...

Թավիշի այլընտրանքը «չագո՞ւճն» է

Թավիշի այլընտրանքը «չագո՞ւճն» է

Հեղափոխությանը միացած կամ այն ողջունած հանրության որոշակի շերտեր նոր իշխանությանը պարբերաբար մեղադրում են հեղափոխական տրամաբանությամբ չգործելու և «թավիշը շատ երկարացնելու» մեջ, ինչի հետևանքով հակահեղափոխական ուժերն օր օրի ավելի են համախմբվում, լկտիանում` այսպիսով ավելի թուլացնելով իշխանության դիմադրողականությունն ու հանրային վարկանիշը: 

Հանրությունը հեղափոխական իշխանությունից ակնկալում է հեղափոխության տրամաբանությանը հարիր կառավարում, աշխատաոճ, այսինքն` չվախենալ ու որոշ հարցերում գնալ արմատական քայլերի, ցավոտ «ամպուտացիաների», որոշ դեպքերում էլ` ջնջել, զրոյից սկսել, և տեսանելի ապագայում ունենալ մի շարք խնդիրների առարկայական լուծումներ: Ասենք` բռնել ու անպայման նստեցնել նախկին իշխանության ներկայացուցիչ գողերին, թալանչիներին, օրինախախտներին ու կեղծարարներին, որոնք այսօր մատնահետք տալու փոխարեն դեգերում են օտար ափերում և կամ սպառնում իշխանության վրա սրբել իրենց կոշիկները: Կամ, ասենք, փակել Հանրապետական կուսակցությունն ու ՀՅԴ-ն` որպես քայքայիչ, պառակտիչ քաղաքական ուժեր, լիկվիդացնել «ադեկվատներին», «վետոներին» ու զանազան այլ խմբակ-ակումբների անդամներին և այլն: Սակայն արդյոք արդարացվա՞ծ և փաստարկվա՞ծ են հանրային այդպիսի ակնկալիքները, արդյոք ներդաշնակվո՞ւմ են ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության չափանիշներին, թե՞ իշխանության նման գործելաոճը կխաթարի հեղհեղուկ ժողովրդավարության հիմքերը` երկիրը գլորելով ավտորիտարիզմի կամ բռնապետության հորձանուտ: 

Կառավարող ուժը, որը թեև իշխանության է եկել հեղափոխության միջոցով, ստիպված է լինելու գործել ըստ օրենքի և Սահմանադրության, դրանց տառին հավատարիմ մնալու հարցում լինել շատ ավելի բծախնդիր, նախանձախնդիր, քան նախորդ իշխանությունն էր, մերժել արյունն արյունով լվալու միջնադարյան պրակտիկան: Արժեքային ու արժեհամակարգային հեղափոխության ձգտող հասարակությունը պետք է խրախուսի իշխանության նման կեցվածքը` դառնալով օրինապաշտության կոլեկտիվ ջատագով, քանի որ հեղափոխության միջոցով իշխանության եկած ուժ լինելը չի նշանակում դատապարտված լինել ձեռնարկելու այնպիսի քայլեր, որոնք կբերեն ժողովրդավարական ինստիտուտների հեղման կամ խեղման, այսինքն` կլոնավորել Քոչարյանի ու Սարգսյանի ռեժիմները: Ընդհակառակը` հեղափոխության գերխնդիրը այդ ինստիտուտների նկատմամբ կորսված վստահությունը վերականգնելը կամ բարձրացնելը պետք է լինի, ինչի առարկայական դրսևորումներից մեկը Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող` թող որ երկարաշունչ, բայց իրավական գործընթացներն են: Շատերն, օրինակ, իշխանությանը մեղադրում են ՍԴ-ի ու դրա նախագահի հարցերը ամիսներ շարունակ լուծել չկարողանալու մեջ, հավանաբար ակնկալելով, որ Փաշինյանը կարող էր դեռ ամռանը դիմակավորված հատուկ ջոկատայինների խումբ ուղարկել ՍԴ` այնտեղից վռնդելով  ՍԴ անդամներին, Թովմասյանին էլ ձեռնաշղթա հագցրած տաներ ուղիղ բանտ: Այսինքն` շարժվեր Աշոտյանի ու նրա զինակիցների փափագած` վակխանալիայի սցենարով: 

Օրենքի կամ Սահմանադրության խախտմամբ որևէ կտրուկ, ամբոխահաճո գործողություն անելով, անշուշտ, կարելի է շատ խնդիրներ լուծել, սակայն հարց է առաջանում` պետությունն ու քաղաքացիները պատրա՞ստ են վճարել դրանց «կողմնակի դրսևորումների» համար` իշխանության ամենաթանկ կապիտալի` լեգիտիմության փոշիացումից մինչև երկրի արտաքին վարկանիշի կորուստ: Սա լավագույն նվերը կլինի ռևանշի ձգտող ու այդ նպատակով անգամ ճղճիմ սադրանքների դիմելու պատրաստ նախկին ռեժիմի համար, որն, ի դեպ, արդեն  անցել է այդ ոդիսականի միջով` կազմակերպելով մասնավորապես «Մարտի 1»-ը: 2018-ին տոտալ մերժման արժանացած ու այսօր առավելապես մերժելի այդ գործելաոճը հանգեցրեց քաղաքական, իրավական, սոցիալ-հոգեբանական ծանր հետևանքների, որոնց տակից մինչ այժմ պետությունը դուրս գալ չի կարողանում: 

Հեղինե Մանուկյան 

Հ.Գ. Հարկ է, որ իշխանության առաջին դեմքը հրաժարվի հեղափոխությունից հետո որդեգրած «մաչոյական» կեցվածքից ու ժամանակ առ ժամանակ թույլ տրվող հոխորտական զեղումներից` «պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու», «թաթիկները կտրելու» մասին: Բարեբախտաբար, այդ կեցվածքը սահմանափակվում է վերբալ մակարդակում, և, դատելով վարչապետի հիշեցումներից, նպատակ ունի հեղափոխության փաստի հետ չհամակերպվողներին հասկացնել`«տապոռ», «չագուճ», «պուբլիչնի նվաստացում» կամ բռունցք չկիրառելու իշխանության կեցվածքը ամենևին էլ թուլության նշան չէ: Բայց հաստատ թուլացնում ու խոցելի է դարձնում իրեն օրենքի գերի համարող ղեկավարի իմիջը: Այս կեղծ դեսպոտիզմը, պրոֆիլակտիկ շանտաժը քրեական ենթամշակույթի տարրեր է պարունակում և կարող է սանձազերծել հակաօրինական գործողություններ. միշտ առկա է վտանգը, որ կգտնվի որևէ շարքային քաղաքացի, որն աչքի առաջ ունենալով երկրի առաջին դեմքի կեցվածքը, կփորձի խոսքը գործի վերածել` կտրելով մեկ այլ շարքային քաղաքացու թաթիկները: Տեղին է հիշել լուսավորչության հայրերից մեկի խոսքերը` «իշխանությունն է ամենամեծ դաստիարակիչը»: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1288 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ