...

Վազգեն Մանուկյան - Նիկոլ Փաշինյան. կեղծ դիսկուրս

Վազգեն Մանուկյան - Նիկոլ Փաշինյան. կեղծ դիսկուրս

Ի սկզբանե պարզ էր, որ մեր երկրում թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը ձեռնտու չէ իրական քաղաքական դիսկուրսի ձևավորումը:

Այն պարագայում, երբ պետության առջև ծառացած թիվ մեկ խնդիրը Արցախն էր՝ պատերազմի և խաղաղության հարցը,  2018-ին իշխանության եկած վարչապետը հայտարարում էր, որ բանակցությունները սկսում է իր կետից, այսինքն՝ փաստացի հրաժարվում է բանակցելուց, իսկ ընդդիմությունը՝ ՀՀԿ, ՀՅԴ և այլն, մեղադրում էին «նորերին», թե սրանք եկել են Արցախը ծախելու կամ հանձնելու: Ո՛չ, իհարկե, բանավեճ չէր ծավալվում: Պարզապես ավելի թունդ և ամբոխահաճո խոսք ասելու մրցավազք էր: Ախր, շա՜տ հայրենասեր են...

 Ի՞նչ գին ունեցավ Հայաստանի և Արցախի համար այս, մեղմ ասած, մանկամիտ պայքարը, տեսնում ենք: 

1. Ն. Փաշինյանի հավակնությունների և վախկոտության պատճառով 2018 թվականից սկսած բանակցային գործընթացից դուրս մնաց նաև Հայաստանը: Իսկ եթե մի կողմը փաստորեն հրաժարվում է խոսակցությունից, այն դադարում է: Այլընտրանքը մնում է պատերազմը: Առանց այդ էլ 1998-ից Արցախն այլևս գործոն չէր: 18-19-ից գործոն չէր նաև Հայաստանը: Եվ ահա երբ դու անդադար փորձում ես խուսանավել սեփական խնդիրներդ ռացիոնալ ճանապարհով լուծելուց, ապա հարցդ լուծում են ուրիշները, բնականաբար այնպես, ինչպես իրենց է հարմար:

2. Ն. Փաշինյանի վախերի հիմնական աղբյուրը մերժվածներն էին, որովհետև իշխանության գալու առաջին օրերից սկսել էին երգել իրենց սիրած երգը՝ Արցախը ծախելու մասին: Այսինքն՝ Հայաստանում 90-ականներից ձևավորված դիսկուրսը որևէ փոփոխության չէր ենթարկվում: Ըստ ՀՀԿ կամ ՀՅԴ վերնախավի, ըստ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, բոլորը ծախում են Արցախը՝ բացի իրենցից: Եվ այս շանտաժի հետևանքը Ն. Փաշինյանի սարսափն էր: Ի վերջո հենց ինքը և իմքայլական կարկառուններն են խոստովանել, որ եթե խուսափեին պատերազմից, ապա կկոչվեին դավաճան: Ընտրեցին պատերազմը, բայց ընդդիմությունը, միևնույն է, նրանց դավաճան է անվանում: Եվ ոչ միայն ընդդիմությունը...

3. Խայտառակ պատերազմից և պարտությունից հետո իշխանությունն իր մեղքը չի խոստովանում, իսկ ընդդիմության առաջնորդները՝ Ռ. Քոչարյանը, Վ. Մանուկյանը, հայտարարում են գրեթե նույն բանը. եթե ես լինեի վարչապետ, ապա կա՛մ պատերազմ չէր լինի, կա՛մ մենք կհաղթեինք: Եվ իհարկե, չեն պատասխանում գլխավոր հարցին՝ ինչպե՞ս: Այդ ի՞նչ էիք անելու պատերազմից խուսափելու համար: Ստորագրելո՞ւ էիք լավրովյան պլանի տակ, թե՞ փորձելու էիք դարձյալ ժամանակ ձգել: Պատասխան չունենք: Դե մարդիկ չեն ուզում հողատու դավաճան կոչվել: 

4. Այս և այլ բազում փաստերից կարելի է եզրակացնել հետևյալը. իշխանությունն ու նրան խիստ ձեռնտու ընդդիմությունը պետության մասին չեն մտածում, երկրի մասին չեն մտածում: Նրանք զբաղված են էժանագին խաղով, որ ժամանակ ձգեն, տեսնեն, թե ուրիշներն ինչ որոշում են ընդունելու իրե՛նց ճակատագրի վերաբերյալ: Երկիրը երկրորդական է, երկիրն արդեն հանձնել են: Սակայն իրենց բարձրացրած աղմուկով խոչընդոտում են թե՛ ռացիոնալ, առողջ մտքի կայացումը, թե՛ մեր ապագան:

5. Ամենօրյա այս ցուցքը թույլ չի տալիս, որ առանց այդ էլ շփոթահար հասարակությունը կարողանա ուշքի գալ և ելք գտնել իրավիճակից: Քաղաքական ասպարեզը բռնազավթած անմեղսունակներն ու ոչմիթիզականները խոսում են իշխանության մնալ-չմնալու մասին, սակայն խուսափում են արտահերթ ընտրությունների մասին խոսելուց: Այնինչ իշխանությունը պարտավոր էր հայտարարել արտահերթ ընտրությունների մասին՝ նշելով կոնկրետ ժամկետ: Իշխանությունը պետք է ընդունի, որ այլևս անկարող է որևէ բան անել թե՛ արտաքին, թե՛ ներքին կյանքում: Իսկ ընդդիմությունը պետք է պայքարեր հանուն արտահերթ ընտրությունների և ոչ թե հեղաշրջման, եթե, իհարկե, համոզված չլիներ, որ հետևորդներ չունի:

Եվ վերջապես, ուզեք թե չուզեք, գլխավոր հարցի ձևակերպումը մեկն է՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն: Խնդիրն այսօր ավելի հրատապ է, քան կարծում եք: Այս հարցի պատասխանից է կախված անգամ մեր գոյությունը տարածաշրջանում: Կա՛մ մնում ենք՝ ընտրելով բանականության ուղին, կա՛մ ոչնչանում ենք, հեռանում ասպարեզից անվերադարձ: Իսկ Վ. Մանուկյան-Ն. Փաշինյան հակադրությունը կեղծ է: Կարծում ենք՝ արդեն համոզվել եք:

Զարուհի Գաբրիելյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 41, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1052 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ