Վերջին մի քանի տարվա ընթացքում նախախնամությունը շատ դաժան հումորներ արեց գործող իշխանության և ընդդիմության հետ: Փոխեց տեղերով, բայց ստիպեց, որ միմյանց հասցեին հնչած մեղադրանքները կրկին հնչեն, բայց արդեն նոր իրողությունների լույսի ներքո:
2018-ի գարնանը Սերժ Սարգսյանը և կոմպանիան պնդում էին, որ չի կարելի փողոցի միջոցով գալ իշխանության: Նրանց երկրորդում էր Ռոբերտ Քոչարյանը իր հայտնի՝ իշխանությունը ճամպրուկ չէ, որ հանձնես մեկին խոսքով: Հիմա իրենք են փորձում իշխանության գալ փողոցի միջոցով, չնայած այն հանգամանքին, որ ի տարբերություն 2018 թվականի, փողոց են կարողանում հանել առավելագույնը 2-3 հազար մարդ: Այսինքն՝ հարյուր հազարների պահանջով չի կարելի գալ իշխանության, բայց 2-3 հազարի պահանջով՝ կարելի է:
2018 թվականին այսօրվա իշխանությունը ասում էր, որ շատ նորմալ է՝ ունենալ փոքրամասնության կառավարություն: Այսինքն՝ կառավարություն, որը չունի մեծամասնություն խորհրդարանում: Այսօր հայտարարում են, թե 17-ի առաջադրված թեկնածուն չի կարող դառնալ վարչապետ, քանի որ չունի մեծամասնություն խորհրդարանում:
2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ոչ մի դեպքում չի կարելի գործողների օրոք գնալ արտահերթ ընտրությունների, հիմա նույնը ասում են ընդդիմադիրները:
2016 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր դավաճանության մեջ, իբր վերջինս կյանքի է կոչում Լավրովյան ծրագիրը: Նույն ընդդմությունը, որ այժմ իշխանություն է, մեղադրում էր այն ժամանակվա իշխանությանը Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական հակագրոհը կասեցնելու և Ռուսաստանի դիկտատը կատարելու մեջ:
Ներկա ընդդիմությունը գործող իշխանությանը մեղադրում է Ջաբրայիլի հակահարձակումը լավ չկազմակերպելու և ըստ էության՝ այն վիժեցնելու մեջ:
Երկուսն էլ իրար կոռուպցիայի մեջ մեղադրելու ամենալավ կռվանը համարում են առանց մրցույթի մեկից գնումներ անելու պրակտիկան:
Երկուսի դեպքում էլ ամենացպահանջ թիրախները ընտանիքի անդամներն են: Նախկինում՝ Սաշիկը և Միշիկը, հիմա՝ Սիփանն ու Հրաչը:
Մի խոսքով՝ իշխանություն ու ընդդիմություն չեն, այլ խորթ եղբայրներ: Սրանց պատմությունը կարելի է հանձնել հնդկական կամ թուրքական որևէ կինոստուդիայի, հաստատ ընտիր սերիալ կնկարահանեն և վերջում կպարզվի, որ մի հորից, բայց տարբեր մայրերից են:
Արիս Վաղարշակյան