Խորհուրդ տալն անշնորհակալ գործ է: Կրկնակի անհեռատես գործ է խորհուրդ տալ այնպիսի մարդկանց, ովքեր ամբողջ կյանքում ունեցել են տասնյակ խորհրդականներ, բայց մշտապես առաջնորդվել են իրենց կապրիզներով, վախերով ու հետապնդել են միայն մեկ նպատակ՝ օգտագործել իշխանությունը հարստանալու համար:
Բայց այսօր պետական հեղաշրջում նախապատրաստող ուժերի մեջ միայն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն: Կան նաև այլ գործիչներ և ուժեր: Այ հենց իրենց է պետք խորհուրդ տալ՝ որպես հայ մարդկանց: Ձեր բռնած ճանապարհը վնաս է հասցնելու Հայաստանին ու Արցախին, բայց միևնույն է՝ անգամ այդ գնով չեք հաջողելու և ունենալու եք շատ տխուր ճակատագիր:
Գործող իշխանությունն ունի բազում սխալներ, անհետևողական է չափից դուրս, շատ խնդիրներին տալիս է կիսատ-պռատ իրավիճակային լուծումներ: Պանդեմիան ավելացրել է սոցիալ-տնտեսական լարվածությունը և որպես այս ամենի հետևանք՝ գործող իշխանության վարկանիշը առաջվանը չէ: Դա փաստ է, որի հետ վիճելն այնքան էլ օգտակար գործ չէ:
Բայց խռովություն նախապատրաստողները չպետք է ընկնեն էյֆորիայի մեջ, այդ պատկերը խաբուսիկ է խռովությունը հաջողությամբ պսակելու առումով: Մի բան է դժգոհ լինել, մի բան է ստացված ձեռքբերումները գնահատել թերի և ոչ այնքան, որքան նախատեսվում էր, մեկ այլ, լրիվ ուրիշ բան՝ փորձել խլել այն հաջողությունը, որ ժողովուրդը ձեռք է բերել 2018 թվականին՝ 20-ամյա դժվարին պայքարի միջոցով:
Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ վերադարձ անցյալին և ժողովուրդը դուրս կգա փողոց պաշտպանելու ոչ թե Նիկոլ Փաշինյանին կամ մյուս իշխանավորներին, այլ իր ընտրած ճանապարհը, որտեղ իշխանությունը փոխվելու է միմիայն իր ընտրության դեպքում և ոչ թե ինչ-որ պադվալների ու հյուսիսներում գտնվող հրամանատարական շտաբների կամքով:
Խռովություն նախապատրաստողները լավ կանեն մի քանի անգամ դիտեն 1991 թվականի ԳԿՉՊ-ի մամլո-ասուլիսը և դրան հետևած իրադարձությունների քրոնիկոնը: Լավ կանեն նաև 1993 թվականի պալատական հեղաշրջում անելու ռուսական էլիտայի փորձը ևս մեկ անգամ աչքի տակով անցկացնեն: Մարդիկ ամբողջ Խորհրդային միությունում և հետո Ռուսաստանում դուրս եկան փողոց ոչ թե պաշտպանելու Գորբաչովին կամ Ելցինին, այլ դուրս եկան պաշտպանելու ժողովրդավարական ձեռքբերումները, դուրս եկան ասելու, որ այլևս թույլ չեն տա վերադարձ տոտալիտար անցյալին: Եթե, այնուամենայնիվ, խռովարարները լսեն Կևորկովի օգնականին ու մետաքսի գործարանի նախկին պարտկոմին ու փորձեն հեղաշրջման փորձ կատարել, իրենց սպասվում է նույն ճակատագիրը, ինչի արժանացան ԳԿՉՊ-ի լիդերները կամ 1993 թվականի խռովության լիդերները:
Արդեն պատիվ ունենալու վերաբերյալ կան լուրջ կասկածներ, անպայման չէ աներկբա հաստատել, որ չկա անգամ պատիվ ունենալու նշույլ:
Արիս Վաղարշակյան