Միանշանակ ողջունելի է վարչապետ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու պատրաստակամությունը: Դժվար է նաև նրա հետ չհամաձայնել, որ ընդդիմությունը, ունենալով աննախադեպ ռեսուրսներ, չկարողացավ ժողովրդին հանել փողոց: Եվ դա այն դեպքում, երբ ֆինանսական, ադմինիստրատիվ և մեդիա ռեսուրսներին եկավ գումարվեց այնպիսի հանգամանք, ինչպիսին է պատերազմում կրած պարտությունը: Համաշխարհային պատմության մեջ դժվար թե գտնվի այս աստիճան ապիկար ընդդիմություն:
Բայց Փաշինյանը չպետք է ոգևորվի՝ կարծելով, թե փողոց դուրս չեկածները իր պոտենցիալ դաշնակիցներն են կամ առավել ևս՝ ընտրողները:
Եվ այս առումով չափազանց կարևոր է, որ 2021 թվականի ընտրությունները տեղի ունենան ոչ թե տարվա վերջին, այլ տարվա սկզբին: Ընտրությունների գնալու վերաբերյալ հայտարարությունը չպետք է դառնա փափուկ բարձ կամ ընդդիմության ապիկարության փաստում, այլ հստակ խոստում, որ իշխանությունը հասկանում է՝ 2018 թվականի քաղաքական տրամադրություններն այլևս անցյալում են, նոր իրավիճակ է ստեղծվել և անհրաժեշտ է ֆիքսել նոր քաղաքական խճանկարի պատկերը:
Եթե անգամ ընդդիմությունը, հաշվի առնելով իր տապալումը, նոր տարում ցույցեր և ակցիաներ չանցկացնի, արտահերթ ընտրությունները չպետք է դուրս գան քաղաքական օրակարգի առաջնահերթությունից: Ամենևին բացառված չէ, որ ընդդիմությունը հրաժարվի ակտիվ փողոցային պայքարից՝ սպասելով իշխանության նորանոր տապալումներին:
Արտահերթ ընտրությունների մասին խոստմանը չպետք է սպառնա վեթինգի կամ մեկ այլ տրված, բայց չիրականացրած խոստման ճակատագիրը: Անկախ նրանից՝ ընդդիմադիրները կգան բանակցությունների դաշտ, կընդունեն, թե չեն ընդունի կոնսուլտացիաներ անցկացնելու հրավերը, իշխանությունը շատ արագ պետք է արտահերթ ընտրություններ նախապատրաստի:
Գործող իշխանությունը ունի արդեն էլիտայի կամ պսևդոէլիտայի հետ պայմանավորվելու հետագիծ: Եվս մեկ անգամ դա թույլ տալ չի կարելի: Հետագիծ ասելով՝ նկատի ունենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանությունը չփորձեց դեմոնտաժի ենթարկել այդ էլիտային պատկանող շատ ինստիտուտներ՝ փոխարենը նախընտրելով լեզու գտնել նրանց հետ: Արմեն Սարգսյանի օրինակը դրա լավագույն ապացույցն է:
Արտահերթ ընտրությունները մեր բոլոր խնդիրների լուծման դեղատոմսը չեն: Գուցե ընտրությունների արդյունքում նոր քաղաքական ճգնաժամեր առաջանան, բայց նաև չկա ուրիշ լուծում: Այսօրվա խորհրդարանում առկա համամասնությունը չի արտացոլում հասարակության տրամադրությունները ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության մասով:
Արիս Վաղարշակյան