Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց հերթական լայնամասշտաբ հարձակումը: Սա պատերազմ է, ընդ որում՝ որակապես այլ մակարդակի, որտեղ ներգրավված են մեծ թվով արտաքին խաղացողներ, կիրառվում են ռազմական գործողությունների նորանոր զինատեսակներ, մարտավարություն:
Ռազմական գործողությունների մասին դեռ բազմիցս առիթ կունենանք խոսել: Բայց հիմա կցանկանայինք անդրադառնալ այս կոնֆլիկտի մեկ այլ՝ տեղեկատվական բաղադրիչին: Ցանկացած պատերազմի կարևորագույն բաղադրիչներից մեկը տեղեկատվական-քարոզչական պատերազմն է:
Երեկ և այսօր մի շարք դրվագներ մեզ հուշում են, որ տեղեկատվական պատերազմում բավական լուրջ խնդիրներ ունենք, որոնք պետք է շտկել:
Առաջինը. ակնհայտ է, որ Ադրբեջանը նաև քարոզչական առումով էր պատրաստվել պատերազմին. ռազմական գործողությունների առաջին իսկ րոպեներից ադրբեջանական լրատվամիջոցները իրենց ռեպորտաժներով, նյութերով, հոդվածներով հեղեղել էին միջազգային լրատվությունը: Սոցցանցերում ադրբեջանական ֆեյքերի բանակները տարածում էին Ադրբեջանի պաշտոնական տեսակետներն ու ապատեղեկատվությունները: Եվ վերջապես, ադրբեջանական հաքերները լայնածավալ հարձակում գործեցին հայկական լրատվամիջոցների կայքերի վրա: Բազմաթիվ կայքերի աշխատանքը երեկ խափանվել էր, մի պահ եղավ, երբ ընդամենը 2-3 լրատվամիջոցի կայք էր գործում: Այս ամենին համարժեք պատասխան չի տրվել:
Բայց այս բացթողումները, այսպես ասենք, կարելի է ուղղել, հետևություններ անել և համապատասխան գործողություններ իրականացնել:
Բայց ահա հաջորդ խնդիրը շատ ավելի լուրջ է, և դա զուտ մեր խնդիրն է: Խոսքը պատերազմական ժամանակաշրջանում հայկական մեդիադաշտի որակական մակարդակի և լրագրողների պատրաստվածության մասին է:
Մի օրինակ բերենք. ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը պարբերաբար ասուլիս է տալիս, որտեղ ներկայացնում է ռազմի դաշտում ընթացող զարգացումները: Մեկ էլ լրագրողներից մեկը հարցնում է. ո՞ր դեպքում կկիրառվեն «Իսկանդերները»: Այսինքն, որ լրագրողը հարցնում է, ի՞նչ է ակնկալում, որ Արծրուն Հովհաննիսյանը պետք է պատասխանի, թե՝ այո, «Իսկանդերները» կազմ ու պատրաստ են, ժամը 15:00-ին դրանցով խփելու ենք, օրինակ, Մինգեչաուրին: Նման ասուլիսներին լրագրողների մեծ մասը բացարձակապես անպատրաստ է ներկայանում, պատկերացում չունեն, թե նման իրավիճակներում ինչ կարելի է հարցնել, և ինչ՝ չի կարելի, որ հարցն է տեղին, որը՝ անիմաստ: Այնպիսի պարզունակ, ոչ կոռեկտ, անկապ հարցեր են տալիս, որ մնում ես զարմացած, թե սրանց ով է լրագրողի բեյջ տվել:
Կամ մեկը հարցրեց. մեր բանակը հակահարձակման անցնելո՞ւ է: Հա, բալիկ ջան, անցնելու է, տեղն ու ժամն էլ կհրապարակեն, որ շուտ իմանաս: Արծրուն Հովհաննիսյանը կամ Արցախի գեներալներն իրենց ասուլիսներում մեկ-մեկ շվարում են. չգիտեն՝ պատասխանե՞ն, թե՞ լրագրողին խելք սովորեցնեն:
Մեր կարծիքով, Պաշտպանության նախարարությունը լավ կանի, լրագրողների համար հատուկ դասընթացներ, սեմինարներ կազմակերպի, որտեղ փորձագետները լրագրողների հետ աշխատեն, նրանց պատերազմական ժամանակաշրջանի վարքի կանոններ սովորեցնեն, բացատրեն ճիշտ և սխալ լուրերի տարբերությունը, կոպիտ ասած՝ կրթեն, որ նման անգրագետ հարցեր չտան ու հասկանան, որ պատերազմի ժամանակ իրենք էլ են զինվոր և իրենց գործը արդյունավետ աշխատելն է: