...

Սերժ Սարգսյանի ելույթը ավելի է խորացնում կասկածները

Սերժ Սարգսյանի ելույթը ավելի է խորացնում կասկածները

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին, որը նախաձեռնել էր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը՝ Մեդվեդևի գլխավորությամբ։ Ընդհանուր առմամբ ելույթում տեղ գտած թեզերին դժվար է առարկել, բայց մյուս կողմից էլ այն որոշակի հարցադրումներ է առաջացնում։ Սկսենք սկզբից։ 

Նախ արձանագրեք, որ Սերժ Սարգսյանն ըստ էության առաջին անգամ արտաքին, մասնավորապես ռուսական քաղաքական լսարանի ֆորմատում հրապարակային խոսում է ինչ-որ ուժերի մասին, որոնք էլ իշխանության են բերել Փաշինյանին։ Օրինակ, խոսելով 44-օրյա պատերազմի մասին, Սարգսյանը նշում է․ «Օգտվելով Հայաստանում գործող թուլակամ և պոպուլիստ իշխանության վարքագծից, ինչպես նաև շահագրգիռ արտաքին ուժերի թողտվությունից, որոնք երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով, Ադրբեջանն այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ահաբեկում սահմանամերձ բնակավայրերի խաղաղ քաղաքացիներին, սադրում ռազմական բախումներ և շարունակում գերեվարել նոր զինվորների»։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ներքին լսարանի համար արդեն ակնարկել էր «արտաքին ուժերի» մասին։ Առաջին անգամ ՀՀԿ նախագահն այդ մասին հրապարակային խոսել էր դեռևս 2021թ․ ապրիլի 30-ին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում։ Նա մասնավորապես պատմել էր, որ երբ ինքը 2018 թվականի ապրիլի 17-ին ընտրվեց վարչապետ, շնորհավորանքներ ստացավ ոչ միայն Ռուսաստանից և ԵԱՏՄ երկրներից, այլև Եվրամիությունից և այլ երկրներից, սակայն վերջինների դեպքում դրանք «մի տեսակ զգուշավոր էին»։ «Նաև խնդիրներ տեսանք՝ կապված իրենց կողմից ուղղորդվող ուժերի վարքագծում»,- ասել էր Սերժ Սարգսյանը՝ չբացառելով, որ ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի «կամավոր որոշումը» «որոշակի նստվածք» էր թողել արևմտյան որոշ շրջանակներում։ Այնուհետև վերջինս եզրակացրել էր․ «Ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, ուժերին։ Այդպիսի ուժեր բոլոր տեղերում կային՝ և՛ Արևմուտքում, և՛ Հյուսիսում»։ 

Հիմա հարցադրումները։ Ժամանակը չէ՞ արդյոք, որ Սարգսյանը շատ ավելի հասցեական դարձնի իր խոսքը։ Նա հիմա պաշտոն չունի, և նրա հայտարարությունները չեն կարող միջազգային սկանդալի առիթ դառնալ, փոխարենը դրանք ահագին լույս կսփռեն մի շարք ինչուների վրա։ Վերջապես կարո՞ղ է Սարգսյանը հերքել կամ մանրամասնել այն խոսակցությունը, որի համաձայն՝ ռադիոտան շենքը գրավելու, ինչպես նաև դրան նախորդած օրերին նա հրահանգել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին որևէ կերպ չնեղացնել Նիկոլ Փաշինյանին։ Ո՞ր ուժերի մոտ վատամարդ չդառնալու համար է Սարգսյանը գնացել այդ քայլին։ Տեխնոլոգիաների մասին անընդհատ ակնարկող ՀՀԿ առաջնորդը, որի ձեռքում են կենտրոնացած եղել երկրի ողջ ուժային կառույցները, մեդիան, քաղտեխնոլոգները հարակից ատրիբուտներով, ո՞ւմ հրահանգով են անգործունակ ճանաչվել այդ օրերին։ Ի վերջո՝ ո՞րն է եղել այն վերջին «զանգը», որտեղ Սարգսյանը ձեռքերը վեր բարձրացրած հանձնվել է։ Սերժ Սարգսյանը պարտավոր է պարզաբանել այս ամենը, հանգամանալից ու անկեղծ։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3404 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ