...

«Ստի դետեկտոր» կիրառեք, և քաղաքական դաշտը կամայանա

«Ստի դետեկտոր» կիրառեք, և քաղաքական դաշտը կամայանա

Հայաստանի այսօրվա իրավիճակի մեղավորը, իհարկե, իշխանություններն են։ Այլ հարց է, որ հանրային կարծիքը բաժանվում է մի քանի մասի․ մի մասը հիմնական մեղավոր համարում է այսօրվա իշխանություններին, մի մասը՝ նախկիններին, ոմանք էլ՝ և՛ նրանց, և՛ նրանց։ Բայց ուշադրություն դարձրեք՝ եթե մեղավորն այսպես թե այնպես իշխանություններն են (նրանց ինչ անուն ասես կարելի է տալ՝ ագահ, տգետ, հանցագործ, ապազգային, անհայրենիք և այլն), նշանակում է՝ այս իրավիճակից դուրս գալու առաջին և կարևորագույն նախապայմանը նորմալ իշխանություն ունենալն է։ Հատուկ ընդգծում ենք՝ ոչ թե իշխանափոխությունը, այլ նորմալ իշխանություններ ունենալը, որովհետև դրանք տարբեր բաներ են։ 2018-ին, օրինակ, Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, բայց արդյունքում նորմալ իշխանություններ չունեցանք։

Իսկ ինչպե՞ս ունենալ նորմալ իշխանություններ։ Այսինքն՝ ինչպե՞ս անել, որ հաջորդ իշխանությունները չլինեն ագահ, տգետ, հանցագործ, ապազգային, անհայրենիք և այլն։ Թեստավորումը բավականին բարդ է, գործնականում՝ անհնար, առավել ևս՝ որ թեստավորողը պիտի հասարակությունը լինի, որը միայն մի հիմնական չափորոշիչ կարող է ունենալ՝ այս կամ այն անհատի կամ քաղաքական ուժի անցած ճանապարհը, բայց այդ ճանապարհն էլ հեշտությամբ կարելի է խեղաթյուրել քարոզչական ինտենսիվ մանիպուլյացիաներով ու դավաճանին ներկայացնել որպես հերոս, շարքային թալանչիներին՝ որպես «պետական այրեր», անլվա պոպուլիստներին՝ որպես ժողովրդի ծոցից ելած խիզախ առաջնորդներ, և այսպես շարունակ։

Ահա և ստացվում է, որ հասարակության միակ իրական հնարավորությունը մնում է ստախոսության թեստը։ Որովհետև անկախ նրանից՝ Հայաստանն այսօրվա վիճակին հասցրած իշխանավորները նախկին կուսնոմենկլատուրային ժուլիկնե՞ր են եղել, Սփյուռքի գաղթօջախներում «ազգային տեսլականը» կապիտալիզացնելու մեջ հմտացած «գործիչնե՞ր», թե՞ բոմժի հոգեբանությամբ ու գավառցու ճարպկությամբ մի ամբողջ ժողովրդի «կուտ տվողներ», նրանց բոլորին միավորում է մի ընդհանուր հատկանիշ՝ ստախոսությունը։ Վերջին հաշվով, մեր այսօրվա վիճակի հիմնական պատճառը հենց այդ ստախոսությունն է։ Սկզբից հասարակությանը խաբել են, թե «սրանք ասում են՝ Ղարաբաղը ծախենք, որ լավ ապրենք», հետո շարունակել են խաբել «տարածաշրջանի ամենամարտունակ բանակի» հեքիաթով ու թշնամու մասին պատկերացումները ձևավորել «Կիլդիմ» մուլտերով, հետո հավատացրել են, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», հետո էլի խաբել են, թե «պարտվել ենք, բայց Հադրութն ու Շուշին ետ ենք բերելու», հետո էլի են խաբել՝ թե «29,8 հազար քկմ տարածքով Հայաստանն էսօր-էգուց խաղաղության խաչմերուկ է դառնում»․․․ 

Իսկ հիմա նայեք, թե Հայաստանն այս իրավիճակից դուրս բերելու ինչ «ծրագրեր» են առաջարկվում։ Մեկն ասում է «միջազգային ճնշումներով 120 հազար արցախցիների վերադարձն իրենց տները շատ իրատեսական է», մյուսն ասում է «աշխարհում մի 50-60 միլիոն հայ կա, բերեք հավաքվենք, մի երկու ամսում ծովից ծով Հայաստան սարքենք», երրորդն ասում է «մեզ հզորանալու համար ընդամենը 10 միլիարդ դոլար է պետք, արագի մեջ հավաքեք, թե չէ զոռով կվերցնենք», չորրորդը համոզում է, որ երեք աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր է Արամուսի գազարից միջուկային զենք ստանալ․․․ Իսկ գիտե՞ք, թե ինչու են այդպես ասում։ Որովհետև երբ տեսախցիկների առջև որևէ լրագրող նրանց երկիրն այս իրավիճակից դուրս բերելու ուղիների մասին հարց է տալիս՝ սրանք անմիջապես պեկինյան բադի ինտելեկտուալ կեցվածք են ընդունում ու առաջին հերթին մտածում այն մասին, թե ի՞նչ պատասխանեն, որ ժողովրդին դուր գա։ Ու ինչ տխմարություն ասես դուրս են տալիս։ 

Արդյունքում՝ ստացվում է, որ և՛ օրվա իշխանությունների հիմնական դավանանքն  է սուտը, և՛ իշխանափոխություն իրականացնելու հավակնություններ ունեցողներինը։ Բա էլ որտեղի՞ց պիտի նորմալ իշխանություններ ունենանք։ 

Լավ է գոնե, որ «քաղաքական ուժերի» գումարային վարկանիշն ընդամենը 25-30 տոկոս է, այսինքն՝ հասարակության 70-75 տոկոսը միանշանակ հոգնել է համատարած ստախոսությունից։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   573 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ