...

«Տուգանքի մատերիալ» հպարտ քաղաքացիները

«Տուգանքի մատերիալ» հպարտ քաղաքացիները

Նոյեմբերի 1-ից կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով կիրառվող խստացումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ իշխանություններին ոչ այնքան համավարակն է հետաքրքրում, որքան դրա շնորհիվ բյուջեն համալրելու հնարավորությունները։ Եթե իշխանությունների հիմնական նպատակն իսկապես համավարակի սրընթաց տարածումը կանխելը լիներ՝ ձեռնարկված միջոցառումները բոլորովին այլ կլինեին։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, օրինակ, թե ինչու պիտի Ալեն Սիմոնյանի կազմակերպած միջոցառման մասնակիցների համար դիմակ կրելը պարտադիր չլինի, իսկ 6 տարեկան երեխաների համար պարտադիր լինի նույնիսկ այգում զբոսնելիս։ Խոսքն այն մասին չէ՝ բաց տարածքներում դիմակ կրելն ընդհանրապես իմաստ ունի՞, թե ոչ (մասնագետների կարծիքներն այս հարցում տարբեր են), խոսքն այն մասին է, թե ինչո՞ւ են ոմանք օրենքի առջև «ավելի հավասար, քան մյուսները», եթե վարակը տարածվում է առանց մարդկանց սոցիալական կարգավիճակը նախապես ճշտելու։ Որպեսզի հնարավոր լինի պատկերացնել ուժի մեջ մտած խստացումների անհեթեթության աստիճանը՝ միայն մի օրինակ բերենք։ Էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների «և նման բնույթի այլ միջոցառումների» ժամանակ դիմակ կրելը պարտադիր չէ, եթե «դրանք կազմակերպվել են որպես տնտեսական գործունեություն», այսինքն՝ բյուջեին հարկեր են վճարվում, իսկ եթե ինչ-որ մարդիկ իրենք են որոշել գնալ, ասենք, Գառնի-Գեղարդ, դիմակ կրելը պարտադիր է։ Որովհետև դա արդեն տնտեսական գործունեություն չէ, ու բյուջեն դրանից օգուտ չունի։

Որևէ մեկը տեսե՞լ է, թե ինչ է կատարվում պարտադիր թեստավորման հերթերում, ասենք, «Զվարթնոց» օդանավակայանում։ Տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր մարդիկ, իրար գլխի հավաքված, ժամերով հերթ են կանգնում, վճարում թեստավորման գումարը և «ցրվում տներով»՝ անկախ նրանից, վարակակի՞ր են, թե՞ ոչ (պատասխանը մի օր հետո է ստացվում), ընդ որում՝ օդանավակայանից դուրս գալիս այդ մարդիկ ինչ-որ թղթեր են ստորագրում՝ բոլորը նույն գրիչով։ Հարց՝ սրա նպատակը բյուջեն լցնե՞լն է, թե՞ վարակը կանխելը։ Բայց իշխանությունները նաև մեծահոգի են ու ՀՀ հպարտ քաղաքացիներին թույլ են տալիս ուտելու և խմելու ժամանակ դիմակ չկրել։ Ոչ թե այն պատճառով, որ դիմակով դա անհնար կլիներ, այլ որովհետև սրճարաններն ու ռեստորանները չէին աշխատի, այսինքն՝ բյուջեն կզրկվեր եկամուտներից։ Իսկ այսպես՝ շատ հարմար է․ այգու նստարանին առանց դիմակ նստել չի կարելի, իսկ 2 մետր այն կողմ սրճարանի աթոռին՝ կարելի է։ Երևի վիրուսը կհասկանա, որ նպաստում ես սպասարկման ոլորտի զարգացմանը, և կշրջանցի։

Մեծ հաշվով՝ Հայաստանում տեղի է ունենում հետևյալը։ Իշխանությունները հասկացել են, որ իրենց բացառիկ ապաշնորհության պատճառով տապալել են կորոնավարակի դեմ պայքարը, ձախողել են պատվաստման գործընթացը, բայց քանի որ ամեն ինչից բացի նաև ահավոր համառ են ու ոչ մի դեպքում չեն ընդունի իրենց սխալները՝ հիմա փորձում են բառիս բուն իմաստով տեռորիստական մեթոդներով «շտկել իրավիճակը»։ Ընդ որում՝ տապալել են ոչ թե այն պատճառով, որ մարդիկ դավադրապաշտ են ու չեն հավատում պատվաստումներին, այլ որովհետև տեսնում են, որ իշխանություններն իրենք իրենց համար բացառություններ են սահմանել ու առանց դիմակի և սոցիալական հեռավորության լավ էլ «տժժում են», իսկ անհրաժեշտության դեպքում նաև «գունագեղ միջոցառումներ» են կազմակերպում՝ հընթացս հազարավոր զոհերի մեղքը բարդելով «հետամնաց, անհասկացող ժողովրդի» վրա։ Կարծես թե ժողովուրդն էր «տնական արաղով» կորոնավիրուս բուժում ու հայտարարում, թե բաց տարածքներում դիմակներ կրելն ընդհանրապես անիմաստ է։ Այնպես որ՝ այդ հազարավոր զոհերի պատասխանատվությունը նույնպես այս իշխանությունների ուսերին է։ Եվ անմեղսունակության կանխավարկածը որևէ բան չի փոխում։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   584 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ