...

Վերաիմաստավորելով անցյալը

Վերաիմաստավորելով անցյալը

Տանուլ տրված պատերազմն, անկասկած, վաղ թե ուշ հանգեցնելու է արտահերթ ընտրությունների: Բայց մինչ այդ անհրաժեշտ է ազգային ողբերգությունը փոխարինել ազգային իմաստնությամբ: Վերաիմաստավորելով անցյալը՝ գուցե ազգովի գիտակցենք, որ այսօր տրվող «Ինչո՞ւ այդպես եղավ» հարց չհնչեցնելու համար պարզապես պետք էր ժամանակին ականջալուր լինել «որ այդպես չլինի» խորիմաստությանը:

«Չորրորդ իշխանություն», 10 մարտի, 2012թ.

2008 թվականի ընտրության ժամանակ փորձում էինք վերաիմաստավորել անցյալը։ Այսօր կարծես այս գործն ավելի հրատապ է։ Չենք սիրում, անցյալը հիշել չենք սիրում, մեր պարտությունները հիշել չենք սիրում։ Սակայն հաղթանակները մեջ-մեջ ենք անում` հընթացս ուռճացնելով մեր դերը։

Ուրեմն 2008 թվականին էլ էինք փորձում վերաիմաստավորել անցյալը։ Իհարկե, հայոց պատմության երկար ու ձիգ հազարամյակները հանգիստ թողեցինք ու վերադարձանք 1988 թվական։ Եվ թվաց, որ այն կրկնելու ենք։ Համեմատություններ անողները, հաճախ իրավացիորեն, նմանություններ էին տեսնում 88-ի և 2008-ի իրադրությունների միջև։ Սակայն...

Սակայն 88 թվականին մենք բոլորովին ուրիշ էինք, մեր խնդիրն էլ էր ուրիշ։ Մեր դիմաց կանգնած էր Խորհրդային Միությունը, այսինքն` օտարի իշխանությունը, օտարի լուծը։ Ավելին` Ադրբեջանի ճիրաններից պիտի փրկեինք Արցախը` քաջ գիտակցելով, որ ազգային-ազատագրական պայքարը կարող է լայնածավալ պատերազմի վերածվել։ Եվ վերածվեց։ Ո՛չ, այսօր չենք անդրադառնա պատերազմի տարիները նենգափոխողներին, այսօր դրանց հանգիստ կթողնենք, մանավանդ առջևում նախընտրականն է, իսկ նախընտրականն առանց «ցրտի և մթի» մասին պատմելու չի կարող գոյատևել, ուրեմն դեռ առիթ կունենանք Արցախյան պատերազմի մասին խոսելու։ Այսօր մեր խնդիրն այլ է։ Ուրեմն 88-ին մեզ միավորում էր օտարի դեմ մղված կռիվը։ 2008 թվականին մեր դիմաց հենց մերոնք էին, որքան էլ նրանց մոնղոլ կամ ալբանացի անվանենք։ 2008 թվականին մենք հաշվի չառանք մի կարևոր գործոն` մասնավոր սեփականությունը, սակայն նույն թվականի մարտի մեկին իշխանությունը մեզ ցույց տվեց դրա արժեքը։

Հայաստանում մի խումբ մարդիկ պահպանեցին իրենց սեփականությունը` դրա համար օգտագործելով պետության հնարավորությունները` բանակը, ոստիկանությունը, դատախազությունը։ Չենք մոռացել, որ օգտագործվեցին նաև սեփականատերերին ծառայող թիկնապահները, կրիմինալը և ԱԽՔ-ը։

2008 թվականին չափազանցված ընկալեցինք երիտասարդության դերը։ Մի քանի հազար երիտասարդներ իսկապես միացել էին Շարժմանը, բայց ուսանողությունն այդպես էլ ոտքի չկանգնեց։ Ուսանողությունը պահպանողակա՞ն Էր դարձել, ծախվե՞լ Էր։ Ո՛չ։ Թեպետ իշխող կուսակցությունը տարիներ շարունակ աշխատել էր այլասերել ուսանող երիտասարդներին` անխնա ՀՀԿ-ացնելով բուհերը։ Ուրեմն ինչո՞ւ ուսանողությունն անհաղորդ մնաց թե՛ մինչփետրվարյան, թե՛ հետմարտիմեկյան գործընթացներին։ Պատասխանը միակն է. մեր զավակները վախկոտ են և հարմարվող։ Մենք սա հաշվի չէինք առել։ Իսկ այսօր ստիպված ենք լինելու շատ բան ճիշտ տեսնելու և ներկայացնելու։ 

Անշուշտ, հիմա Հայաստանն արդեն տարբերվում է 2008 թվականից։ Տարբերվում է շատերի վերաբերմունքը Շարժմանն ու ազատությանը։ Ազատության մասին, եթե խոստովանենք, 2008 թ.-ին էլ քչերն էին մտածում։ Այն ժամանակ էականը ռեժիմի իշխանությունից փրկվելն էր։ Այն ժամանակ շատերին թվաց, թե արագ հասնելու ենք բաղձալի արդյունքին, այնքան արագ, ինչքան 1988թ.-ին էր։ Չստացվեց։ Այսօր արդեն գործում է «չստացվածի» գործոնը, այսօր մեզ հետ են մեր քառամյա պատմության զրկանքներն ու պարտությունները և Սերժ Սարգսյանի իշխանության թվացյալ անսասանությունը։ Սա նոր դժվարություն է ստեղծում ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր անկեղծորեն նվիրված են ազատության գաղափարին։ Դժվարություններ են լինելու հենց Հայ ազգային  կոնգրեսի համակիրների համար, որովհետև առաջին հայացքից անհասկանալի պահվածք են դրսևորում որոշ նախկին «կոնգրեսականներ»։ Ինչո՞ւ առաջին հայացքից։ Որովհետև  հիմա Կոնգրեսին «մեղադրանքներ» են ներկայացնում, այսպես ասած, ռադիկալները, այսինքն նրանք, ովքեր արագ փոփոխությունների հույս ունեին, ովքեր պատրաստ չէին երկար, անարյուն մարաթոնի։ Ամենայն հավանականությամբ, 2008 թվականին Շարժմանը միացած քաղաքացիների մի մասն էլ չի հասկանում կատարվածի էությունը։ Սրանք չեն հասկանում, որ Լևոն Տեր- Պետրոսյանն իր համակիրներին երբեք չի տանի արկածախնդրության, որ ՀՀ առաջին նախագահի համար կարևոր է ոչ թե իշխանությունը, այլ պետությունը։ Իսկ ոմանց համար հենց իշխանությունն էր կարևոր։ 

Ուրեմն հասարակության խնդիրը մնացել է նույնը` ազատագրել Հայաստանը, ստեղծել հեռանկարային պետություն, որից չեն փախչի, որը չեն լքի։ Խնդիրը մնացել է, պայմանները փոխվել են։ Ազգային ժողովի ընտրությունն իր բնույթով ավելի բարդ է, քան նախագահականը։ Պղտոր ջրում ձուկ որսացողներն են ավելանում։ Իսկ հասարակությանը թվում է, թե ընտրության մեծ հնարավորություն ունի, այսինքն՝ ընտրվողներն են շատ։

Սովորական խաբկանք է, որովհետև, միևնույն է, ընտրությունը սևի ու սպիտակի միջև է։ Ընդամենը երկու իրական ուժ կա` Հայ ազգային կոնգրեսը և իշխանությունը։ Սա չգիտակցելը տարրական ինքնախաբեություն է, այնպիսի ինքնախաբեություն, ինչպիսին 2008 թվականին ԱԽՔ-ին վստահելն էր։ 

Ընտրությունը մերն է, բայց ընտրության պիտի գնանք` վերաիմաստավորելով մեր քառամյա պայքարը:

Զ. Գաբրիելյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1002 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ