...

Սոցիալական վիճակը չի խնայել ավելի հզոր գործիչների

Սոցիալական վիճակը չի խնայել ավելի հզոր գործիչների

Նիկոլ Փաշինյանն ունի խորը համոզմունք, շատ խորը համոզմունք: Իսկ համոզմունքն այն է, որ ինքը, հայոց նորագույն պատմության մեջ փայլուն էջ գրելով, մեկընդմիշտ ապահովագրել է իրեն: Եթե ոչ հավերժ և ոչ բոլորից, ապա հաստատ մի քանի տարի և հաստատապես ժողովուրդը միշտ կպաշտպանի նրա իշխանությունը նախկինների ոտնձգություններից:

Եվ մեծ հաշվով, վերջին երկու տարիներին Հայաստանում իրադարձությունները հենց այդ տրամաբանությամբ էլ զարգանում են: Իհարկե, Փաշինյանը հասկանում է, որ ռևանշի դեպքում, ինչպես իրենք են խոստանում՝ մեր ու մանուկ չեն խնայելու, բայց մյուս կողմից էլ քաղաքական հարթության մեջ ամենից շահեկանը հենց նախկինների ընդդիմությունն է: Տեսեք, Միքայել Մինասյանը որոշել է, որ արդեն ժամանակն է հայտնել հայ հասարակությանն իր մասին: Գրեթե ամեն օր լայվ է անում, ինչ-որ կոռուպցիոն սխեմաներ բացահայտում, մեղադրանքներ հնչեցնում, բայց գրեթե ոչ ոք նրա ասելիքը չի լսում, քանի որ նրա անունն է Միքայել Մինասյան, և նա դեռ Սերժ Սարգսյանի պաշտոնական փեսան է: Միգուցե նրա խոսքը մի փոքր ավելի համոզիչ դառնար, եթե մինչև Փաշինյանի կոռուպցիային անդրադառնալը մի երկու դրվագ էլ պատմեր աներոջ քաջագործություններից: Բացահայտեր մի երկու հանճարեղ սխեմա, օրինակ՝ փողերի լվացման կամ Հայաստանը թմրաբիզնեսի ու զենքի   վաճառքի տարանցիկ երկիր դարձնելու մասին: Անգամ կարող է ասել, որ միշտ է ցանկացել բարձրաձայնել Սարգսյանի ապօրինությունների մասին, պարզապես իմանալով նրա հետագիծը՝ վախեցել է և միայն հիմա կարող է ազատ խոսել:

Դրա փոխարեն հերքեց անգամ աներոջը, որ շուրջ 1.5 տարի լռությունից հետո հայտնվեց ԵԺԿ-ի համագումարին և   հայտարարեց, որ Հայաստանում իշխանության են եկել պոպուլիստները: Պարզվեց՝ այդ էպիտետն այնքան էլ փեսայի սրտով չէ, Փաշինյանին պետք է անվանել պետական օլիգարխ: Նախկինների խեղճ պրոպագանդա, հիմա   էլ պետք է նոր թեզը սպասարկեն, 2 տարի խնամքով կառուցված կլիշեները նետվում են աղբարկղը:

Վերադառնալով Փաշինյանի համոզմունքներին: Նախկինները այլմոլորակային չեն, գիտակցում են, որ այսօր ընտրությունների դեպքում չեն կարող մրցակցել Փաշինյանի հետ: Ելնելով իրենց ներկայիս վիճակից՝ իրենց   անհրաժեշտ է անընդհատ հարվածելով թուլացնել իշխանությանը՝ ճանապարհ հարթելով ուրիշ ուժերի համար:

Եվ այստեղ Փաշինյանը պետք է հիշի, որ 1945 թվականի հուլիսին ընտրությունների արդյունքում պարտություն կրեց Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի գլխավոր ճարտարապետներից մեկը՝ Ուինսթոն Չերչիլը: Իսկ մեկ այլ ճարտարապետ՝ Շառլ դը Գոլը, ստիպված եղավ թողնել պաշտոնը պատերազմում հաղթանակից ընդամենը մի քանի ամիս անց:

Մարդկանց սոցիալական վիճակը պարտության է մատնել անհամեմատ ավելի հզոր գործիչների:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1590 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ