...

Սադրանքը ունի հստակ նպատակ

Սադրանքը ունի հստակ նպատակ

Արդեն 20 տարի է, ինչ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հասկացել են մի պարզ ճշմարտություն, որը սակայն, ցավոք, չեն կարողանում ըմբռնել շատ հայաստանցիներ: Այդ երկուսը հասկացել են, որ իրենց վարկանիշը հնարավոր չէ բարձրացնել, բայց կարելի է մնացածինը իջեցնել: Եվ արդեն տասնյակ տարիներ նրանք միայն դրանով են զբաղված:

Հարյուրի հասնող մեդիաները, տասնյակ կուսակցությունները և քաղաքագետները, սոցիալական ցանցերի իրենց   հաստիքային աշխատողները, հիմա նաև մի շարք նորաթուխ իրավապաշտպաններ, նպատակ չունեն բարձրացնելու Քոչարյանի և Սարգսյանի վարկը կամ պաշտպանելու նրանց: Իսկ եթե երբեմն այդ ուղղությամբ   գործ է արվում, դա նրանց հիմնական առաքելությունը չէ: Այդ ամբողջ «աշխատակազմի» նպատակը վերոհիշյալ   երկուսի հետ արժեհամակարգային և գաղափարական հակասություններ ունեցողներին իջեցնել շատ ցածր մակարդակի, վիրավորանքների, զրպարտությունների և ֆիզիկական ուժի գործածման հարթություններ, որտեղ   Քոչարյանը և Սարգսյանը անմրցելի են և կարող են ցանկացածին պարտության մատնել:

Մեկ ու կես տարի է, ինչ նույն ուժերը փորձում են սադրանքներ կազմակերպել Երևանի ավագանիում: Փորձում են   սադրել և հունից հանել Հայկ Մարությանին: Բայց քաղաքապետը իրեն բնորոշ հումորով շրջանցում է Լուսավոր Հայաստանի դուստր ձեռնարկություն հանդիսացող Լույս խմբակցության լարած թակարդները:  

Եվ քանի որ նախկին թիվ մեկ փեսայի լայվերը բացի խղճահարությունից ու հեգնանքից ուրիշ արձագանք   չառաջացրին, վերոհիշյալ աշխատակազմի ստորաբաժանում հանդիսացող խորհրդարանական խմբակցությունը   կազմակերպեց սադրանք ԱԺ-ում: Նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքում ձևավորված խորհրդարանը իր որակական հատկանիշներով ոչնչով չի տարբերվում Քոչարյանի և Սարգսյանի ձևավորած խորհրդարաններից: Խորհրդարաններ, որ ձևավորվում էին ընտրակեղծարարության, թվանկարչության և կաշառքների հաշվին:

Նպատակը մեկն է՝ հանրության մոտ ստեղծել կարծիք, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, անգամ թիմում չունի բացարձակ հեղինակություն, ուստի կառավարման ղեկը գտնվում է մեկի մոտ, որը խճճվել է և ունակ չէ կարգուկանոն հաստատելու:

Առաջիկայում սադրանքներն էլ ավելի հաճախակի և մասշտաբային են դառնալու: Նրանք հասկանում են, որ որևէ   կերպ հնարավոր չէ բարձրացնել Քոչարյանի և Սարգսյանի վարկանիշները, ուրեմն պետք է իջեցնել Փաշինյանի   վարկանիշը, որպեսզի հաջորդիվ հնարավոր լինի իրագործել երկրորդ հատվածը: Իսկ երկրորդ հատվածը   աշխարհում բազմիցս իրագործված ուժեղ ձեռքի հասարակական կարոտախտի գեներացումն է:

Եվ անպայման չէ, որ այդ ուժեղ ձեռքը լինի արդեն մեկ անգամ մերժված որևիցե մեկի ձեռքը: Դրա համար կան խնամքով ստեղծված ուրիշ մարիոնետներ: Դիցուք՝ օրերս «Հայրենիք» անունով ստեղծված հայտնի միավորումը և հատկապես նրա շեֆը:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1184 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ