...

«Խաղաղության դարաշրջանի» ռեբրենդինգը

«Խաղաղության դարաշրջանի» ռեբրենդինգը

Արցախի ամբողջական հայաթափումից հետո Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը», որպես գովազդային կարգախոս, անիմաստ ու անհեթեթ էր հնչում՝ այնպես, ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ից հետո «հաղթելու ենք»-ը, ու շտապ պետք էր գովազդային նոր «սլոգան» հորինել։ Այնպիսի «սլոգան», որն աշխարհի համար ականջահաճո կլիներ, իսկ հայ հասարակության համար կկատարեր մոտավորապես այն դերը, որը կատարում է հազիվ ոտքերը քարշ տվող ավանակի դնչի առջև կախված գազարը։ Եվ ամենահարմարը, պարզվեց, «խաղաղության խաչմերուկն» է։ Առավել ևս, որ որևէ գովազդ առանց վիզուալ բաղադրիչի անիմաստ է, իսկ «խաղաղության դարաշրջանը» գեղարվեստորեն ներկայացնելն այնքան էլ հեշտ չէր․ հո չէի՞ն կարող Բաթումիի կենտրոնում կանգնեցված «Ալի և Նինո» արձանի օրինակով մի արձան էլ Երևանում կանգնեցնել, ասենք՝ «Մուհամեդ և Անահիտ», ու դրա պատկերով խաղաղության դարաշրջանի մասին պատմող բրոշյուր հրատարակել։ Իսկ ահա «խաղաղության խաչմերուկի» դեպքում գովազդի վիզուալ բաղադրիչն ապահովելը հեշտ է։ Բրոշյուրը տպում ես, վրան «ճպպացնում» Հայաստանի քարտեզը՝ ինչ-որ ճանապարհներով ու սլաքներով, և վերջ․ մարդիկ նայում են, մի քիչ դժգոհում, որ Ղարաբաղը չկա, բայց միտքը, որ «էս Նիկոլը ոնց որ թե լավ բան ա ասում, Հայաստանը կարա աշխարհի կենտրոնը դառնա», կամաց-կամաց սկսում է դուր գալ մարդկանց։ Հետո, իհարկե, կպարզվի, որ դա նույնպես փուչիկ էր՝ «հաղթելու ենք»-ի ու «խաղաղության դարաշրջանի» նման, բայց դրա համար ժամանակ կպահանջվի, իսկ Նիկոլի համար կարևորը ժամանակ շահելն է։ Ինչքան երկար մնա իշխանության՝ «իր քյարն է»։

Իսկ ինչո՞ւ է «խաղաղության խաչմերուկն» ի սկզբանե դատապարտված ձախողման։ Որովհետև այդ գաղափարը, այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, մեզանից բացի որևէ մեկին պետք չէ։ Թե ինչու՝ հիմնավորենք կետ առ կետ։ 

Ադրբեջանին և Թուրքիային այդ «խաչմերուկը» պետք չէ, որովհետև այդպիսի խաչմերուկ արդեն կա և Ադրբեջանի տարածքում է։ Իրանը և՛ Ռուսաստանին է միանում Ադրբեջանի տարածքով, և՛ Սև ծովին՝ երկու դեպքում էլ շրջանցելով Հայաստանը, Արևմուտք-Արևելքն էլ անցնում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան գծով՝ էլի շրջանցելով Հայաստանը։ Մեր ճանապարհներն Ադրբեջանին պետք են ընդամենը ավելի արագ Նախիջևան հասնելու համար, բայց դա սկզբունքային հարց չէ, որովհետև Նախիջևանն առանձնապես չի նեղվում շրջափակումից, Ադրբեջանն էլ չի համաձայնվի, որ հանուն այդ հեշտության Հայաստանի շրջափակումը վերանա։ 

Իրանին «հայկական խաչմերուկից» պետք է միայն հյուսիս-հարավ հատվածը, այն էլ՝ ընդամենը որպես պահեստային տարբերակ, որպեսզի Ադրբեջանից կախվածությունը շատ մեծ չլինի։ Մեղրիի երկաթուղու վերագործարկումն Իրանին ընդհանրապես պետք չէ, որովհետև այդ դեպքում «իր քթի տակով» ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ու Իսրայելի դաշնակից Ադրբեջանն ինչ բեռներ ասես տեղափոխելու են։

Վրաստանը «հայկական խաչմերուկի» թերևս ամենամեծ հակառակորդն է, որովհետև այդ երկիրն այսօր Արևմուտք-Արևելք ուղղությամբ մենաշնորհային դիրքերում է և ահռելի եկամուտներ է ստանում։ Եթե Հայաստանի ճանապարհները բացվեն՝ Վրաստանը զրկվելու է և՛ եկամուտների զգալի մասից, և՛ կորցնելու է քաղաքական կշիռը։

Ռուսաստանը հասկանում է, որ եթե «խաղաղության խաչմերուկը» բացվի այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պատկերացնում՝ առանց ռուսական վերահսկողության, հաջորդ քայլով ինքը դուրս է մղվելու տարածաշրջանից։ Հետևաբար՝ Ռուսաստանը կատաղի պայքար է մղելու մեր պատկերացրած «խաղաղության խաչմերուկի» դեմ։

Հիմա՝ հարց․ եթե տարածաշրջանում կան 6 ակտիվ խաղացողներ, ու դրանցից 5-ը դեմ են որևէ (կապ չունի, թե կոնկրետ ինչ) ծրագրի, որքանո՞վ է հավանական, որ այդ ծրագիրը կիրականանա։ Սա, իհարկե, հռետորական հարց է, բայց Նիկոլ Փաշինյանին դա առանձնապես չի էլ հուզում։ Կարևորը՝ որ հասարակությունը մոռանա իր բերած նախորդ աղետներն ու սկսի քննարկել, թե որքան լավը կարող է լինել համարյա քթի տակ ճոճվող գազարը․․․ ներողություն՝ «խաղաղության խաչմերուկը»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   620 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ