Պատերազմի սկսվելուց հետո շատ է խոսվում, որ հայկական կողմը զիջում է թշնամուն սպառազինությունների մասով: Դա փաստ է, բայց նաև փաստ է, որ հայ-թուրքական պատերազմներում միշտ էլ այդպես է եղել: Եվ այդ տխուր վիճակը դժվար թե հետագայում էլ շտկվի՝ հաշվի առնելով Թուրքիայի ռազմական և տնտեսական հզորությունը:
Պատերազմներում կա ևս մեկ կարևոր հարթություն, որն էական ազդեցություն է թողնում պատերազմի ընթացքի և ելքի վրա: Դա տեղեկատվական պատերազմն է: Անցած 35 օրերը բացահայտ ցուցադրեցին, որ հայկական կողմն այս առումով նույնպես զիջում է ադրբեջանցիներին, մինչդեռ այստեղ նպատակային և թիրախային աշխատանքի դեպքում պատկերը այսքան տխուր չէր լինի:
Ադրբեջանական կողմի վարած տեղեկատվական պատերազմը կարելի է համեմատել կեղտոտ միջուկային զենք օգտագործելու հետ: Թշնամին բացարձակապես չի խորշում օգտագործել կեղծիքը, սուտը և ապատեղեկատվությունը: Դրան հայկական կողմը պատասխանում է բացառիկ բարձր տեղեկատվական պարկեշտությամբ: Տպավորություն է, որ պատերազմից հետո հայկական կողմին լրագրողական էթիկայի սփոփիչ մրցանակ կհանձնեն:
Ադրբեջանցիները ստեղծել են բազում հայկական անվանումներով կայքեր, ֆեյսբուքում կան հարյուրավոր հայալեզու էջեր, որոնք էական վնաս են հասցնում բանակին և թիկունքին: Թշնամին պատրաստվել և լիարժեք օգտագործում է համացանցի ընձեռած հնարավորությունները: Մինչդեռ հայկական կողմը ոչ միայն նմանատիպ ռեսուրսներ չի ստեղծել, այլև հույսը դրել է հայկական սիգմենտի մեդիագրագիտության վրա: Այսինքն՝ մարդիկ կկարդան և ինքնուրույն կհասկանան, որ սա թշնամու սարքածն է:
Պատերազմի միայն 20-րդ օրը գլխի ընկան, որ պետք է սահմանափակել az դոմեյնով կայքերի դիտելու հնարավորությունը մեր երկրում:
Հայտնի ՊՈԱԿ-ը պետք է ունենար հարյուրավոր ադրբեջանագետների, թուրքագետների ու իրանագետների, որոնք կպատրաստեին և անխնա կտարածեին Հայաստանի պաշտոնական և այն տեղեկատվությունը, որը մեզ անհրաժեշտ կլիներ: Ադրբեջանական հասարակությունը էլ ավելի խոցելի է մեդիագրագիտության առումով և խուճապ տարածելու առումով կարելի է լուրջ ձեռքբերումներ գրանցել:
Պատերազմի ժամանակ ճշմարտությունը մահանում է, և ավելի լավ է անել այն, ինչ անում է Աբրահամ Գասպարյանը, քան հետևել միջազգային լրագրողական բարձր էթիկական և մասնագիտական չափորոշիչներին:
Արիս Վաղարշակյան