Հեղափոխության իրականացման ժամանակահատվածում կարելի էր տպավորություն ստանալ, որ արցախյան էլիտան հետևություններ է արել նախկին սխալներից և ցանկություն չունի այլևս իրեն կապել Քոչարյանի ու Սարգսյանի սայլին: Բակո Սահակյանը և մյուսները ամբողջ այդ ժամանակահատվածի ընթացքում բավական զուսպ ու հեզ էին իրենց պահում: Բայց կոռուպցիայի դեմ սկսված պայքարը և հատկապես Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ստիպեց հասկանալ, որ արցախյան էլիտա ասվածն ընդամենը շշկռված էր և ցանկություն կամ հնարավորություն չունի ձերբազատվելու վերոհիշյալ երկու գործիչների խնամակալությունից:
Հրապարակային առաջին դեմարշը տեղի ունեցավ անցյալ տարվա օգոստոսին, երբ Արցախի ԱԺ-ի կեսից ավելին հայտարարություն տարածեց, որտեղ դատապարտեց Քոչարյանի կալանավորումը: Այնուհետև սոցիալական ցանցերում բուռն գործունեություն սկսեցին ծավալել Արցախի գեներալիտետը և չինովնիկական դասը: Նրանք ոչ միայն քննադատում էին Հայաստանի իշխանություններին, այլև գրեթե բաց տեքստով վիրավորում ու սպառնում էին նրանց: Նրանցից առավել արմատականները չէին խորշում վիրավորանքներ հասցնել նաև հայաստանցիներին:
Զորօրինակ, տխրահռչակ Բելլա Լալայանը, որը, լինելով չինովնիկ, բացահայտ ծաղրում էր Հայաստանում ապրողներին: Այդ կարգավիճակում նա պաշտոնավարեց շուրջ մեկ տարի, և միայն այս տարվա մայիսին Բակո Սահակյանը նրան պաշտոնանկ արեց: Բայց նա շարունակում է նույն ձեռագրով գործունեությունը և գաղտնիք չէ, թե ինչ սերտ կապերի մեջ է Արցախի նախագահի հետ:
Այդ ամբողջ ընթացքում Հայաստանի իշխանությունները միայն մեկ անգամ արձագանքեցին: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի ղեկավարությունը պետք է կարգի հրավիրի չափն անցած գործիչներին: Եվ բավարարվեց միայն այդքանով:
Ինչպես հայտնի է՝ լկտիության ժամանակին չսանձազերծումը բերում է էլ ավելի վատ հետևանքների: Եվ ամենևին զարմանալու չէր, որ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը հանդգնեցին գալ Երևան և միջնորդել Քոչարյանի ազատության համար: Ակնկալվում էր, որ դրանով նրանք կլցնեն Հայաստանի իշխանության համբերության բաժակը: Բայց՝ ոչ: Փաշինյանը միայն հայտարարեց, որ բարոյական հարթությունում խնդիրներ չի տեսնում, այլ միայն իրավական մասով կան խնդիրներ: Մինչդեռ Արցախի երկու նախագահները արհամարհել էին հայ ժողովրդի մեծամասնության տեսակետները: Եվ հիմա Վիտալի Բալասանյանը բացահայտ սպառնում է բոլոր նրանց, ովքեր դեմ են իրենց խմբակին:
Պետք չէ զարմանալ այդ մարգինալ խմբի լկտիությունից: Պետք է հասկանալ՝ ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակում և ովքե՞ր պետք է կանխեին այս զարգացումները:
Մեղավորը միանշանակ Հայաստանի իշխանությունն է և մասնավորապես վարչապետ Փաշինյանը:
Չէր կարելի թույլ տալ, որ հեղափոխական Հայաստանի կողքին ձևավորվի հակահեղափոխական Վանդեյա: Հայաստանը պարզապես չունի այդ ռեսուրսը: Չէր կարելի թույլ տալ, որ բազում հանցագործություններ կատարած Արցախի իշխանությունները շարունակեն նույն կերպ պաշտոնավարել, իբր, ոչինչ էլ չի պատահել:
Ստեփանակերտի հանրահավաքը ցուցադրեց, որ Արցախի ղեկավարությունը, մեղմ ասած, չի վայելում արցախցիների համակրանքը:
Հայաստանի իշխանությունը պետք է սկսի գիտակցել, որ ներկայիս ստատուս-քվոն սպառնալիք է ոչ միայն իրենց իշխանությանը, այլ նաև Արցախին և Հայաստանին:
Արագ, համարժեք և խիստ քայլերի բացակայությունը կարող է վատ հետևանքներ ունենալ բոլորիս համար:
Արիս Վաղարշակյան