...

Խնամքով մոռացված մանրուքներ

Խնամքով մոռացված մանրուքներ

ՊԱՐՏԱԿՅԱԼ

Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու և Մեղրիով Ադրբեջանին միջանցք տրամադրելու վերաբերյալ տեղեկությունները, պարզվեց, դատարկ խոսակցություններ չէին: Սա շատերին ստիպում է վերադառնալ 1998թ. փետրվարյան իշխանափոխության պատճառներին և փորձել հետադարձ հայացքով հասկանալ, թե ի՞նչ տեղի ունեցավ այն օրերին: 

Այդ օրերի մանրամասների մասին խոսելը մեզանում մի տեսակ ընդունված չէ: Իշխանությունները գերադասում են չանդրադառնալ այդ թեմային, որովհետև ասելու բան առանձնապես չունեն, իսկ ընդդիմությունը գերադասում է լռել, որովհետև ստիպված պիտի լինի անդրադառնալ Վազգեն Սարգսյանին, իսկ հանգուցյալների սխալների մասին խոսելը մեզանում ընդունված չէ: Այնուհանդերձ, փորձենք թարմացնել ընթերցողների հիշողությունը, մանավանդ որ չի սխալվում նա, ով չի գործում, և շատ ավելի կարևոր է հետագայում գիտակցել սխալն ու փորձել շտկել: 

Եվ այսպես, ի՞նչ իրադարձություններ նախորդեցին փետրվարյան իշխանափոխությանը: Տեղի ունեցան բարձրաստիճան զինվորականների նկատմամբ մի քանի մահափորձեր, և իշխող կուսակցությունը՝ ՀՀՇ-ն, հայտարարությամբ պահանջեց ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հրաժարականը: Դրան 1998թ. հունվարի 23-ին հաջորդեց պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հայտնի ասուլիսը: Ահա մի հատված այդ ասուլիսից. «... Հարցրեք Արծրուն Մարգարյանին, թե իրեն ո՞վ նախազգուշացրեց մահափորձի մասին... Հետո հասարակության մեջ տարածեցին, թե մահափորձ է կատարվել Վահրամ Խոռխոռունու վրա... Այս րոպեական, ինչ-որ քաղաքական նպատակներով տարածելով նման հերյուրանքներ՝ հետո ինչպե՞ս ենք դրա տակից դուրս գալու...»: 

Հետո պարզվեց, որ հերյուրանքներ չէին: Իշխանափոխությունից ամիսներ անց սպանվեցին և՛ Արծրուն Մարգարյանը, և՛ Վահրամ Խոռխոռունին: Մինչդեռ Վազգեն Սարգսյանը կարծում էր, թե մահափորձերն իմիտացիա են և մի նպատակ են հետապնդում. «Նախ՝ կազմալուծել, անվստահություն մտցնել ՆԳ համակարգում նախարարի հանդեպ և ապա՝ մեղադրել, որ տեղակալի նկատմամբ մահափորձ էր կատարվել, իսկ նա ոչինչ չի անում: Իսկ մի օրում ի՞նչ պիտի աներ...» (նույն տեղում): Մի օրում՝ ոչինչ: Իսկ մի քանի տարո՞ւմ: 

Այսքանից հետո Վազգեն Սարգսյանը չէր կարող չհասկանալ, որ սխալվել է: Դրա համար էլ դաշինք կնքեց Ռոբերտ Քոչարյանի հիմնական քաղաքական հակառակորդ Կարեն Դեմիրճյանի հետ և խորհրդարանական ընտրություններում փայլուն հաղթանակ տարավ: Բայց Մեղրիի ուրվականն արդեն երևում էր: Վազգենը Մեղրի տվող չէր ու Մեղրի տվողներին հանդուրժող չէր: Շատերն են հիշում նույն ասուլիսում նրա արտասանած վերջին բառերը. «Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի՝ ձեռք եմ բերել հպարտություն: Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա»: 

Հանեցին այդ հպարտությունը, հանեցին այդ գաղափարը: Հանեցին այն օրը, երբ իշխանություններն ազատագրված տարածքները անվանեցին օկուպացված և համեմատեցին օդանավակայանի զուգարանի հետ: Հանեցին, և պարզվեց՝ տակն իսկապես բան չի մնացել: Վարագույր: 

Հրայր Ավետիսյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 200, մայիսի 16, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   6259 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ