...

Վազգեն Մանուկյանի երազը

Վազգեն Մանուկյանի երազը

Ինքն արդեն Մեծ Հայաստանի Գերագույն և գլխավոր թագավոր, Նորին Սուրբ Փրկություն Արքայից արքան է: Բազմած է թագավորական գահին՝ շրջապատված պալատական վեզիրներով: Իշխան Ա.-ն է, իշխան Վ.-ն, իշխանուհի Վ.-ն և ընտանիքի այլ անդամներ: 

Եվ ահա, Նիկողայոս թագավորին գահընկեց անելուց և սորոսաց բանակի զինյալներին զնդանները նետելուց հետո մտածում է, թե ինչով զբաղվի: Վերջը որոշում է և հայտարարում. «Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ կառավարության կեսը կտամ նրան»:

Ներս է մտնում մի փոխիշխան՝ Ալեն անունով: Ասում է. «Թագավորն ապրած կենա, մի անգամ մենք պատերազմեցինք հարևան երկրի հետ: Մի ամսում պարտվեցինք, բայց իրենք չհաղթեցին»:

«Կպատահի,- պատասխանում է ինքը։ Ես էլ մի անգամ 96 թվին թագավորական ընտրություններում պարտվեցի, բայց իմ հակառակորդն էլ չհաղթեց: Ճիշտ ես ասում»:

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

Գալիս է մի դաշնակ՝ Իշխան անունով:

«Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ ԱԹՍ-ներ եկան, ռումբերը տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի օդը փակելու»:

«Հա՛, լավ ես արել,- ասում է ինքը,- բայց լավ չէիր փակել, էս առավոտ էլ մի քիչ ԱԹՍ թափվեց։

Իշխանն էլ է դուրս գնում։

Հաջորդը ներս է մտնում Ռոբերտ անունով մի առևտրական:

«Ո՜վ, իմ ժամանակավոր թագավոր, ես իմ առևտրական հալով մի քանի տարի շարունակ թաքուն հարստություն եմ կուտակել, թաքուն Շուշին ու Աղդամն եմ գրավել, թաքուն հերոս եմ դարձել»:

«Զարմանալու բան չկա,- ծոր է տալիս ինքը,- ես էլ վախտին երկիր եմ հիմնադրել, թուրքին չոքեցրել, Քելբաջարն ու Զանգելանը գրավել, հայերին համաշխարհային ազգ դարձրել: Էդ հեչ, հաջորդը»:

Ներս է մտնում մի աղքատ փիլիսոփա՝ Արա անունով:

- Դու ի՞նչ ես ուզում, ա՛յ մարդ,- հարցնում է թագավորը։ 
- Դու ինձ մի կոտրած գլուխ ես պարտ, եկել եմ՝ տեղը հանեմ:
- Մի կոտրած գլուխ,- իբր զարմանում է ինքը,- սո՛ւտ ես ասում, ես քեզ ոչինչ էլ պարտ չեմ:
- Թե որ սուտ եմ ասում, կառավարությանդ կեսը տուր։
- Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,- խոսքը փոխում է ինքը:
- Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտրած գլխի հաշիվը տուր:
- Սուտ է, տենց բան չի եղել,- նորից մտքափոխվում է ինքը:
- Դե ուրեմն, կառավարությանդ կեսը տուր:
- Ճիշտ ես ասում:
- Մի կոտրած գլուխ:
- Սուտ է:
- Կառավարության կեսը....

Արթնանում է կոալիցիոն կառավարության ձևավորման համար բանակցություններում: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 39, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1674 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ