...

Թավիշը արդեն ոչ միայն ձանձրալի է, այլև վտանգավոր

Թավիշը արդեն ոչ միայն ձանձրալի է, այլև վտանգավոր

Օր օրի վիճակը սրվում է, բայց կարծես իշխանությունը մտադրություն չունի գոնե հիմա փոփոխություններ մտցնելու իր մարտավարության մեջ: Միգուցե, հնարավոր է թավշյա ճանապարհով գալ իշխանության: Դա հնարավոր է, երբ գործող իշխանությունը, չնայած իր ռեպրեսիվ բնույթին և իշխանությունը կոշտ միջոցներով պահելու հարուստ անցյալին, մի պահ կորցնում է նոր ուժ կիրառելու ռեսուրսը, սխալ հաշվարկում ընդվզման չափերը և արդյունքում տեղի է տալիս: Այդ ընթացքը կարելի է անվանել թավշյա հեղափոխություն:

Բայց լրիվ այլ իրավիճակ է ստեղծվում, երբ նման հետագիծ ունեցողները ոչ թե հեռանում են քաղաքական ասպարեզից, այլ շարունակում են արդեն ընդդիմադիր կարգավիճակում պահպանել Հայաստանի պես երկրի համար չտեսնված ֆինանսական և մեդիա ռեսուրսներ: Եվ դրանք նրանց միակ ռեսուրսները չեն: Ֆինանսներին ու մեդիային պետք է գումարել իշխանության անհետևողականության արդյունքում արդարադատության և իրավապահ համակարգների կադրային այն բազայի պահպանումը, որը շատ ու շատ պատճառներով կարոտախտի զգացում ունի անցյալի նկատմամբ: Այդ կարոտախտին դժվար է հակադարձել միայն լայվերով ու թավիշի նկատմամբ սիրո խոստովանություններով:

Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը նմանվում է այն տղամարդուն, որ ընտանիք ստեղծելուց հետո չի ցանկանում   վերանայել իր նախկին սովորույթները և համոզված է, որ կարող է շարունակել նախկին կյանքը՝ չնայած որ ամուսնացել է և ունի նոր պատասխանատվություններ:

Ինչ է ասում Փաշինյանը: Տեսաք, որ թավշյա ճանապարհով հնարավոր եղավ իշխանափոխություն կատարել, մինչդեռ շատերը դրան չէին հավատում և գտնում էին, որ միայն ուժով է պետք հակադրվել Քոչարյանի ու Սարգսյանի ռեժիմներին: Մինչդեռ մենք դա արեցինք առանց ուժի կիրառման: Այո, ամեն ինչ այդպես է: Բայց դա ամենևին չի նշանակում, որ միևնույն գործիքակազմը կարող է կրկին աշխատել՝ հատկապես հաշվի առնելով, որ փոխվել են տեղերը, իսկ նախկինները դուրս են եկել նոկաուտից:

Եթե երկրի ներկայիս ղեկավարին հետապնդում է Մահաթմա Գանդիի փառքը, դա ուրիշ բան: Պետք է համակերպվել և սպասել, թե ինչով կավարտվի այս պատմությունը և արդյունքում կունենա՞նք մեր Գանդիին, թե՞ ոչ: Բայց վերջին զարգացումները ցույց են տալիս, որ նախկիններն առանձնապես տրամադրված չեն օգնելու նոր Գանդի կերտելուն և չեն խորշում հնարավոր բոլոր մեծ ու փոքր սադրանքներից, անգամ Արցախը վտանգելուց, միայն թե պատմության ընթացքը կրկին իրենց օգտին շրջվի: 

Աժ փոխնախագահի վրա ձեռք բարձրացնելուց հետո իշխանությունը պետք է վերանայի իր քաղաքականությունը և հստակ ցուցադրի, թե ով է իրավիճակի տերը: Հակառակ պարագայում իշխանության և հասարակության ակտիվ ներկայացուցիչների հանդեպ նախկինների սադրանքները և հաշվեհարդարները աճելու են երկրաչափական պրոգրեսիայով: Իսկ դա օրինաչափորեն կհանգուցալուծվի նոր հոկտեմբերի 27-ով:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3965 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ