...

Թութանհամոնի ձայնագրությունը

Թութանհամոնի ձայնագրությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը:

Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: 

Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ»:

«ՉԻ». Բայց սա իսկապես միստիկա է: Մի հատ նայեք. աղմկահարույց ձայնագրություն հրապարակվեց, որտեղ զրուցում էին ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը (ավելի ճիշտ՝ վերջինիս լիազորություններն այդ պահին կասեցված էին), ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, իսկ վերջինս էլ այդ զրույցում հայտարարում է, որ պատրաստ է կանգնել թեկուզ Արթուր Վանեցյանի կամ Արթուր Ղազինյանի կողքին:

Անցնում է մի քանի օր և ի՞նչ է ստացվում. Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին, Գագիկ Ջհանգիրյանը վայր դրեց ԲԴԽ անդամի լիազորությունները, Արթուր Վանեցյանը վայր դրեց իր պատգամավորական մանդատը, հիմա էլ Արթուր Ղազինյանը վայր դրեց պատգամավորական մանդատը: Բա միստիկա չէ՞:

Կարծես ինչ-որ անեծք դրված լինի ձայնագրությանն առնչվող մարդկանց վրա: Ինչ-որ տեղ սա հիշեցնում է Թութանհամոնի անեծքը, երբ այդ փարավոնի դամբարանը բացելուց հետո իրար ետևից սկսեցին առեղծվածային հանգամանքներում կյանքին հրաժեշտ տալ դամբարանի հայտնաբերմանն առնչվող անձինք:

Մեր դեպքում գոնե էժան են պրծել. առեղծվածային հանգամանքներում հրաժեշտ են տալիս պաշտոններին ու մանդատներին:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4406 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ