...

Տարածաշրջանի ամենաերազկոտ ջայլամը

Տարածաշրջանի ամենաերազկոտ ջայլամը

Հայաստանում այսօր քննարկվող հիմնական թեման «հանձնվել-չհանձնվելն» է։ Ընդ որում՝ «չհանձնվել» ասելով նկատի են ունենում այն, որ Հայաստանը պիտի շարունակի «ռուսական սապոգից» պոկվելու քաղաքականությունը և ձգտի հասնել խաղաղության՝ թեկուզ տարածքային կորուստների և նվաստացումների գնով, իսկ «հանձնվելը» ենթադրում է խելքի գալ, հրաժարվել հակառուսականությունից, «քարը փեշից թափել» և վերադառնալ ավանդական քաղաքականությանը՝ փորձելով ռուսների աջակցությամբ մի կերպ ողջ մնալ։ 

Նիկոլ Փաշինյանը որոշել է «չհանձնվել», թեև հենց ինքն էլ խոստովանում է, որ այդ ճանապարհին կարող ենք կորցնել պետությունը։ Նրա արմատական «գաղափարակիցը» նույն միտքն ավելի կոշտ է ձևակերպում՝ «ավելի լավ է վերանանք որպես ժողովուրդ, քան շարունակենք մնալ Ռուսաստանի ճորտը»։ Ըստ էության սա նույն «Ազատություն կամ մահ» կարգախոսն է, որը 19-րդ դարի վերջերին դաշնակները փոխառել էին Օսմանյան կայսրության դեմ պայքարող հույներից, սերբերից ու բուլղարացիներից, բայց ակնհայտ է, որ այն, ինչը գուցե ընդունելի է որպես հայդուկային պայքարի կարգախոս, պետությունների համար բացարձակապես անընդունելի է։ Ինչևէ։

Նիկոլ Փաշինյանի որդեգրած «Ազատություն կամ մահ» քաղաքականության հիմքում տարածաշրջանային իրողությունների հետ հաշվի չնստելու կամ դրանց հետ չհամակերպվելու մտայնությունն է։ Մարդը համառորեն չի ուզում ընդունել, որ մեր տարածաշրջանում որևէ լուրջ խնդիր հնարավոր է կարգավորել բացառապես Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռանկյունու տիրույթում, և փորձում է ներքաշել Արևմուտքին, թեև այնտեղից պարզ ասում են՝ «մեզ վրա հույս մի դրեք, մենք կողքից մի քիչ կաջակցենք, բայց ձեր հարևանների հետ դո՛ւք պիտի կարգավորեք ձեր հարաբերությունները»։ Բայց՝ չէ, այս իշխանությունները մերժում են «3+3» ֆորմատն ու փոխարենը «խաղաղության խաչմերուկ» առաջարկում, ինչը փաստորեն նույն «3+3»-ն է՝ հանած Ռուսաստանը, որովհետև ծրագիրը վերաբերում է Հայաստանին ու չորս հարևաններին։ Արևմուտքը, բնականաբար, ողջունում է, որովհետև ռուսներն այդտեղ չկան, Ռուսաստանն էլ ճիշտ նույն պատճառով դեմ է։ Տարածաշրջանի մյուս երկրներն անտարբեր են, որովհետև հասկանում են՝ եթե ռուսները չմասնակցեն, ոչինչ չի ստացվի։

Հիմա՝ տիտղոսակիր ընդդիմության մասին։ Որքան էլ տարօրինակ է, բայց ընդդիմությունը նույնպես չի ցանկանում հաշվի նստել տարածաշրջանային իրողությունների հետ և հոգեխանգարմունքի մեջ է ընկնում «3+3» ֆորմատի ցանկացած հիշատակումից։ Ինչո՞ւ։ Որովհետև համարում է, որ այդ ֆորմատում փոքրիկ Հայաստանի շահերը կոտնահարվեն, ու շատ ավելի շահեկան կլինի ներկայանալ ոչ թե որպես փոքրիկ ինքնիշխան երկիր, այլ որպես մեծ երկրի ֆորպոստ, նույնիսկ «միութենական պետության մաս», որպեսզի մեր փոխարեն բանակցի ու մեր շահերը պաշտպանի Ռուսաստանը։ Պարզ ասած, ընդդիմության կարգախոսն էլ հնչում է մոտավորապես այսպես՝ «ի՞նչ ազատություն, կարևորը մահից խուսափելն է»։

Ուշադրություն դարձրեք՝ երկու մոտեցումներն էլ որևէ սեփական պատասխանատվություն և ջանք չեն ենթադրում։ Ոչ Նիկոլ Փաշինյանի «Ազատություն կամ մահ»-ը (որովհետև դա նշանակում է՝ «մեր սահմանները լեգիտիմ են, և վերջ, ուրեմն եթե վերանանք՝ մեղավորը միջազգային հանրությունն է լինելու»), ոչ էլ ընդդիմության դիրքորոշումը (որովհետև դա նշանակում է բանակցությունների սեղանի շուրջ սեփական լիազորությունները հանձնել Ռուսաստանին ու ապավինել նրանց ողորմածությանը)։

Մինչդեռ պետք էր ընդամենը ձերբազատվել պատրանքներից, ընդունել տարածաշրջանային իրողությունները՝ անկախ նրանից, դո՞ւր են գալիս մեզ, թե՞ ոչ, և բանակցել այն երկրների հետ, որոնք իսկապես պատերազմի ու խաղաղության հարց լուծելու լծակներ ունեն։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1458 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ