...

Տեսանյութը բացահայտեց, թե ինչից են կազմված երկու ճամբարները

Տեսանյութը բացահայտեց, թե ինչից են կազմված երկու ճամբարները

Երեկ համացանցում տարածված տեսանյութն է՛լ ավելի բացահայտեց երկու հայտնի ճամբարների էությունը: Ավելի ակնհայտ դարձրեց, թե ինչ միս ու արյունից են կազմված այդ ուժերը:

Իշխանությունը ևս մեկ անգամ ցուցադրեց, որ պետական համակարգում բացարձակապես բարձիթողի վիճակ է: Այսինքն՝ պաշտպանության նախարարությունում չգիտեին, որ երկու օր առաջ նման միջադեպ է եղել և խրոխտ կերպով հերքում էին: Պատգամավորները, որոնք ի պաշտոնե պետք է ավելի տեղեկացված լինեին, իրար հերթ չտալով հերքում էին իրողությունը, իսկ ոմանց էլ մեղադրում մեդիատեռորի մեջ, սակայն երկու ժամ անց պարզվեց՝ պետական ապարատը չի տիրապետում, թե ինչ է կատարվում առաջնագծում: Այսինքն՝ ոչ միայն չի կահավորել առաջնագիծը, այլև պարզապես անտեղյակ է, թե ինչ իրավիճակ է այնտեղ:

Ուշագրավ է, որ տեսանյութի տարածումից մի քանի ժամ առաջ ՊՆ-ն տարածեց հետևյալ հաղորդագրությունը. «ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից»: Եթե այսպես եք բացազատվելու, ուրեմն պետք չէ, ավելի լավ է բոլորով մի տեղ մնաք, որպեսզի նման խայտառակ իրավիճակներ այլևս չկրկնվեն: Փաստորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից իսպառ զրկելու մեջ չի մտնում հայ զինծառայողներին քաշքշելը, խփելը և տարածքից հեռացնելը:

Միջադեպից ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը շքանշաններ էր հանձնում երկրորդ զորամիավորմանը, գովում զորամիավորման ռազմական պատրաստվածությունը, հրամանատարին մեդալներ հանձնում: Հիմա պետք է պարզել, արդյոք հրամանատարը տեղյակ չի՞ եղել, թե ինչ է կատարվում իր զինվորների հետ, տեղյակ եղել է, բայց չի զեկուցել գլխավոր շտաբ, թե՞ զեկուցել է, պարզապես այնտեղ ուշադրություն չեն դարձրել զարգացումներին՝ մտածելով, դե ոչինչ կկռվեն, կբարիշեն:

Իհարկե պարտությունը շատ դժվար իրողություն է, հեշտ չէ դրա հետ հաշտվել, հատկապես այն սերնդի համար, որ հաղթել էր: Բայց սա ոչ միայն պարտություն է, այլև պետության կազմաքանդում, բանակի ոգու չտեսնված տրորում, ինչի քայքայիչ հետևանքները դեռ նոր ենք տեսնելու:

Երկրորդ խումբը իրեն արմատական ընդդիմություն հռչակածներն են: Այդ խումբը ոչ միայն մեծ հրճվանքով տարածեց խայտառակ տեսանյութը, այլև երբեմն գովազդի տակ դրեց այն: Օրինակ՝ «Քոչարյանի հետ եմ» ֆեյսբուքյան խումբը տեսանյութը տարածում էր գովազդի միջոցով: Այսինքն՝ չէին բավարարվել սովորական կերպով տարածելով, մտածել էին, որ այսպիսի «գանձը» պետք է տեսնեն բոլորը: Սրանք չեն հասկանում, որ եթե խնդիր ունեն իշխանության հետ, անպայման չէ վնասել նաև բանակին, զինծառայողներին ու նրանց հարազատներին:

Այդ տեսանյութի պատմությունը է՛լ ավելի ակնառու դարձրեց, թե որքան լուրջ օրգանական կապ ունեն երկու ճամբարները: Առանց մեկի մյուսի գոյությունը դառնում է անիմաստ: Եթե չլինի մեկը, ապա մյուսին հանրությունն այնպես կմերժի, որ հուր-հավիտյան չեն երևա քաղաքական երկնակամարում:

Եվ ցավը նրանում է, որ եթե հանրությունը ճիշտ ընտրություն չանի, ապա սրանց հակամարտությունը դեռ երկար կշարունակվի՝ նորանոր արհավիրքներ պատճառելով պետականությանը:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   704 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ