...

Ընդամենը 2 փաստ՝ Ռուբեն Հայրապետյանի և ոչ միայն նրա մասին

Ընդամենը 2 փաստ՝ Ռուբեն Հայրապետյանի և ոչ միայն նրա մասին

Երեկ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ևս մեկ աղմկահարույց հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին: Լիովին մտնում ենք հարցազրույցը վարող լրագրողի դրության մեջ, որը չգիտեր հայացքը որտեղ թաքցներ Ռուբեն Հայրապետյանի հայհոյանքներից: 

Անկեղծ ասած, մենք էլ մի պահ ամաչեցինք, որ Ռուբեն Հայրապետյանի մասին ոչ այնքան դրական կարծիք ունեինք: Նրա հարցազրույցից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ հայկական ֆուտբոլը աննախադեպ բարձունքների է բարձրացրել, չափազանց բարձր պահել Հայաստանի ու հայկական դրոշի պատիվը աշխարհում, խիստ հայրենասեր է, ազգի մասին մտածող, թասիբով, նամուսով: 

Հայհոյանքների, վիրավորական արտահայտությունների մասերը հանում ենք: Միայն ֆուտբոլից ենք խոսում: 
Այսօր Հայաստանում արդեն նոր սերունդ է ձևավորվել, որի մի մասը կարող է տեղյակ չլինել, թե ինչպիսի բարքեր էին տիրում Քոչարյան-Սարգսյան զույգի պաշտոնավարման տարիներին Հայաստանում, մասնավորապես՝ ֆուտբոլում:

Ընդամենը 2 փաստ ենք ներկայացնում ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանի ֆուտբոլային կենսագրությունից:

Փաստ N1. 

2006 թվականի հունվարին ԱՊՀ չեմպիոնների գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ աննախադեպ բան. կիսաեզրափակիչ հանդիպումը՝ Բաքվի «Նևթչիի» և Երևանի «Փյունիկի» միջև, չկայացավ: Հայկական թիմը հրաժարվեց խաղալ: Կարճ ասած՝ փախուստի դիմեց: Բնականաբար, այս խայտառակությունը չէր կարող լինել առանց «Փյունիկի» նախագահ և սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի իմացության և հավանության: 

«Փյունիկի» ղեկավարության քայլի պաշտոնական բացատրությունն այն էր, որ մրցաշարի կազմկոմիտեն հայաստանցի ֆուտբոլիստների անվտանգությունը ապահովող անհրաժեշտ երաշխիքներ չէր տվել: 2005 թվականին, այսինքն՝ այս սկանդալից մեկ տարի առաջ, նույն մրցաշարում «Նևթչին» ու «Փյունիկը» արդեն հանդիպել էին, խաղն ավարտվել էր ադրբեջանական թիմի հաղթանակով՝ 2:0, խաղի ժամանակ էլ միջադեպեր էին գրանցվել հայ և ադրբեջանցի երկրպագուների միջև, ու «Փյունիկը» նաև դրանով էր բացատրել իր փախուստը. որ կարող է բախումներ լինեն, ադրբեջանցիները սպառնում են, իրավիճակը լարված է և այլն:

Բայց իրականությունը հասկանալի էր. «Փյունիկը» մի անգամ արդեն պարտվել էր «Նևթչիին», Ռուբեն Հայրապետյանը մտածել էր, որ երկրորդ անգամ պարտվելն ավելի խայտառակ բան է, քան՝ խաղից խուսափելը, ու այդպես «Փյունիկը» փախավ Երևան: Մանավանդ, որ մրցաշարի կազմկոմիտեն պաշտոնապես հայտարարել էր, որ «Փյունիկ» - «Նևթչի» հանդիպման ժամանակ անվտանգությունը ապահովելու է 1500 ոստիկան, մրցակից թիմերի երկրպագուներին տարբեր տրիբունաներում էին նստեցնելու, որ իրարից հեռու լինեին: Այսինքն, անվտանգության խնդիր չէր կարող լինել:

Սա շատ ամոթալի իրադարձություն էր, որը մինչև հիմա ադրբեջանցիները ծաղրանքով հիշեցնում են: Եթե նույնիսկ համարենք, որ «Նևթչիի» հետ կենաց-մահու խաղ էր լինելու, ապա ստացվում է, որ Ռուբեն Հայրապետյանը մարտից դաշտից զորքը փախցրել էր: Փոխանակ թիմին հավաքեր, ասեր, մտեք դաշտ, սա մեր արժանապատվության հարցն է, դուխով, իր այդ «գողական զամաշկեքով» տղաներին ոգևորեր, փախցրել է թիմը: 

Կամ՝ Ռուբեն Հայրապետյանը միշտ ի ցույց է դնում իր հզոր շրջապատը, իր կապերը, որ լավ ընկերներ ունի ամեն տեղ: Կարող էր մոսկվաբնակ հայ գործարարների, հայտնի դեմքերի, թեկուզ՝ հեղինակությունների դիմել, ասել՝ մի 1500-2000 հայ է պետք, գան «Փյունիկի» խաղին, համ երկրպագեն, համ էլ, եթե հանկարծ խնդիր լինի, ադրբեջանցիներին անհրաժեշտ պատասխան տան: 

Եվ վերջապես. այն ժամանակ երկիրը ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս ամեն նախադասության մեջ գոնե երկու անգամ Պուտինի անունն է տալիս: Թե մոտիկ էինք, քիփ էինք, դաշնակիցներ և այլն... դե թող զանգեր Պուտինին, ասեր, սենց հարց կա, խնդրում եմ, ասա, այդտեղ ամեն ինչ հստակ լինի, ոստիկան, սպեցնազ, ուղարկի, բանը կռիվների չհասնի: Երկրի հեղինակության հարց է: Չի եղել նման բան: Եվ չէր էլ կարող: Որովհետև Քոչարյանը Պուտինին զանգում էր միայն այն դեպքում, երբ Հայաստանի հերթական կարևոր օբյեկտը պիտի հանձներ:

Փաստ N2.

«Փյունիկի» փախուստից 2 տարի անց՝ 2008 թվականին, նույնքան ամոթալի բան տեղի ունեցավ Հայաստանում: Չգիտենք, թե որն է ավելի խայտառակ: 

2008 թվականի հունիսին Սերժ Սարգսյանը՝ Մոսկվայում ռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հրավիրեց Երևան` միասին դիտելու 2010 թվականի աշխարհի ֆուտբոլի առաջնության որակավորման փուլում Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: Որ ասում են՝ ֆուտբոլային դիվանագիտություն, այդ արտահայտությունն այստեղից է եկել: Արևմուտքի օրհնությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսություն էր սկսվել, խոսվում էր նաև ժամանակի ընթացքում սահմանների բացման մասին, Ցեղասպանության հարցը ուսումնասիրող հանձնաժողով պիտի ստեղծվեր և ակնկալվում էր, որ Գյուլին Երևան հրավիրելը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Թուրքական կողմն ընդունեց Սերժ Սարգսյանի առաջարկն ու 2008թ. սեպտեմբերի 6-ի կեսօրին Աբդուլլահ Գյուլը ժամանեց Երևան և ներկա գտնվեց Հայաստան-Թուրքիա հանդիպմանը: Բայց... թուրքերը մի պայման էին դրել հայկական կողմի առջև. որ Արարատ լեռան պատկերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանի վրայից պետք է հանվեր, Թուրքիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի մարզաշապիկների վրա էլ Արարատ լեռան պատկերը չպիտի լիներ, ինչպես՝ միշտ է եղել: Թուրքերի պահանջը հասկանալի էր. իրենք ասում էին, որ Արարատ լեռը իրենց տարածքում է գտնվում, իրենցն է և չեն ցանկանում այլ երկրի հավաքականի մարզաշապիկի վրա այն տեսնել: Չէ, ուրեմն՝ Գյուլը չի գա:

Ու Ռուբեն Հայրապետյանը թուրքական կողմի պահանջները կատարեց: Դա նորագույն Հայաստանի պատմության մեջ միակ դեպքն է եղել, երբ Հայաստանի հավաքականը խաղադաշտ է մտել առանց Արարատ լեռան պատկերով մարզաշապիկների: Պարզ է, որ Ռ. Հայրապետյանը Սերժ Սարգսյանի կարգադրությունն է կատարել, բայց կներեք. բա էլ ո՞ւր մնաց նամուս, թասիբ, պատիվ, արժանապատվություն, ես սենց տղա եմ, ես նենց տղա եմ, վախեցողը չեմ, ազգային եմ, հայրենասեր եմ... և այս կարգի արտահայտությունները, որոնցով Ռուբեն Հայրապետյանը մշտապես հեղեղում է եթերները: Լուռ ու մունջ կատարել է թուրքերի պահանջը: Նժդեհական կուսակցության ներկայացուցիչը: Ոչ թե Արմեն Մելիքբեկյանն է արել դա, կամ՝ սորոսականները, կամ՝ Խաչատուր Սուքիասյանը. Խորեն Հովհաննիսյանը, այլ՝ Ռուբեն Հայրապետյանը: Նման բան հիմա լիներ, Դաշնակցությունը օրը 25 ժամ ռեժիմով նստացույց կաներ, մի երկու հոգու էլ կհրամայեր ինքնահրկիզվել՝ որպես բողոքի նշան:

Ախր եթերում սրա-նրա կոշիկների ներբաններից խոսելու փոխարեն սրանք պետք է հիշեցնել՝ որպես հայրենասիրության օրինակներ: Ադրբեջանցիների հետ խաղից փախչել, թուրքերի պահանջները կատարել: Շատ, շատ ազգային քայլեր էին:

Իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլային դիվանագիտությանը, Գյուլը եկավ, գնաց, Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ ինքն էլ Թուրքիա-Հայաստան խաղին կգնա, բայց՝ Թուրքիայի հետ բաց սահմանով, Ղարսով:
Հետո իսկական մղձավանջ եղավ: Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրվեցին, Էդվարդ Նալբանդյանի թշերը քաշքշեցին, Հայոց Ցեղասպանության հարցը դարձավ մանրադրամ, Թուրքիան հասավ իր ուզածին, որից հետո ասաց՝ առը՛ հա, թե սահմանս կբացեմ, գնա Ղարաբաղի հարցը լուծի, հետո կխոսենք: Միայն դրանից հետո  Սերժ Սարգսյանը հասկացավ, որ մինչև քոքը իրենց խաբել են, քցել են, շատ նեղվեց, բայց մեկ է՝ գնաց Թուրքիա-Հայաստան հանդիպումը դիտելու. ինքնաթիռով, քանի որ սահմանը փակ էր, թեպետ խոստացել էր, որ միայն բաց սահմանով է գնալու: Այդպես նվաստացած գնաց Թուրքիա, մի երկու հատ հաջող լուսանկարվեց Գյուլի հետ, իսկ հետո՝ 2010թ. ապրիլին, հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը սառեցնելու մասին: 

Հ.Գ. Այսօր Շարմազանովն էր մեյդան ընկել, թե՝ բա Սերժի վախտ այսպե՞ս էր, նա իմաստուն արտաքին քաղաքականություն էր վարում, Ալիևը պայթում էր իրենից, Սերժը հեղինակություն էր... տարեք, մի հատ այս արձանագրությունների ու Արարատ լեռան պատմությունը... չասենք, ինչ արեք: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2906 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ