...

Ռուսաստանի քայլերն անդրադառնալու են նաև Հայաստանի վրա

Ռուսաստանի քայլերն անդրադառնալու են նաև Հայաստանի վրա

Շատերն են Հայաստանում հարց տալիս՝ մեր խնդիրները քի՞չ են, ի՞նչ իմաստ ունի այդքան ուշադիր հետևել Բելառուսում ծավալվող իրադարձություններին: Չէ՞ որ այդ երկիրը Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա է գտնվում:

Բայց այդ երկրում ծավալվող գործընթացները չափազանց կարևոր են Հայաստանի համար: Ստեղծվել է իրավիճակ, երբ Ռուսաստանը պետք է լուրջ ընտրություն կատարի իր հետագա քայլերի առումով, որը իր հերթին ազդեցություն է ունենալու այդ երկրի ամբողջ քաղաքականության վրա: Ինչը ենթադրում է, որ այն իր դրոշմը կթողնի նաև Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության վրա:

Ընտրություններից մի քանի ամիս առաջ, Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարությունները սկսեցին խորամանկ մի պարտիա, որը, ըստ իրենց ծրագրի, պետք է Լուկաշենկոյին առանց մեծ ցնցումների վերընտրվելու հնարավորություն տար: Իբր սրվեցին Լուկաշենկոյի ու Պուտինի հարաբերությունները, առաջինը անգամ հարցազրույց տվեց ուկրաինացի հայտնի լրագրող Գորդոնին և բավականին տհաճ խոսքեր շռայլեց Պուտինի հասցեին: Ըստ իրենց ծրագրի՝ դա պետք է կոնսոլիդացներ բելառուսական հասարակությանը, և Լուկաշենկոն հանդես գար իբրև այդ երկրի սուվերենության պաշտպան: Ծրագրի անվտանգության «լրացուցիչ բարձիկներ» պետք է ծառայեր նաև այն հանգամանքը, որ ընդդիմադիր թեկնածուները ընդգծված ռուսամետ էին: Այսինքն՝ ժողովրդին չպետք է ընտրության հնարավորություն թողնվեր:

Բայց տեղի ունեցավ անկանխատեսելին: Ժողովուրդը նախ չընտրեց Լուկաշենկոյին, իսկ այնուհետև առանց լիդերների դուրս եկավ փողոց: Եվ հիմա՝ Տիխանովսկայայի հեռանալուց հետո, վերջին մի քանի օրերի ամենապահանջված կարգախոսն է՝ նոր ընտրություններ: Իսկ այդ ժամանակ, արդեն նոր իրողությունների պայմաններում առավել մեծ հնարավություններ կարող են ստանալ այնպիսի գործիչներ, որոնք վերջին օրերին են իրենց դրսևորել և որոնք Ռուսաստանի հետ ստվերային պայմանավորվածություններ չունեն:

Բելառուսում չկան այն նախադրյալները, որոնք կային Ուկրաինայում, և ուղիղ զորք մտցնելու առումով կան լուրջ խոչընդոտներ: Սակայն Ռուսաստանը և Պուտինը մասնավորապես նաև չեն կարող թույլ տալ, որ Բելառուսը հեռանա Ռուսաստանի ազդեցության ոլորտից: Դա ոչ միայն վնաս կհասցնի Ռուսաստանի ռազմավարական շահերին, այլև ուղիղ հարված կլինի Պուտինի վարկանիշին: Տնտեսական ճգնաժամը, սոցիալ-տնտեսական անխուսափելի դժվարությունները և Խաբարովսկի ազդանշանը հուշում են, որ դա շատ վատ անդրադարձ կարող է ունենալ Ռուսաստանի համար:

Ամեն գնով Լուկաշենկոյին պահպանելու դեպքում Ռուսաստանը ստանալու է 10 միլիոն ժողովուրդ, որը սկսելու է թշնամաբար վերաբերվել միութենական մյուս երկրին: Լուկաշենկոյին հանձնելու դեպքում ոգևորության մեծ իմպուլս են ստանալու Ռուսաստանում առկա բոլոր այն ուժերը, որոնք գտնում են, որ այդ երկրում նույնպես հնարավոր են խորքային փոփոխություններ և Պուտինի հեռացում իշխանությունից:

Եթե Պուտինը որոշի, որ ամեն դեպքում Բելառուսում պետք է գնալ կոշտ լուծումների, դա ինքնին կենթադրի՝ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկրներում նույնպես կաճի ճնշումը տեղի կառավարությունների վրա: Հայաստանն այդ ցուցակում առաջիններից մեկն է:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   886 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ