Երկու օր առաջ հերթական մահը գրանցվեց բանակում: Հարազատները չցանկացան հաշտվել պաշտոնական վարկածի հետ և փորձեցին զինվորի դին տեղափոխել Երևան: Իշխանությունը, տեսնելով զինվորի հարազատների վճռականությունը, շատ արագ փոխեց ինքնասպանության նախնական վարկածը: Հաղորդագրություն տարածվեց, որ դեպքի առթիվ կան ձերբակալվածներ և նրանցից մեկը ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) որդին է: Միայն դրանից հետո հարազատները համաձայնեցին վերադառանալ Արմավիր և հողին հանձնել զինվորի դին:
Մեծ հավանականությամբ հերթական անգամ ունենք քրեական բարքերի արդյունքում զինվորին ինքնասպանության հասցնելու իրողություն: Եվ ժամանակն է, որ այդ բարքերը կրող զինվորների հետ մեկտեղ պատասխանատվության կանչվեն նաև սպաներ, որոնք կամ աչքաթող են արել կամ էլ խրախուսել են այդ բարքերի բարգավաճումը իրենց զորամասերում:
Շատ հաճախ կարելի է լսել, որ բանակը չէ միայն մեղավոր և շատ դժվար է ընտանիքներում ու դպրոցներում վատ դաստիարակություն ստացածներից միանգամից կերտել օրինապահ զինվորների: Ասվածի մեջ, իհարկե, կա ճշմարտություն: Բայց բանակը նույնպես չպետք է իր վրայից հանի պատասխանատվությունը և փորձի սպայական կազմի միջից նույնպես արմատախիլ անել քրեական ենթամշակույթը:
18 տարեկան երիտասարդը բանակ զորակոչվելու փոխարեն ընտրում է սպայի կարիերան և պետք է 5 տարի ուսանի զինվորական համալսարանում: Եվ բացի ռազմական գիտելիքներից պետք է ստանա նաև այնպիսի հմտություններ, որոնք նրան թույլ կտան լինել դրական իմաստով հեղինակություն գրեթե իր հասակակիցների շրջանում: Մինչդեռ դրա փոխարեն զինվորական ակադեմիայում ունենք գրեթե նույն բարքերը, ինչ շարքային զորամասում: Ապացույցը՝ բազում քրեական պատմությունները այդ համալսարանից:
Բանակում կարգուկանոն հաստատելը առաջնահերթ պետք է սկսվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայից: Հեղափոխությունից հետո հույս կար, որ հենց այդ ուղղությամբ կշարժվեն իշխանությունները: Մինչդեռ, բոլորի համար անակնկալ ռազմական ակադեմիայի պետ նշանակվեց Խաչատուր Խաչատրյանը: Մեկը, որը լայն հասարակությանը հայտնի դարձավ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երբ Նորքի 6-րդ զանգվածում «տասովչիկություն» էր անում հանրապետական կուսակցության թեկնածուի համար:
Ինչպես տասովչիկ դպրոցի տնօրենը, այնպես էլ տասովչիկ ակադեմիայի պետը չեն կարող դաստիարակել օրինապահ և քրեական բարքերից հեռու զինվորի: Երկրի և բանակի ղեկավարությունը պետք է վերանայեն այդ ուսումնական հաստատության նկատմամբ իրենց կադրային քաղաքականությունը:
Արիս Վաղարշակյան