Այո, քաղաքականությունը կոմպրոմիսների համակցություն է: Բայց դրանց արդյունավետությունը պետք է գնահատել՝ հաշվի առնելով, թե ում հետ ես եկել կոմպրոմիսի, ինչ մեկնարկային դիրքեր ունեիր և ինչ ես զիջել ու դրա արդյունքում ինչ ստացել:
Ասում ես՝ հեղափոխություն ես արել, այսինքն՝ մերժել ես նախկին համակարգը, նրան ենթարկել կապիտուլյացիայի: Սահմանադրական դատարանի մեկ տարուց ավել տևած էպոպեան բացարձակ չի խոսում հնի կապիտուլյացիայի մասին: Ավելի շուտ տպավորություն է, որ ընտրությունների արդյունքում գրեթե հավասար ձայներ եք ստացել և հիմա ստիպված եք պայմանավորվել, կոալիցիաներ կազմել:
Արժե՞ր հեղափոխություն անել և Հրայր Թովմասյանին փոխարինել Երվանդ Խունդկարյանով: Եթե մի 3000 մարդ դուրս գար փողոց և Սերժ Սարգսյանից պահանջեր Թովմասյանին փոխարինել Խունդկարյանով, նա մեծ հաճույքով կընդառաջեր ժողովրդի պահանջին: Իհարկե, մի փոքր զարմանալով, թե իր համար ինչ տարբերություն Թովմասյանի և Խունդկարյանի միջև: Ի վերջո, Խունդկարյանի ծառայությունները հաստատ պակաս ծանրակշիռ չեն:
Այնքան հետաձգեցին ՍԴ ճգնաժամի լուծումը, այնքան անհեթեթ օրենսդրական փաթեթներ մշակեցին, որ վերջում, ստիպված նման լուծումի եկան: Կորցրեցին թանկարժեք ժամանակը, թողեցին, որ բաստիոն կառուցվի և հետո միայն երկչոտ քայլեր կատարեցին այն գրավելու ուղղությամբ:
Հրայր Թովմասյանը և կոմպանիան պետք է տուն գնային լուծարված խորհրդարանի հետ և ոչ թե այսօր դատողություններ անեին սահմանադրական իրավունքի և արդարադատության մասին:
Ի՞նչ ես ստացել Խունդկարյանի հետ կոմպրոմիսի արդյունքում: Վարկաբեկված մեկին, որը խոստացել է անել նույնը, ինչ արել է նախկինում: Վանեցյանի դեպքից հետո ընդհանրապես չպետք է հավատայիր նախկինների խոստմանը, թե նույնությամբ կծառայեն: Ի՞նչ ես կորցրել Խունդկարյանի հետ կոմպրոմիսի արդյունքում: Հասարակության մի ստվար զանգվածի աջակցությունը, ում համար հեղափոխությունը շարունակում էր դեռ մնալ արժեք:
Հաշվի առնելով առաջիկա վտանգավոր զարգացումները՝ ում աջակցությունն է ավելի կարևոր, դժվար չէ կռահել: Այնպես որ՝ սա կոմպրոմիս չէ, այլ գործարք, որի գցվելու հավանականությունը չափազանց մեծ է:
Արիս Վաղարշակյան