...

Տարածաշրջանի ամենագաղտնի բանակցությունները

Տարածաշրջանի ամենագաղտնի բանակցությունները

Մթության քողի տակ

Եվ այսպես` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարեց, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմերն այսօր ավելի մոտ են հաջողությանը, քան երբևէ։

Նման բաները, հասկանալի է, հենց այնպես չեն ասվում, ու եթե Լավրովը նման բան է ասում, նշանակում է` հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն իսկապես ինչ-որ լուրջ համաձայնություն են ձեռք բերել։ Ընդ որում` Լավրովը հայտարարում է նաև, թե բանակցությունների մանրամասները չի հայտնի, որովհետև նախագահները «հատուկ պայմանավորվել են» այդ մասին։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ գաղտնի պահելու բան, այնուամենայնիվ, կա։ Եթե բանակցություններում առաջընթաց չարձանագրվեր` գաղտնի պահելու բան էլ չէր լինի. հերթապահ հայտարարություն կտարածվեր, որ «կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցային գործընթացը», և վերջ։

Բայց իզուր են բանակցային կողմերը գաղտնապահություն խաղում։ Ամեն ինչ բավականաչափ թափանցիկ է։ Բանակցությունների հիմնական «գաղափարը» սա է` Սերժ Սարգսյանը համաձայնվել է վերադարձնել ազատագրված տարածքները ԼՂՀ անկախության դիմաց, ու հիմա պնդում է, որ «առաջին քայլով» Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Ադրբեջանն էլ, բնականաբար, գոհ է տարածքները վերադարձնելու պատրաստակամությունից, բայց պնդում է, որ Ղարաբաղը կարող է «ինքնորոշվել» միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ինչին, հասկանալի է, Հայաստանի ու Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի համաձայնվի։

Հիմա հարց է ծագում` ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը։ Գուցե Ադրբեջա՞նն է «քարը փեշից թափել» ու համաձայնվել, որ Ղարաբաղը լինի անկախ։ Սա, համաձայնվեք, քիչ հավանական է (հատկապես ապրիլյան պատերազմից հետո, որն ադրբեջանցիները գնահատում են որպես հաղթական)։ Իսկ գուցե Սերժ Սարգսյա՞նն է համաձայնվել, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում (ինքնավարության շատ բարձր կարգավիճակով)։ Սա նույնպես քիչ հավանական է, և ահա թե ինչու։

Տեսեք, թե ինչ է տեղի ունենում։ Բաքվում Լավրովը հայտարարում է, թե կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, ու նույն օրը Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ալ Մայադին» հեռուստաընկերությանը ու հայտարարում, թե «եթե նույնիսկ հիմա ամբողջ աշխարհը, բոլոր հիմնական ուժերը միավորվեն ու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը համոզեն, որ պետք է ապրել Ադրբեջանի կազմում, անհնար կլինի` այդ մարդիկ չեն համաձայնվի։ Կարելի է ոչնչացնել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում` անհնար է»։ Ուղերձը, կարծում ենք, հստակ է, հասցեատերը` հայտնի։ Սա նշանակում է, որ եթե անգամ «բոլոր հիմնական ուժերից» մեկը` Ռուսաստանը, փորձի ղարաբաղցիներին ստիպել մնալ Ադրբեջանի կազմում, ոչինչ չի ստացվի։ Ղարաբաղի ժողովուրդը «կզոհվի, բայց չի համաձայնվի»։ Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը Լավրովին ասում է «Սերյոգա, տի նե պրավ, իրականում վերջնական պայմանավորվածությանը շատ մոտ լինելու մասին ասածդ չափազանցություն էր»։ Կամ էլ` իրականում Լավրովը լավ էլ «պրավ», պարզապես որպեսզի Հայաստանում ու Ղարաբաղում ժամանակից շուտ աղմուկ չբարձրանա` գերադասում է առայժմ հերքել ամեն ինչ և հակառակ հայտարարություններն անել։ Միաժամանակ ցույց տալով, որ առանձնապես մտահոգված չէ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի այն հայտարությունից, թե Ռուսաստանը շարունակելու է զենք-զինամթերք մատակարարել Ադրբեջանին։

Ամեն դեպքում` անկախ նրանից, թե ով ինչ է հայտարարում, իրադարձությունների ընդհանուր տրամաբանությունը մտահոգիչ է։ Այդ տրամաբանությունը հետևյալն է. տևական (անպտուղ) բանակցություններ, կարճատև, բայց շատ արյունալի պատերազմ, ավելի ինտենսիվ բանակցություններ (ենթադրաբար` ավելի հաջող), հետո` երևի ավելի արյունալի պատերազմ, ավելի արդյունավետ բանակցություններ, և այսպես շարունակ։ Իսկ ըստ այս տրամաբանության, «բանակցող կողմերն այսօր ավելի մոտ են հաջողության, քան երբևէ», արտահայտությունը կարող է նշանակել, որ «կողմերն այսօր ավելի մոտ են լայնամասշտաբ պատերազմին, քան երբևէ»։

Ու դա շատ ավելի հավանական է, քան կարգավորման փաստաթղթի ստորագրումը։

Մարկ Նշանյան 

«Չորրորդ իշխանություն», 13 հուլիսի 2016 թ.

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   18916 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ