Արցախյան պատերազմին զուգահեռ, այս օրերին միջազգային գրեթե բոլոր խոշոր գերտերություններն ու տարածաշրջանային խաղացողները ակտիվ դիվանագիտական և քաղաքական շփումների մեջ են: Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում յուրաքանչյուրն ունենալով իր շահերը, փորձելու է այդ տեսանկունից մոտենալ կոնֆլիկտի հետ կապված զարգացումներին:
Վերջին 24 ժամում այս ուղղությամբ բավական ակտիվացել է Ռուսաստանը: Մի երկիր, որը վճռորոշ դերակատարում է ունեցել 1990-ականների պատերազմից հետո երկարատև զինադադար կնքելու գործում: Զինադադար, որը 22 տարի տևեց՝ մինչև 2016 թվականի ապրիլյան պատերազմը:
Այժմ էլ, ռուսական վերնախավի որոշ քայլեր և հայտարարություններ վկայում են, որ առաջիկայում բացառված չէ Ռուսաստանի ավելի գործուն միջամտությունը պատերազմին կամ դրա դադարեցմանը:
Միայն վերջին ժամերին տեղի են ունեցել հետևյալ իրադարձությունները.
- Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել,
- Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել,
- Ռուսաստանը առաջարկել է ԱԳ նախարարների միջև բանակցություններ կազմակերպել Մոսկվայում,
- Ռուսական մասնավոր զինվորական Վագներ զորախմբի անդամները հայտարարել են, որ մեկնում են Ստեփանակերտ,
- Այսօր Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնել է Բաքու,
- Ռուսաստանի Արտաքին հետախուզական գերատեսչության ղեկավար Նարիշկինը հայտարարել է, որ ահաբեկիչներ են տեղափոխվում դեպի Ադրբեջան։
Բացառված չէ, որ Ռուսաստանը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա՝ կրակը դադարեցնելու ուղղությամբ: Բայց նաև ակնհայտ է դարձել, որ Իլհամ Ալիևը դադարել է լիարժեք տիրապետել իրավիճակին և ռազմական գործողությունների բոլոր լծակները փոխանցվել են Թուրքիային: Թուրքիան մեծ խաղադրույք է կատարել այս պատերազմի վրա և դատելով նրա ղեկավարների ռազմաշունչ հայտարարություններից, առայժմ մտադիր չէ հրաժարվել իր մտադրություններից. շարունակվում են մեծ քանակությամբ զենք-զինամթերք ու վարձկաններ տեղափոխվել Ադրբեջան, այսինքն՝ այս պատերազմում ռեսուրսների ապահովման խնդիրը Թուրքիան է լուծում:
Սա նշանակում է, որ հայկական դիվանագիտական կորպուսի գերխնդիրը պետք է լինի մաքսիմալ ակտիվ գործել ռուսական կողմի հետ և հասնել նրան, երկուստեք շահավետ համաձայնություններ ձեռք բերվեն: Գիտենք, որ հիմա մեր հանրության շրջանում կա որոշակի թերահավատություն Ռուսաստանի հանդեպ, բայց 1990-ականների պատերազմի պատմությունը ցույց է տվել, որ ճիշտ և գրագետ աշխատանքի դեպքում հնարավոր է առավելագույն դիվիդենտներ քաղել Ռուսաստանից, ընդ որում՝ այնպես, որ դրանից նաև ռուսական շահերն այս տարածաշրջանում չթուլանան, այլ ընդհակառակը՝ ամրապնդվեն:
Այնպես որ, այս պատերազմում մեծ անելիք ունեն հայ դիվանագետներն ու Հայաստանի իշխանությունները: