...

Թիրախում Սերժ Սարգսյանն է

Թիրախում Սերժ Սարգսյանն է

Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող գործընթացներին նոր հզորություններ են հաղորդվել: Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը նույնպես ներգրավված է քրեական գործին, իբրև կասկածյալ: Ուշագրավ է, որ համեմատաբար մեղմ Քրեական Օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասին ավելացել է նաև 300 հոդվածի 1-ին մասը: Իսկ դա նշանակում է, որ առաջին օրը փաստաբանների բարձրացրած աղմուկը, թե, միևնույն է, մեղադրանքը հեռանկար չունի և կկարճվի համաներման ակտի շրջանակներում, այլևս ակտուալ չէ: Քրեական Օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասը ծանր հոդված է՝ իշխանության յուրացում և պատժվում է 10-15 տարի ժամկետով:

Քաղաքական ներկապանակում կան շատ լուրջ ուժեր, որ պահանջում էին ֆիքսել՝ նախկին ռեժիմը զավթել էր պետությունը: Գործող իշխանությունը մինչ այժմ չէր արձագանքում այդ կոչերին: Ճիշտ է, սա այն չէ, ինչ պահանջում էին վերոհիշյալ ուժերը, սակայն այս գործընթացը կարող է բավականին խորանալ և չսահմանափակվել միայն ՍԴ-ով և Թովմասյանի անձով:

Պարզ է, որ ժամկետների կեղծումը Բաբայանի կամ Բաբլոյանի մտահղացումը չեն: Բաբայանը միայն կատարող է եղել, իսկ Բաբլոյանը՝ զուտ ֆորմալ մասնակից: Առաջադրանքները տրվել են ավելի վերևից: Գագիկ Հարությունյանին հրաժարականի դիմում գրելու պարտադրանք կարող էր ձեռնարկել միայն մեկ մարդ: Քրեական գործում նորանոր անձանց ներգրավումը սեղմում է օղակը այդ անձնավորության շուրջ:

Գագիկ Հարությունյանը և Արա Բաբլոյանը 70-ն անց մարդիկ են և եթե ԱԱԾ-ն կարողանա ըստ պատշաճի չեզոքացնել նրանց վրա ներգործության միջոցները, դեռ հայտնի չէ, թե ինչ անակնկալներ կարող են լինել Սերժ Սարգսյանի համար: Բացառված չէ, որ նրանցից մեկի նյարդերը պարզապես տեղի կտան և տեղի կունենա գործարք: Չպետք է նաև մոռանալ, որ երկուսը նաև շատ լուրջ բիզնեսների սեփականատերեր են և նոր իշխանության առաջին իսկ պահանջով հրաժարական տվեցին:

Իշխանության գրոհն ունի պլան մինիմում և պլան մաքսիմում բաղադրիչները: Մինիմումը դա Թովմասյանի պաշտոնանկությունն է, որը նաև ինքնին ենթադրում է՝ Քոչարյանի և մյուսների դատավարությունը կկայանա: Իսկ մաքսիմումը՝ դուրս գալ Սերժ Սարգսյանի վրա և ապացուցել, որ ՍԴ-ի միջոցով իշխանության զավթումը պլանավորել և իրագործվել է Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Մնում է հուսալ, որ օպերացիայի պլանավորումը նախագծել են ավելի լուրջ իրավաբաններ, քան նրանք, ովքեր ԱԺ-ում կազմել էին մեկ քայլանի կոմբինացիա: Գրոհ, որ սկսվելուն պես ջախջախվեց: 

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6476 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ