Երբ թվում է, թե նախկին իշխանությունների ցինիզմը և մառազմը հասել են չտեսնված բարձունքի, նրանց շարքերից հայտնվում է մեկը, որ ձեռնոց է նետում նախկին ռեկորդներին:
Օրինակ, մեդիա տեռորով զբաղվածները խոսում են մամուլի ազատությունից, մարդու իրավունքները ոտնահարածները՝ մարդու իրավունքների անմխիթար վիճակից, կաշառակերները՝ կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերից, Աշոտյանը և Միքայել Մինասյանը դժգոհում են, որ չեն արդարացել իրենց ակնկալիքները հեղափոխությունից և այլն:
Երեկվա հերոս միանշանակ կարելի է ճանաչել Դավիթ Հարությունյանին: Նա հյուրընկալվել էր մամուլի ազատության պատվար 168.am կայքին և նշում էր, թե կիսանախագահական համակարգը լրջագույն վտանգներ է պարունակում պետության համար: Նա նաև հայտարարում էր, որ դատական իշխանության անկախության խափանումը լրջագույն սպառնալիք է մեր պետության համար:
Կարելի է փաստել, որ գործող իշխանությունը կործանեց ամեն ինչ: Անգամ վունդերկինդները առաջվանը չեն: Ինչպես կարող է այլևս Դավիթ Հարությունյանը համարվել վունդերկինդ, եթե տառապում է սկլեռոզով:
2005 թվականին Սահմանադրական փոփոխությունների հեղինակը հենց Հարությունյանն էր: Այսինքն՝ ինքն է կիսանախագահական համակարգի ներդրման հիմնադիր հայրը: Սա ավելի շատ ինքնախոստովանական ցուցմունք է: Ինքը նպաստել է մի համակարգի ներդրմանը, որը լրջագույն վտանգներ է պարունակում պետության համար: Հարությունյանի արարքը նման է ինքն իրեն հայհոյողի վարքագծին: Հարությունյանը վերջին մարդն է Հայաստանում, որն իրավունք ունի մտավարժանքներ անել դատական իշխանության անկախության խաթարման մասին:
20 տարուց ավել հենց ինքն է «կամասուտրայի» բոլոր հնարավոր տարբերակներով հարաբերվել դատական իշխանության հետ: Իր օրոք են սահմանվել հստակ գները, թե որքան արժի Առաջին ատյանի դատավոր նշանակվելը, որքան վերաքննիչինը և վճռաբեկինը: Առաջին ատյանի դատավորի պաշտոնի գինը սկսվում էր 50 հազար ամերիկյան դոլարից և բարձրանում վերև: Դա կախված էր նշանակման վայրից և նշանակվողի հնարավորություններից: Այդ մասին կա անգամ ՄԻՊ տարեկան զեկույց: Կային անգամ հստակ սահմանված գներ հարկադիր կատարողների համար: Օրինակ՝ բաժնի պետի «սակագինը» սկսվում էր 10 հազար դոլարից:
Դավիթ Հարությունյանի օրոք են տեղի ունեցել Հայաստանի պատմության ամենախայտառակ դատավարությունները՝ սկսած հոկտեմբերի 27-ի դատավարությունից: Եվ հիմա նա բարբաջում է դատական իշխանության անկախության մասին: Ավելի ընդունելի են Ծերեթելի փողոցում աշխատող սոցիալական ցածր պատասխանատվությամբ կանանց խոհերը բարոյականության մասին:
Արիս Վաղարշակյան