...

Ռուսաստանը համակրանքներ և հակակրանքներ չունի

Ռուսաստանը համակրանքներ և հակակրանքներ չունի

Բելառուսում ձերբակալված Ռուսաստանի թվով 32 քաղաքացիների պատմությունը շատ ուսանելի է Հայաստանի քաղաքական դաշտի համար: Այն լավագույնս է բացահայտում Ռուսաստանի արտաքին քաղաքական դոկտրինը և Կրեմլի այս կամ այն դեմարշի շարժառիթները:

Հաճախ կարելի է լսել մեկնաբանություններ, թե Փաշինյանի ու Պուտինի հարաբերությունների սառնությունը պայմանավորված է նրանով, որ նրանք նույն խմորից չեն և տարբեր ճանապարհներով են հասել իշխանության: Ի տարբերություն Փաշինյանի՝ Լուկաշենկոն արդեն 20 տարի աշխատում է Պուտինի հետ, նոր մարդ չէ նրա համար և իշխանության էլ չի եկել հեղափոխական ճանապարհով:

Բայց այսօր Ռուսաստանը շահագրգռված է Լուկաշենկոյի փոփոխությամբ, քանզի վերջինս չի ենթարկվում Կրեմլի բոլոր հրահանգներին: Իսկ խոստումը, թե մի օր կդառնանք միասնական պետություն, ավելի շատ նմանվում է սիրեկանի անվերջ խոստմանը, թե սպասի՝ մի օր կամուսնալուծվեմ կնոջիցս և կամուսնանանք: Իհարկե, այդ ընթացքում Լուկաշենկոն ստացել է բոլոր հնարավոր արտոնությունները Ռուսաստանից հումք ձեռք բերելու և առևտուր անելու շուրջ:

Ռուսաստանի ղեկավարությունը ոչ թե ունի անձնական համակրանքներ և հակակրանքներ, այլ ցանկանում է դաշնակից երկրի ղեկին տեսնել մեկին, որը չի քննարկի Մոսկվայից եկող հրահանգները, չի փորձի ամրապնդել Հայաստանի սուվերենությունը և երկիրը ամբողջովին կդնի Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերի սպասարկման զոհասեղանին:

Հայաստանի քաղաքական դաշտում այնպիսի «լիդերների» պակասություն չկա, որոնք հաճույքով կստանձնեն այդ դերակատարումը, միայն թե Մոսկվայի ընտրությունը կանգ առնի իրենց թեկնածության վրա:

Այստեղ շատ կարևոր է իշխանության քաղաքականությունը: Չպետք է որևէ սխալ թույլ տալ, որը կստիպի Մոսկվային այդ ուղղությամբ վճռական քայլերի գնալ:

Իշխանությունը պետք է համապատասխան բառեր գտնի և իր ռուս գործընկերներին հանրամատչելի բացատրի՝ Ռուսաստանի կողմից քոչարյանակերպ անձանց վրա խաղադրույք կատարելը մի քանի տասնամյակով Հայաստանում նախադեպը չունեցող հակառուսական կրքեր կբորբոքի: Հատկապես երիտասարդ սերունդը չի ների Ռուսաստանին Հայաստանի գլխին այդպիսի փորձանք բերելու համար: Ռազմավարական առումով Ռուսաստանին ավելի ձեռնտու կլինի մի փոքր ինքնուրույն, ուժեղ բանակով Հայաստանը, քան որևէ վասալին գահ նվիրելը, որը, այնուամենայնիվ, չի կարողանալու երկար պահել գահը:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1046 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ