Եթե այսօր Հայաստանը քիչ թե շատ նորմալ իշխանություն և ընդդիմություն ունենար, ապա երկուսի թիվ մեկ օրակարգը պետք է դառնային գերիները և անհետ կորածները:
Գոնե մեկ ամիս երկու կողմն էլ իր ամբողջ ներուժը պետք է ներդներ, որպեսզի օր առաջ ադրբեջանցիների ճիրաններում հայտնված մեր զինվորները և քաղաքացիական անձինք վերադառնային տուն:
Բայց դրա փոխարեն ունենք իշխանություն, որը ջանք չի խնայում համոզելու, թե իրենք ընդհանրապես մեղք չունեն ստեղծված իրավիճակի համար: Իշխանության ղեկավարից մինչև որոշ պատգամավորներ այնպես են արտահայտվում, որ տպավորություն է ստեղծվում, թե իրենք միայն դե յուրե են իշխանություն, իսկ դե ֆակտո նախկինները դեռ պահպանում են իշխանությունը:
Նույնը վերաբերում է ընդդիմությանը: Այնպիսի շուքով են հանրահավաք կազմակերպում, որ տպավորություն է, թե ինչ-որ բանից շատ ուրախ են, բայց չեն կիսվում հանրության հետ:
Շատ իրավապաշտպաններ, որոնց ամբողջ գործունեությունը պետք է միտված լիներ գերիների ճակատագրին, իրենց մտահոգությունն ու էներգիան ուղղում են 3 ժամով ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների՝ րոպե առաջ ազատ արձակման խնդրին:
Ոմանք հպարտանում էին Հռոմի Պապի հետ իրենց կապերով: Հիմա զոքանչի մահը քաղաքականացնելու փոխարեն ժամանակն է օգտագործել այդ կապերը և հասնել նրան, որ Պապը գերիների հարցով դիմի ադրբեջանցիներին: Դա պատերազմի դադարեցում չէ, որ նրա ուժերից վեր լինի:
Անկախ նրանից՝ պարտվել ենք, թե կապիտուլյացիայի ենթարկվել, այդ տղաները բոլորիս համար են կռվել, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել նրանց համար:
Լայվերը, հանրահավաքները, միջազգային կապերը կամ հացադուլները պետք է նվիրված լինեն գերիների ճակատագրին:
Պաշտոնական Երևանը պետք է հայտարարի, որ չի հեռանա Քարվաճառից մինչև չլուծվի գերիների հարցը: Առանց մեկ կրակոցի հանձնվել է Աղդամը, հիմա հերթն է, որ Ադրբեջանը կատարի իր պարտավորություններից մեկը:
Արդեն 6 օր է, ինչ ունենք նոր արտգործնախարար, բայց գերատեսչության պաշտոնական կայքում չկա հաղորդագրություն, որ Արա Այվազյանը գոնե հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ-ի ղեկավարի հետ: Մինչդեռ դա նրա օրակարգի առաջին խնդիրը պետք է լիներ:
Արիս Վաղարշակյան