...

Վեց տարի անց բումերանգը վերադառնում է

Վեց տարի անց բումերանգը վերադառնում է

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Երևանի փողոցներում և Հայաստանի միջպետական մայրուղիների վրա, հիշեցնում է 2018-ի ապրիլը։ Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը հաստատ ինչ-որ պահի չի ասի «Էսինչը ճիշտ էր, ես սխալվեցի», առավել ևս՝ որ այդ «Էսինչը» դեռ պաշտոնապես չի էլ երևակվել։

Հասկանալի է, որ բոլորի էմոցիաները ծայրաստիճան սրված են, հասկանալի է նաև, որ «տավուշյան կապիտուլյացիան» ընդամենը այն վերջին կաթիլն էր, որը բերնեբերան լցրեց ժողովրդի համբերության բաժակը, և վեց տարի շարունակ նիկոլական ստերի ու մանիպուլյացիաների արդյունքում կաթիլ-կաթիլ կուտակվածը միանգամից դուրս հորդեց։ Նման իրավիճակներում, որպես կանոն, էմոցիաներից զերծ մնալու և սառը դատողությունը պահպանելու փորձերը ժամանակավրեպ ու անգամ դավաճանական են թվում, բայց իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է, ուստի պետք է ամեն ինչ անել՝ 2018-ի «ապրիլյան փոցխը» ևս մեկ անգամ չտրորելու համար։

Ճանապարհներ փակելը, բնականաբար, ներքաղաքական պայքարի շատ արդյունավետ գործիք է, բայց դա ընդամենը միջոց է, և ոչ նպատակ։ Նպատակն օրվա իշխանություններին տապալելն ու նոր իշխանություններ ձևավորելն է, հետևաբար՝ կարևոր է հասկանալ, թե որը պիտի լինի ձևավորվելիք նոր իշխանությունների անելիքը։ Միայն թե չասեք՝ «հիմա դրա ժամանակը չի», «հիմա սրանց քշենք, հետո կերևա», «նման խոսակցություններով պառակտում ենք շարժումը», «ջուր ենք լցնում նիկոլականների ջրաղացին», և այլն։ 2018-ին մի անգամ արդեն տեսել ենք, թե ինչ է լինում, երբ ինչ-որ մարդիկ էմոցիոնալ ճղճղոցներով, առանց որևէ ծրագիր ներկայացնելու և անգամ քաղաքական միտք արտաբերելու, ճանապարհներ փակելով զավթում են իշխանությունը։ Եվ ի՞նչ, արդյունքներից գո՞հ ենք։ Եկեք անկեղծ լինենք՝ այսօրվա ճանապարհ փակողների մեջ է՛լ պոտենցիալ ալենչոների, ավինյանների, արարատմիրզոյանների ու արայիկհարությունյանների պակաս չկա, հիմա ի՞նչ, և՞ս մի անգամ անցնենք այդ ճանապարհը։

Դրանից խուսափելու ձև, իհարկե, կա։ Դրա համար ընդամենը պետք է արձանագրել հետևյալ իրողությունները։ 1․ Այս իշխանությունները պետք է հեռանան (սա քննարկման ենթակա չէ), որովհետև ձախողել են բառիս բուն իմաստով ամեն ինչ։ 2․ Իշխանափոխությունից հետո ոչ տարածաշրջանային իրողություններն են փոխվելու, ոչ ուժերի բալանսը, ոչ էլ մեր վերաբերյալ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակները։ Հետևաբար՝ Հայաստանի նոր իշխանությունները, ովքեր էլ լինեն, ընդամենը երեք տարբերակ են ունենալու։ 1․ Շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա (ինչը ենթադրում է որևէ փուլում հանձնել նաև անկլավները), բայց՝ պնդել, որ դա պետք է արվի միայն ամբողջական սահմանազատումից և խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ 2․ Դադարեցնել սահմանազատման անվան տակ իրականացվող միակողմանի զիջումները, կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ համաձայնվելով, որ նրա՛նք հսկեն Մեղրիով անցնող ճանապարհը, նրա՛նք մեզ հետ միասին Ադրբեջանի հետ սահմանազատում իրականացնեն ու իրենք էլ սահմանապահներ տեղակայեն հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 3․ Կասեցնել գործընթացը և պատրաստվել պատերազմի՝ հույս ունենալով, որ Արևմուտքից հրաժարվելու դիմաց Ռուսաստանն ու Իրանը այս անգամ կօգնեն մեզ։

Խնդիրն այն չէ՝ այս երեք տարբերակներն ավելի լա՞վն են այսօր իրականացվողից, թե՞ ավելի վատը։ Հաստատ երեքն էլ ավելի լավն են, որովհետև երեքի դեպքում էլ ինչ-որ բան շահում ենք, ինչ-որ բան՝ կորցնում, իսկ այսօր իրականացվողի արդյունքում միայն կորցնում ենք՝ առանց որևէ բան շահելու երաշխիքի։ Խնդիրն այն է, որ նախապե՛ս պիտի այս երեք տարբերակներից որևէ մեկն ընտրենք։ Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2976 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ