...

«Խաղաղության խաչմերուկն» ու «հարբած ռեգուլիրովշչիկը»

«Խաղաղության խաչմերուկն» ու «հարբած ռեգուլիրովշչիկը»

Ադրբեջանը Ջեբրայիլ-Շուշի ճանապարհն անվանում է «հաղթանակի ճանապարհ», իսկ Նիկոլ Փաշինյանը պարտության հետևանքով մեզ պարտադրվող «Զանգեզուրի միջանցքը» փորձում է փաթեթավորել որպես «Խաղաղության խաչմերուկ»։ Նպատակը հասկանալի է․ իբր՝ պարտության և Արցախի կորստյան դիմաց Հայաստանն ինչ-որ բան այնուամենայնիվ ստանալու է ու նույնիսկ կարող է այս իրավիճակից շահած դուրս գալ։

Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պատկերացնում՝ Հայաստանն այս իրավիճակից իսկապես էլ դուրս կգա նվազագույն կորուստներով։ Բայց մեծ քաղաքականությունը «եթեներ» չի հանդուրժում, «Խաղաղության խաչմերուկն» էլ տարածաշրջանի երկրները բոլորովին այլ կերպ են պատկերացնում։ Խնդիրն այն է, որ ցանկացած խաչմերուկ գործում է շատ հստակ կանոններով․ կամ գործում է լուսացույցը, և մեքենաներն իրար չեն խանգարում, կամ՝ եթե լուսացույցը փչացած է, երթևեկությունը կարգավորում է ճանապարհային ոստիկանը։ Մեր դեպքում պատկերը, ցավոք, խայտառակ է։ Խաչմերուկ մտնող ճանապարհներ չկան կամ համարյա չկան, լուսացույցը փչացած է, «կարգավորողն» էլ երթևեկության կանոններից ոչինչ չի հասկանում ու միաժամանակ բոլոր մեքենաներին «հրավիրում է» խաչմերուկ։ 

Հիմա՝ ավելի հանգամանորեն։ Հյուսիս-հարավ ճանապարհի ընդամենը մի չնչին հատվածն է պատրաստ, Երևան-Իջևան-Աղստաֆա երկաթուղին 30 տարի չի գործել ու անմխիթար վիճակում է, Գյումրի-Կարս և Երասխ-Նախիջևան-Մեղրի-Հորադիզ երկաթուղիները՝ նույնպես, այսինքն՝ «խաչմերուկ մտնող» ճանապարհները համարյա պիտանի չեն։ «Լուսացույցը փչացած է», որովհետև մեր տարածաշրջանում միջազգային նորմերը փաստացի չեն գործում։ Ապացույց՝ Արցախի հայաթափումը, Ադրբեջանի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, և այլն։ Նիկոլ Փաշինյանն էլ ուզում է «Խաղաղության խաչմերուկը» կարգավորել մոտավորապես Նյու-Վասյուկիի տեսլականով՝ աջուձախ բոլորին հրավիրում է ու անգամ «սահմանային և մաքսային ընթացակարգերի որոշակի պարզեցում» խոստանում՝ առանց հասկանալու, որ չեն կարող նույն խաչմերուկից հավասարապես օգտվել և՛ Ռուսաստանն ու Իրանը, և՛ ՆԱՏՕ-ական Թուրքիան ու Ադրբեջանը, որովհետև երկու զույգերն էլ փորձելու են «խաչմերուկում» գերիշխող դիրքի հասնել, ու պայքարն այսպես թե այնպես լինելու է ՀՀ տարածքում։ Այսինքն՝ ամեն ինչ ավարտվելու է այնպես, ինչպես սովորաբար լինում է, երբ հարբած «ռեգուլիրովշչիկի» պատճառով մեքենաները բոլոր կողմերից միաժամանակ լցվում են խաչմերուկ, հարվածում իրար, ու սկսվում է մեծ «ռազբորկան», որից առաջ վարորդներից յուրաքանչյուրը, բնականաբար, իր պարտքն է համարում թաթալոշ հասցնել «ռեգուլիրովշչիկին» ու վռնդել խաչմերուկից։

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Հայաստանը չի կարող կարգավորել հարաբերությունները հարևանների հետ՝ այնպես, որ ճանապարհներն իսկապես էլ բացվեն։ Իհարկե չի նշանակում։ Տեսականորեն այդպիսի հնարավորություն կա։ Բայց դրա համար նախ պետք է «խաչմերուկի տերը» հասկանա երթևեկության կանոնները, պարզ ասած՝ Հայաստանին պետք է այնպիսի իշխանություն, որը ոչ թե աջուձախ բոլորին «էստի համեցեք» կկանչի ու ամեն մեկին մյուսից թաքուն արտոնություններ կխոստանա, այլ կկարողանա բալանսավորել տարածաշրջանային պետությունների շահերը, կհասկանա, թե որն է լինելու այն նվազագույն գինը, որը Հայաստանը ստիպված կլինի վճարել՝ խաչմերուկ դառնալու համար, ու կկարողանա սակարկել՝ գիտակցելով իր առաջարկած «ապրանքի» իրական արժեքն ու դրա կարևորությունը տարածաշրջանային երկրների համար։

Հակառակ դեպքում Հայաստանը կդառնա ոչ թե խաչմերուկ, այլ խաչմերուկի կենտրոնում դրված քար, որը բոլորին խանգարում ու անիմաստ «խցանումներ» է ստեղծում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1689 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ