Ռևանշի ճամբարի պրոպագանդիստները, ինչպես ցույց են տալիս վերջին օրերի զարգացումները, լրջագույն խնդիներ ունեն ոչ միայն բարոյականության, այլ նաև բանականության հետ, ինչի հետևանքով էլ ընկնում են մառազմի գիրկն ու փռթկոց հարուցող ստատուսներ քերթում: Ասենք` հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած և շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմի արձանագրած ձեռքբերումները նրանք համարում են բացառապես հայկական բանակի նվաճումը, ոչ թե ՀՀ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարի` «Նիկոլի զասլուգան»: Վարչապետն, ըստ նրանց, ոչ մի կապ չունի այս ամենի հետ, այնպես որ` թող հանգիստ նստի տեղն ու չփորձի սեփականաշնորհել ուրիշի «փառքը»: Սա կոչվում է թարս աճած խիյարի տրամաբանություն:
Եթե առաջնորդվելու լինենք այս բանջարաբոստանային տրամաբանությամբ, ապա պետք է եզրակացնենք, որ հայկական զինված ուժերը` ի դեմս ՀՀ պաշտպանության գերատեսչության, խաղաղ ժամանակ ենթարկվում են կառավարությանը, իսկ այ պատերազմական գործողությունների ժամանակ դառնում են պետությունից անջատ, իրականացնում ոչ թե օրենքով ու զինվորական կանոնագրքերով սահմանված իրենց լիազորություններն ու պարտականությունները, այլ զբաղվում են ինքնիրավչությամբ` կանխում են հակառակորդի դիվերսիոն ներթափանցումը, հակառակորդի դիրքերն են գրավում, կրակում են պետական միջոցներով ձեռք բերված զինանոցի զենքերից և այլն: Նույն այս տրամաբանությամբ եթե գնահատելու լինենք պետական այլ գերատեսչությունների աշխատանքները, ապա պետք է ասենք, որ, օրինակ, Տարածքային կառավարման նախարարության կողմից իրականացվող ճանապարհաշինությունը, մասնավորապես դրանց ասֆալտապատումը ոչ թե կառավարության կամ նախարար Պապիկյանի «զասլուգան» է, այլ` ասֆալտ մատակարարող իքս գործարանի տնօրենի, ասֆալտ փռողների ու «ուկլադչիկների» շնորհքը: Նույն կերպ` որևէ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականների կամ սպորտսմենների տարած հաղթանակը, նվաճած մեդալները ոչ թե ԿԳՄՍ-ի և Արայիկ Հարությունյանի «զասլուգան» են, այլ օլիպիադայում հաղթած աշակերտի կամ մարզիկի ուսուցիչների, մարզիչների ու հատկապես նրանց ծնողների նվաճումը: Քանի որ, եթե ծնողները նրանց չծնեին, իրենց գեները չփոխանցեին, ապա դժվար թե նրանցից մեդալակիր դուրս գար:
Հիմք ընդունելով մտահանգման այս բանաձևը` հարց ենք ուզում տալ ռևանշիստներին` երբ ՀՀ-ում կորոնավիրուսով մարդիկ են վարակվում կամ մահանում, ինչո՞ւ եք առավոտից երեկո կական ու կաղկանձ կապում, ինչո՞ւ եք արձանագրվող մահերը «ջարդում» Առողջապահության նախարարի ու հատկապես Փաշինյանի գլխին` նրանց անվանելով «մարդասպան» ու «գլխակեր»: Նույն հաջողությամբ այս երկուսը որևէ կապ չունեն վիրուսի ծագման ու տարածման հետ, քանի որ այն Չինաստանի Ուհան քաղաքի` էկզոտիկ կենդանիներ ուտող բնակիչների «զասլուգան» է:
Հ.Գ. Զարմանում ենք, թե ինչու մինչև հիմա ՀՅԴ ջահելներին «բորշչ ակցիան» կրկնելու պատվեր չի իջեցվել: «Խիյարային» տրամաբանությունը հուշում է, որ այս անգամ պետք է շոգեխաշած չղջիկով, կրիայի լյարդով ու սև բրնձով ապուր պատրաստել և տանել այն ու շփել ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան շքամուտքին:
Հեղինե Մանուկյան