...

Վատ հանձնվողին խանգարող հանգամանքների ամպուտացիան

Վատ հանձնվողին խանգարող հանգամանքների ամպուտացիան

Նիկոլ Փաշինյանի՝ «Նոր Հայաստան» կերտելուն ուղղված քայլերն առաջին հայացքից կարող են իմպուլսիվ ու վայրիվերո թվալ, բայց դրանք, վստահաբար, ամբողջական ծրագրի առանձին օղակներ են։ Իսկ ո՞րն է ամբողջական ծրագիրը։

Նիկոլ Փաշինյանը մտածում է մոտավորապես այսպես․ Հայաստանն օբյեկտիվորեն տարածաշրջանի ամենաթույլ պետությունն է, որովհետև տարածքով և բնակչությամբ ամենափոքրն է, էներգետիկ ռեսուրսներով՝ ամենաաղքատը, բացի այդ՝ գտնվում է մասնակի շրջափակման մեջ ու միակ երկիրն է, որը դեպի ծով ելք չունի։ Բայց այդքանով հանդերձ՝ Ադրբեջանն ի դեմս Հայաստանի պոտենցիալ վտանգ է տեսնում։ Եվ ահա Նիկոլն ինքն իրեն հարց է տալիս՝ ինչո՞ւ։ Ու ինքն էլ պատասխանում է՝ երևի որովհետև Հայաստանն ունի մի քանի առանձնահատկություններ, որոնք իրենց մեջ երկրի զարգացման որոշակի պոտենցիալ ունեն, այլ կերպ ասած՝ կան մի շարք հանգամանքներ, որոնց շնորհիվ Հայաստանի միջազգային հեղինակությունն ու կշիռն այնուամենայնիվ կարող են ավելին լինել, քան օբյեկտիվորեն պիտի լիներ 29,8 հազար քկմ տարածքով փոքրիկ, թույլ, շրջափակված երկրի կշիռը։ Հետևաբար՝ պիտի հերթով վերացնել այդ «մի շարք առանձնահատկությունները», որպեսզի Հայաստանի միջազգային կշիռը ճշգրտորեն համապատասխանի ցանկացած այլ փոքրիկ, թույլ, անկենսունակ երկրի կշռին, որպեսզի Ադրբեջանն (ու Թուրքիան) այլևս մեզ որպես պոտենցիալ սպառնալիք չընկալեն ու չձգտեն ոչնչացնել։ 

Իսկ որո՞նք են այդ՝ Նիկոլ Փաշինյանի կարծիքով ոչնչացման ենթակա «մի շարք առանձնահատկությունները»։ Նշենք միայն ամենակարևորները։

1․ Պատմությունը։ 

Հասկանալի է, չէ՞, որ պատմությունը միայն գիտություն չէ անցյալի մասին։ Ժամանակակից քաղաքականության մեջ այն շատ կարևոր գործիք է, ու դա է պատճառը, որ պետությունները հսկայական միջոցներ են ծախսում պատմությունը սեփական պատկերացումներով շարադրելու և իրենց «պատմական ժառանգությունը» ֆիքսելու համար, որովհետև կարող են տարբեր մեխանիզմներով այդ ամենը ծառայեցնել իրենց պետական շահերին։ Դրա համար էլ, օրինակ, մինչև հիմա թեժ պայքար է ընթանում այսպես կոչված «բյուզանդական ժառանգության» համար, Բաքվում Ուրարտուն ադրբեջանական են հռչակում, և այլն։ Ու այս ասպարեզում Հայաստանը լուրջ հաղթաթղթեր ունի՝ շատ ավելի լուրջ, քան մեզանից ավելի մեծ ու հզոր երկրները։ Բայց քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, դա կարող է նյարդայնացնել Ադրբեջանին ու Թուրքիային՝ նա գերադասում է ընդհանրապես հրաժարվել այդ հաղթաթղթերից։ 

2․ Եկեղեցին ու Սփյուռքը։

Սփյուռքում մոտ երկուսուկես անգամ ավելի շատ հայ կա, քան Հայաստանում, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների թիվն էլ շատ ավելի մեծ է, քան ՀՀ քաղաքացիներինը, ու այս երկու գործոնները, խելամիտ աշխատելու դեպքում, կարող են նպաստել, որ հայկական գործոնն այնուամենայնիվ ավելի ծանրակշիռ լինի, քան կլիներ միայն 3 միլիոնանոց փոքրիկ, թույլ Հայաստանի Հանրապետության գործոնը։ Ու քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, այս պոտենցիալը նույնպես նյարդայնացնում է Ադրբեջանին ու Թուրքիային և մեր նկատմամբ «ագրեսիա գեներացնում», պետք է հրաժարվել նաև դրանցից։

3․ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններն ու անդամակցումը ՀԱՊԿ-ին։

Համաձայնվեք՝ փոքրիկ, թույլ, 3 միլիոնանոց Հայաստանի կշիռը մի՛ բան է, միջուկային գերտերության ռազմավարական դաշնակցի ու հզորությամբ երկրորդ ռազմական բլոկի անդամ-երկրի կշիռը՝ բոլորովին այլ բան։ Արժե՞ ասել, որ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ՝ Հայաստանը պիտի զրոյացնի նաև Հայաստանի ա՛յդ առանձնահատկությունը, ու նա, մեծ հաշվով, հենց դրանով էլ զբաղված է։

4․ Սյունիքը։

Իրանի հետ ընդհանուր սահմանը կտրուկ մեծացնում է Հայաստանի միջազգային կարևորությունը։ Ու եթե Հայաստանն այդ սահմանը չունենար, բայց, ասենք, ունենար այսօրվանից երկու անգամ ավելի մեծ տարածք, բնակչություն ու տնտեսություն, միևնույն է՝ այդ Հայաստանը պակաս կարևոր ու կենսունակ կլիներ, քան այսօրվա Հայաստանը։ Բայց քանի որ այդ սահմանի առկայությունը նույնպես նյարդայնացնում է Ադրբեջանին ու Թուրքիային՝ Նիկոլ Փաշինյանը նույն տրամաբանությամբ դեմ չէր լինի հրաժարվել նաև Հայաստանի ա՛յդ «առանձնահատկությունից»։

Այնպես որ՝ Հայաստանի իշխանությունները որևէ պատահական բան չեն անում, սա շատ կոնկրետ ծրագիր է։

Մարկ Նշանյան

Հ․Գ․ Կարող են առարկել, թե «բայց Հայաստանի այդ առանձնահատկություններն առ այսօր մեզ ոչ մի կոնկրետ օգուտ չեն տվել, ավելի շատ վնասել են՝ խանգարելով բնականոն հարաբերություններ հաստատել հարևանների հետ», և սրանում որոշակի ճշմարտություն իսկապես կա։ Բայց դրա պատճառը ոչ թե այդ առանձնահատկությունների «ոչ պիտանի» լինելն է, այլ այն, որ 25 տարի շարունակ Հայաստանի իշխանությունները բացառիկ ապաշնորհություն են ցուցաբերել դրանք արդյունավետ օգտագործելու հարցում, մինչդեռ անկախության առաջին տարիներին, հենց մեր աչքի առաջ այդ նույն առանձնահատկությունների հմուտ օգտագործման շնորհիվ Հայաստանը հասել է այնպիսի հաջողությունների, որոնք անհնար կլինեին տարածաշրջանի՝ օբյեկտիվորեն ամենափոքր և ամենաթույլ երկրի համար։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   571 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ