«Հեղափոխական իշխանությունների» լիակատար դեգրադացիայի համար ընդամենը երեքուկես տարի պահանջվեց։ Ճիշտ է, գործընթացը սկսվել էր հեղափոխությունից անմիջապես հետո, բայց սկզբում տեմպերը բավականին ցածր էին։ Ամիսներ պահանջվեցին, որպեսզի հեծանիվով աշխատանքի գնացող վարչապետը սկսի տեղաշարժվել մի քանի հարյուր թիկնապահների ուղեկցությամբ, նրա ազգականներն ու ընկերները լցվեն պետական կառավարման համակարգ կամ դառնան հաջողակ բիզնեսմեններ, նախկին բարձրաստիճան թալանչիներն «ինքնակամ» նվիրատվություններ կատարեն կասկածելի հիմնադրամներին ու անարգել հեռանան երկրից կամ դառնան «բարեխիղճ գործարարներ» և այլն, բայց երեքուկես տարի անց շրջանը վերջնականապես փակվեց, երբ ընտրակեղծարարության «տասովչիկները» հերթով հանգրվանեցին ՔՊ ցուցակներում, իսկ Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենայի համար 200 հազար դոլար հատկացվեց։
Բայց միայն իշխանությունները չէ, որ դեգրադացվել են, ցավոք՝ հասարակությունը նույնպես դեգրադացվել է։ Ընդ որում՝ այդ գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ և վարպետորեն ուղղորդվել է։ Սա ապացուցելու համար կարելի է հարյուրավոր փաստեր ներկայացնել, բայց միայն մի օրինակը, կարծում ենք, բավական է։ 1988-ին, երբ հարյուր հազարավոր մարդիկ շուրջօրյա հանրահավաքներ էին անում Ազատության հրապարակում, խուլիգանության, գրպանահատության կամ բնակարանային գողության գրեթե ոչ մի դեպք չէր արձանագրվում, իսկ 44-օրյա պատերազմի օրերին Երևանում ծաղիկների գները կտրուկ բարձրացել էին։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հասարակության արժեքային համակարգի «էվոլյուցիայի» մասին։ Ընդ որում՝ այնպես չէ, որ առաջ մարդիկ ավելի լավն էին, իսկ հիմա վատն են։ Ոչ, իրականում ոչ թե մարդկանց որակն է փոխվել, այլ վատի նկատմամբ վերաբերմունքը։ Հիմա հասարակությունն ավելի հանդուրժող կամ անտարբեր է դարձել մարդկային տականքի գործունեության նկատմամբ։ Առաջ բարձրաստիճան պաշտոնյան կարող էր սկանդալի կենտրոնում հայտնվել ամերիկյան սիգարետ ծխելու համար, իսկ հիմա իր կեցավայրի նորոգման վրա բյուջեից միլիոններ ծախսող կամ մի քանի հարյուր հազար դոլարանոց մեքենա առնող պաշտոնյան նորմալ է ընկալվում՝ «ախպեր, դե բա հո Օպել չէ՞ր քշելու»։ Եվ սա՝ մի երկրում, որտեղ պաշտոնապես հայտարարվում է, որ պատերազմում վիրավորվածների բուժման գումարները «պրծել են»։
Իրականում հասարակության դեգրադացիան ոչ միայն վարպետորեն ուղղորդվում է, այլև արդյունքներն են ուռճացվում։ Օրինակ՝ ինչո՞ւ են մերձիշխանական «մեդիահարթակները» կամ ֆեյքերը նման անհեթեթություններ տարածում՝ «տեսա՞ք մեր հզոր վարչապետը ոնց էր նայում Ալիևին», կամ «վերջ, Թուրքիայի օրերը հաշված են, Մակրոնը արեց այդ քայլը»։ Քարոզչական տեսանկյունից դրանց ազդեցությունը զրոյական է, բայց առաջին բանը, որ մտածում են նման «լուրեր» կարդացողները, հետևյալն է՝ «արա, սրանք լրիվ դեբիլացել են»։ Ու այդպես մտածում են համարյա բոլորը բոլորի մասին, և կամաց-կամաց հանրային գիտակցության մեջ արմատավորվում է այն միտքը, թե Հայաստանում դեբիլների հասարակություն է ձևավորվել։ Այսպիսի անեկդոտ կա․ մեկն ընկերոջն ասում է «գիտե՞ս, հայտարարություն էի տվել, որ երեկոյան ժամը 6-ին բոլոր դեբիլները հավաքվեն հրապարակում», ընկերն ասում է՝ «ոչ ոք չէր եկել, չէ՞», սա էլ ասում է՝ «հակառակը, ասեղ գցելու տեղ չկար, բոլորը եկել էին տեսնելու, թե ովքեր են եկել»։ Հիմա Հայաստանում իշխանությունները հասարակությանը հենց այդ անլիարժեքության բարդույթն են փորձում ներարկել։ Որովհետև այդ դեպքում հասարակությունն ավելի հեշտ կհամակերպվի պատուհաս իշխանությունների գործունեության արդյունքների հետ ու նույնիսկ մազոխիստական հաճույք կստանա՝ «դե եթե էս մարդկանց մեծամասնությունը դեբիլ ա, ուրեմն մեզ հասնում ա, որ մեր վարչապետը Նիկոլի նման մեկը ըլնի, թուրքը ինչ ուզենա՝ անի, Ալենչոն էլ 200 հազարանոց ավտո քշի»։
Մարկ Նշանյան