մտահոգված չի եղել, որ կարող է իր պաշտոնավարման տարիների հետ կապված ստուգումներ կամ բացահայտումներ լինեն: ՀՖՖ նախագահը Արթուր Վանեցյանն էր, որը, ինչպես պարզվեց, ավելի շատ ոչ թե գործ բացահայտող էր, այլ՝ գործ կոծկող, իսկ ՀՖՖ ֆինանսական կոմիտեի նախագահն էլ Ռ. Հայրապետյանի մտերիմն էր՝ Թովմաս Գրիգորյանը: Այսինքն, պրոբլեմ չի եղել:
Բայց հիմա Արթուր Վանեցյանը գնաց, տակը ո՞վ մնաց. Թովմաս Գրիգորյանը, որի ձեռքի տակով են վերջին տարիներին անցել ՀՖՖ-ի ֆինանսական հոսքերը: Ահա թե ինչու է Ռ. Հայրապետյանը նրան մարտի նետել: Դա իր վերջին խաղաքարտն է: Թովմաս Գրիգորյանի թեկնածությունը առաջադրել է ՀՖՖ գործկոմի անդամ Մարինա Թաշճյանը՝ Հենրիխ Մխիթարյանի մայրը: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք. Մարինա Թաշճյանը իր նախաձեռնությամբ հաստատ չէր առաջադրի Թովմաս Գրիգորյանի թեկնածությունը, եթե Ռուբեն Հայրապետյանը իրեն դա չասեր: Գիտենք, որ Ռուբեն Հայրապետյանը Մխիթարյանների ընտանիքի հետ շատ սերտ, բարեկամական հարաբերություններ ունի, Ռուբեն Հայրապետյանը Հենրիխ Մխիթարյանի կարիերայի կայացման գործում մեծ դեր է ունեցել, դա էլ ենք ընդունում ու հասկանում, ու Մարինա Թաշճյանը չէր կարող անտեսել Ռ. Հայրապետյանի... չգիտենք, ոնց դա անվանենք. պատվերը, խնդրանքը, հորդորը: Էականն այն է, որ տվյալ դեպքում Ռ. Հայրապետյանը Հենրիխ Մխիթարյանի մոր գործոնն է օգտագործել ՀՖՖ նախագահի պաշտոնի և ընդհանրապես՝ այդ կառույցում իր ազդեցությունը պահպանելու համար:
Հ.Գ. Եթե ուշադրություն դարձրեցիք, մենք այստեղ ոչ Արմեն Մելիքբեկյանի, ոչ էլ՝ Խորեն Հովհաննիսյանի մասին չենք խոսել: Նրանցից որևէ մեկի «պիառով» չենք զբաղվել: Նրանցից ով էլ ՀՖՖ նախագահ ընտրվի, կասենք՝ շնորհավոր: Պարզապես մենք ցանկանում ենք, որպեսզի հայկական ֆուտբոլը սկսեն ղեկավարել մարդիկ, ովքեր ոլորտը չեն համարում սեփական բոստանը: