...

Թեժ պայքար ժողովրդին խաբելու իրավունքի համար

Թեժ պայքար ժողովրդին խաբելու իրավունքի համար

Իշխանություններ-ընդդիմություն հարաբերություններից մարդ բան չի հասկանում։ Ամենավերջին խոսքերով հայհոյում են իրար, միմյանց մեղադրում պարտության ու դավաճանության մեջ, սպառնում ծեփել պատերին կամ կանգնեցնել գնդակահարության պատի տակ, ընդդիմությունը փողոցում միտինգներ է անում, հետո «սեփական օրակարգով» վերադառնում խորհրդարան, իշխանությունները խոսում են «կարգավորման ռուսական առաջարկների շուրջ» քաղաքական դաշտում առկա կոնսենսուսի մասին, հետո նորից են իրար «բշտում»․․․ Ինչ-որ բան ակնհայտորեն այն չէ, իսկ թե կոնկրետ ինչը՝ մնում է անհասկանալի։

Խնդիրը «պասերով խաղալը» չէ, քաղաքական դաշտի պրոբլեմները շատ ավելի խորքային են։ Ընդ որում՝ հիմնական պրոբլեմն ըստ երևույթին այն է, որ և՛ իշխանությունները, և՛ «տիտղոսակիր ընդդիմությունը», և՛ քաղաքական դաշտի մյուս խաղացողների բացարձակ մեծամասնությունը սովորական, պարզունակ պոպուլիստներ են։ 

Պոպուլիզմն ամբողջ աշխարհում է դարձել լուրջ «պատուհաս», և դա հասկանալի է։ Ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները հեշտացրել են մարդկանց գիտակցությունը մանիպուլացնելու հնարավորությունները, հետևաբար՝ ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ քաղաքական ուժեր են նախընտրում այդ բավականին մատչելի ճանապարհը։ Խնդիրն այն է, որ եթե նորմալ, գիտակից հասարակություններ ունեցող պետություններում լուրջ քաղաքական ուժերը պայքարում են պոպուլիստների դեմ, Հայաստանում նման պայքար գործնականում չկա։ Լուրջ ուժերը վաղուց «քաղաքական լուսանցքում» են, իսկ բուն պայքարը վաղուց ընթանում է պոպուլիստների տարբեր խմբավորումների միջև։ Պարզ ասած՝ իրենք իրենց «քաղաքական ուժ» անվանող պոպուլիստական խմբավորումները միմյանց դեմ պայքարում են ոչ թե այն հարցի շուրջ, թե իրենցից որն ավելի ճիշտ ուղղությամբ առաջ կտանի երկիրը, այլ մրցակցում են, թե որն ավելի լավ կխաբի ժողովրդին ու կհամոզի, որ հենց ինքն է բոլորի կյանքը դրախտային դարձնելու։ 

Հայաստանի դեպքում պոպուլիստների ներտեսակային պայքարը բավականին թեժ է, որովհետև ժողովրդին խաբելու պարարտ հողը վաղուց է պատրաստ։ Դրա համար էլ մեկն ասում է՝ «ես ռուսների հետ լավ եմ, մի կես բերան կասեմ՝ ռուսները մեր պրոբլեմները կլուծեն», մյուսն ասում է՝ «չէ, ես ժողովրդավարության սիմվոլ եմ, ամերիկացիներին ու ֆրանսիացիներին կասեմ, ու դրանից հետո՝ էլ թուրքը ո՞ւմ շունն ա», մեկն ասում է՝ «մենք համաշխարհային ազգ ենք, համահայկական ներուժով-բանով՝ դեռ 100 տարի էլ շրջափակման պայմաններում կզարգանանք», մյուսն ասում է՝ «բան չմնաց, ինչ զիջելու բան կա՝ զիջում ենք, խաղաղության դարաշրջանը բացում ենք, ու կտեսնեք՝ ինչ արագությամբ ենք զարգանալու», երրորդն ասում է՝ «ի՞նչ զիջել, ի՞նչ բան, միայն Վիլսոնի քարտեզ», մեկն ասում է՝ «2040-ին Հայաստանի բնակչությունը 4 միլիոն է լինելու», մյուսն ասում է՝ «2050-ին 5 միլիոն է լինելու», մեկը Գյումրիում նավահանգիստ էր կառուցում, մյուսը նրա վրա հռհռալով հասավ իշխանության ու խաղալիք արբանյակով Հայաստանը «տիեզերական պետություն» հռչակեց․․․ Ժողովուրդն էլ ուշադիր հետևում է պոպուլիստների այս սպարտակիադային ու լրջորեն վերլուծում, թե ում «ծրագիրն» է ավելի հայանպաստ և ականջահաճո։ 

Հասարակության մի հսկայական խավ էլ, բնականաբար, ոչ սրանց է հավատում, ոչ նրանց։ Բայց այդ մարդկանց մեծամասնությունն էլ ընդամենը կամ ավելի լավ ստերի է սպասում, կամ նոր, ավելի ճարպիկ սուտասանների, որովհետև մի դեպքում ստերն են չափազանց ճոխացված, մյուս դեպքում՝ ստախոսների անցյալն է շատ թափանցիկ․․․ 

Իսկ քաղաքական պոպուլիզմն ու հասարակությանը բացահայտորեն խաբելը քրեականացնել հնարավոր չէ։ Եթե անգամ տեսականորեն հնարավոր լիներ՝ խորհրդարանը, վստահաբար, միաձայն «դեմ» կքվեարկեր։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   751 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ