Ինքը Երևանում ավարտել է իր հանդիպումներն ու բանակցությունները, բայց չի կարողանում օդանավակայան գնալ: Մի խումբ քոչարյանականներ աղաղակներով կախվել են իր կոստյումից, անդրավարտիքից ու չեն թողնում, որ հեռանա:
«Չեք պատկերացնում՝ ստեղ ինչ ա կատարվում: Մամուլի կյանքը ուտում են, խոսքի ազատությունը վերացրել են»,- լացակումած ասում է Հարություն Հարությունյանը: «Պետության բոլոր փողերը ծախսում են ֆեյքերի վրա, առավոտից իրիկուն մեզ քրֆում են, մենք անպաշտպան ենք մնացել»,- քյանքուլը պոկոտելով ճվճվում է Մենուա Հարությունյանը:
«Իսկ գիտե՞ք, պարոն Լավրով, էդ Նիկոլը ուզում ա Ղարաբաղը ծախի, ու ՆԱՏՕ-ի զորքերը բերի լցնի ստեղ, որ հետո հարվածի Ռուսաստանին: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլը հակառուսական պրոեկտ է»,- ականջին թաքուն շշնջում է Դավիթ Շահնազարյանը:
«Միայն վերջին չորս ամսում Հայաստան է ներմուծվել յոթ հազար ամերիկյան շպիոն, որոնք խարխլում են մեր հիմքերը: Էս ի՜նչ զուլում է»,- ձեռքը ծնկներին է տալիս Գառնիկ Իսագուլյանը:
«Չէ, բայց մի հատ խորացեք էլի, ո՞նց կարա սեռափոխված անձը երեխա որդեգրի»,- ինչ-որ տեղից լսվում է Գևորգ Պետրոսյանի բղավոցը:
«Դաժե 37 թվին սենց բաներ չեն եղել: Էլ չեմ խոսում 96 թվի մասին»,- գլուխը տմբտմբացնելով վրա է բերում Վազգեն Մանուկյանը ու ձեն տալիս Հրայր Թովմասյանին. «Արի Հրայր, մի հատ դեմքդ ցույց տու, թող տենա, ինչ են արել քո հետ»: «Բա, էն Վահե Գրրիգորյանն է դատավորի մուրճով հարվածել երեսիս»,- հոնգուր-հոնգուր լաց է լինում ՍԴ նախագահը:
Ինքը բարկացած թափ է տալիս, կոստյումը ճղելով մի կերպ ազատվում է սրանց աքցաններից, արագ-արագ քայլելով փորձում է հեռանալ, բայց դեմը կտրում է Լևոն Քոչարյանն ու խղճահարույց տեսքով մի նամակ պարզում. «Գաղութից է գրել»:
Ստիպված բացում է նամակը, գրված է. «Նամակ ռուսաց թագավորին: Զեկուցում եմ. Հայաստանի լրատվական դաշտն այսօր գրավել են ամբողջ 3 լրատվամիջոց, իսկ 94 ռուսամետ լրատվամիջոցները հազիվ գոյատևում են: Սորոսի գրասենյակը վերջին ամսում 87 հազ. դոլար է տվել սորոսականներին, իսկ մենք մեր մեդիաներին՝ ընդամենը 12 մլն դոլար: Եթե Ադրբեջանը հարձակվի...»:
Ինքը չի կարողանում շարունակել կարդալ, քանի որ մի խումբ երիտասարդների երթը քշելով իրեն տանում է: «Մենք արիացի ենք, մենք թույլ չենք տա, որ Կանադայում հարկերը ավելացնեն: Մեկ ազգ, մեկ Ռուսաստան: Արայիկ Հարությունյանները պետք է հրաժարական տան»:
Տեսնում է, որ օդանավակայան հասնելու ոչ մի հնար չկա, վարորդին ձեն է տալիս. «Քշի Թուրքիա»:
Արթնանում է ինքնաթիռում: