Իշխանությունը և հասարակությունը մշտապես բողոքում են, որ ընդդիմությունը առաջ է քաշում օրակարգեր, որոնք արհեստական են և առնչություն չունեն Հայաստանի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների հետ: Դրանց շարքին են դասվում Ստամբուլյան կոնվենցիան, ԼԳՏԲ համայնքին վերաբերող բարձրաձայնումները և Սորոսը: Ընդդիմության դեպքում դա հասկանալի և ընկալելի գործընթաց է: Բազում հանցագործությունների տակ կռացած, դատավճիռների սպասող ընդդիմությունը չունի այլ ելք, քան մտացածին օրակարգերով իրենից ուշադրության շեղումը:
Բայց սույն արատից զերծ չէ նաև իշխանությունը: Ինքնահոսի և մոռացության մատնելով կարևոր քաղաքական և իրավական օրակարգերը, որոնք անշրջելի կդարձնեին Հայաստանի ժողովրդավարացումը՝ նրանք զբաղված են երկրորդական և երրորդական նշանակության նախաձեռնությունների առաջքաշմամբ և դրանց օրենսդրական փաթեթավորում տալու գործով: Դրանք այնպիսի նախաձեռնություններ են, որ կարող են վնասել հասարակական համերաշխությանը, որից անպայման կօգտվեն ռևանշի ուժերը: Բացի դրանից, այդ «մտահղացումները» ուղղորդվում են հեղինակների այնպիսի բացատրություններով և բառամթերքով, որ տարակուսանք են առաջացնում անգամ իշխանության մոլի կողմնակիցների մոտ: Այդպիսի օրենսդրական նախաձեռնությունների շարքին կարելի է դասել «Բանակից 10 միլիոն դրամով ազատվելու», «Ծխելու մասին» և «Առողջապահության 6 տոկոսանոց հարկի մասին» կառավարության և խորհրդարանական մեծամասնության ամեն գնով առաջ բրդվող օրինագծերը:
Երեկ էլ պարզվեց՝ խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է, որ ծխողները դառնան վտարանդի, քանի որ Հոլիվուդում դրական հերոսները այլևս չեն ծխում:
Քանի որ իշխանությունը ցանկություն չունի կանգ առնելու և առաջ բերելու իրապես կարևոր օրենսդրական փոփոխությունները, մենք էլ մեր հերթին մի քանի առաջարկ անենք, որոնք լրիվ համահունչ են իշխանական պատգամավորների երևակայությանը: Հորդորում ենք օգտվել դրանցից, առանց պահպանելու հեղինակային իրավունքը: Եվ այսպես:
1. Բոլոր խմողները պետք է մեկուսացվեն հասարակությունից: Նրանք պետք է ապրեն հեռավոր գյուղերում և զգան հասարակության արգահատանքը: Սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքը պետք է բռնագանձվի հօգուտ պետության կարիքների:
2. Բոլոր խաղամոլները պետք է ենթարկվեն հասարակության դատափետմանը: Նրանց աշխատավարձից պահումները պետք է կազմեն 110 տոկոս: Թաթիկների կոտրման առաջին պիլոտային ծրագիրը պետք է կիրառվի հենց նրանց նկատմամբ:
3. Բոլոր հայհոյողները պետք է կատարեն հասարակական աշխատանքներ, կրկնակի բռնվելու դեպքում կարելի է նրանց ուղարկել աշխատելու մետաղական հանքերում:
4. Բոլոր թերակշռողները պետք է զրկվեն ուտելու իրավունքից: Պատիժը պետք սահմանվի ըստ թերակշռման արդյունքի և սահմանի մեկից մինչև տասը օր սնունդից օգտվելու արգելք:
5. Բոլոր ՀԴՄ չխփողների նկարները պետք է փակցվեն տեսանելի վայրերում: Նրանց պետք է զրկել ընտրելու և ընտրվելու իրավունքից:
Հենց այս մտահղացումները ստանան օրենսդրական տեսք, կառաջարկենք նորերը:
Արիս Վաղարշակյան