Կառավարության գրեթե ամբողջ կազմը փոխվեց: Կարծես միայն Սուրեն Պապիկյանն է մնում: Դե մարդը 2.5 տարվա իշխանության պիառ դեմքն է՝ ասֆալտել է այն ամենը, ինչ հնարավոր էր:
Եվ հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է պատահել, որ ամբողջ թիմը վատն էր, և միայն մարզիչն էր լավը: Սովորաբար, երբ թիմը խայտառակ պարտություն է կրում, առաջինը հեռանում է մարզիչը, և հետո միայն նոր մարզիչը նոր սելեկցիա է սկսում:
Հատկապես զավեշտալի է, որ մնացող մարզչին ամբողջովին սեփական քիմքին դուրեկան թիմ հավաքելու քարտ բլանշ էր տրված: 2.5 տարի նրան ոչ ոք չէր խանգարում կամ ուղղորդում հավաքելու իր պատկերացրած «դրիմ» թիմը: Հասարակության մեծ մասը անգամ հաշտվել էր նախարարների մեծ պարգևավճարների հետ՝ հույս ունենալով, որ դա հնարավորություն կտա իսկապես ուժեղ թիմ հավաքել:
Փաշինյանը 2.5 տարի ժամանակ ուներ բացատրելու իր թիմին, թե ինչ է ցանկանում: Բայց կամ նա չի հասկացել, թե ինչ է ուզում, կամ էլ թիմն է բացարձակ անընկալունակ եղել: Վերջին վարկածի դեպքում էլ մեղավորությունն իրենն է, քանզի 2.5 տարում պետք է հասկանար, որ իրեն չեն հասկանում և օր առաջ հրաժարվեր այս կամ այն նախարարի ծառայություններից:
Փաշինյանը պետք է հասկանա, որ տեղի ունեցածը շարքային իրադարձություն չէ: Ներքաղաքական հերթական ցնցումը չէ, որ կարելի է նախարարներ փոխելով իրավիճակը շտկել կամ կրքերը հանդարտեցնել: Ասենք, նախարարներից մի քանիսը կոռուպցիայի մեջ չեն բռնվել, որ նրանց փոխելով խնդիր լուծես:
Ձախողվել է Փաշինյանի կառավարման համակարգը՝ նաև այն պատճառով, որ չի հասկացել, թե ինչ վատ ժառանգություն է ստացել:
Հիմա միակ լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: ՍԴ մի քանի դատավորի թոշակի ուղարկելու համար հանրաքվե անցկացնելու մտադրություն ունեցողը հասարակությանը չպետք է զրկի գնահատականներ դնելու հնարավորությունից: Չպետք է թաքնվել 17-ի ոչ մարդաշատ հանրահավաքների հետևում: Սրա չգիտակցումը երկրորդ լուրջ հարվածը կլինի պետականությանը:
Արիս Վաղարշակյան