Երեկ կառավարությունն իրականացրեց հերթական սոցիալական ծրագիրը: Այսպիսով կփոխատուցվի նաև 10001 դրամից մինչև 25000 դրամ հոսանք սպառած բաժանորդների կուտակած պարտքի 30 տոկոսը և նույն ամսվա 30001 դրամից մինչև 40000 դրամ գազ սպառած բաժանորդների պարտքի նույնպես 30 տոկոսը:
Անշուշտ ողջունելի նախաձեռնություն, բայց խիստ վիճարկելի, թե սրանով փակվեց կոմունալների ճգնաժամի էջը: Այս կերպ դժվար փակվի կոմունալների ճգնաժամը, ասենք, այնպիսի ընտանիքների համար, որոնց փետրվար ամսվա կոմունալներն իրար հետ կազմել են 58000 դրամ (40000 դրամ գազ, 15000 դրամ հոսանք, 3000 դրամ ջուր): Սրանից պետությունը փակելու է 19000 դրամը և օդում կախված է մնալու 39000 դրամը: Իսկ այսպիսի ընտանիքներ շատ կան: Օրինակ՝ 4 հոգանոց ընտանիքի անդամներից մեկը մինչև արտակարգ դրությունը ստացել է 300000 դրամ աշխատավարձ և փետրվար ամսին իրեն թույլ է տվել տաքացնել բնակարանը, որպեսզի ընտանիքի անդամները չսառչեն: Պետությունը նրան տալիս է 68000 դրամ՝ որպես աշխատավարձի փոխհատուցում և 19000 դրամ՝ որպես կոմունալների փոխհատուցում: Արդյունքում քաղաքացին ոչ այն է հաց գնի, ոչ այն է կոմունալների մնացած պարտքը վճարի:
Բայց կառավարության և վարչապետի՝ կոմունալների ճգնաժամը հաղթահարելու խիստ վիճարկելի հայտարարությունը չի գրավել մեր ուշադրությունը: Կոմունալների մի մասի սուբսիդավորման որոշումի հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը երեք անգամ մտավ ուղիղ եթեր՝ տարբեր խորհուրդներ տալու, թե ինչպես ծախսեն այդ փողը:
Նա մի պահ սկսեց հիշեցնել «Տժվժիկ» հանճարեղ ֆիլմի գլխավոր հերոս Նիկողոս աղային, միայն թե կովի լյարդի փոխարեն երեսով տալու առարկան կոմունալներն էին: Մեկ հայտարարեց, թե ով դրա կարիքը չունի՝ թող փոխանցի կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին: Հետո փոշմանեց. նայեք, տեսեք՝ հարևանններից ով է կարիքի մեջ, նրա կոմունալները վճարեք: Իսկ երրորդ անգամ, թե փակելուց առաջ մեզ տեղեկացրեք՝ տեսնենք կարիքավո՞ր են, թե՞ ոչ: Եվ ամեն անգամ շեշտում էր, որ սուբսիդավորումից օգտվել են նաև ոչ այնքան կարիքավորները:
Այն, որ այդ միջոցառումից օգտվեցին նաև նրանք, ովքեր դրա կարիքը չունեին՝ աներկբա է: Բայց վարչապետը որպես օրինակ բերում է Դիլիջանում ևս մեկ տուն ունեցողներին: Կարծես ժառանգություն ստացածը կամ 10 տարի առաջ Դիլիջանում տուն գնածը այսօր անպայման հարուստ է և պետության աջակցության կարիքը չունի:
Կարելի էր ավելի լավ օրինակ բերել: Դիցուք սեփական նախարարներին ու պատգամավորներին: Նշել, որ նրանք, չնայած ճգնաժամին, միշտ ստացել են իրենց ամբողջական աշխատավարձը, բայց այսօր պետությունը նաև նրանց համար է վճարում:
Եվ վերջում մի խորհուրդ էլ մենք տանք Փաշինյանին: Այսօր առավոտյան աշխատանքի գնալիս թող հարևան Արարատ Միրզոյանից հետաքրքրվի՝ վճարե՞լ է կոմունալ վարձերը, թե՞ ոչ: Հնարավոր է՝ չի վճարել, քանի որ հեռուսատացույցի ապառիկ ունի: Եվ ուրեմն, Փաշինյանը, հետևելով սեփական կոչին, վճարի Միրզոյանի կոմունալները:
Արիս Վաղարշակյան